Լրահոս

26.04.2013 15:47


ԱԺ փոխնախագահն ընդունել է ՄԹ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության պետին

ԱԺ փոխնախագահն ընդունել է ՄԹ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության պետին

Ապրիլի 26-ին Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի վարչության պետ Քոլին Ռոբերթսին:

ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյայի հետ զրույցում կարեւորվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երկրորդ պաշտոնավարման ընթացքում Հայաստանի համար կարեւոր ուղղությունները:

ԱԺ փոխնախագահը տեղեկացրեց, որ անցած հինգ տարիների ընթացքում իշխանության հիմնական ջանքերն ուղղված են եղել քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը, երկրում հանդուրժողականության մեծացմանը եւ բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավմանը: Հերմինե Նաղդալյանը նկատեց, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը եւս մեծ վնասներ է հասցրել Հայաստանին: Նշվեց, որ գալիք տարիներին իշխանության ջանքներն ուղղվելու են տնտեսական աճի բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, արտագաղթի վերացմանը եւ այլ ոլորտների:

Անդրադառնալով երկու երկրների միջեւ կապերին՝ ԱԺ փոխնախագահը նկատեց, որ վերջին շրջանում Միացյալ Թագավորության հետ հարաբերությունները նոր թափ են ստացել, ինչի մասին վկայում են ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի, ՀՀ ԱԳ նախարարի եւ բրիտանական կողմից բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցերը:

Հերմինե Նաղդալյանը նշեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ԵՄ անդամ երկրների հետ հարաբերությունների զարգացմանը: Ըստ փոխնախագահի՝ ԵՄ Արեւելյան գործընկերության նախաձեռնությունը լայն շրջանակ է բացում երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով համագործակցության զարգացման համար:

«Հայաստանի իշխանությունները բարձր են գնահատում Միացյալ Թագավորության կառավարության աջակցությունը Հայաստանում ընթացող տնտեսական եւ ժողովրդական բարեփոխումներին»,-ասաց ԱԺ փոխնախագահը:

Խոսելով Հայաստանի տնտեսական առաջընթացից՝ Հերմինե Նաղդալյանը կարեւորեց բրիտանական ընկերությունների կողմից իրականացվող մի շարք ծրագրերի իրագործումը Հայաստանում եւ իր երախտագիտությունը հայտնեց բազմաթիվ ոլորտներում բրիտանական աջակցության համար: Նշվեց, որ Հայաստանում մեծ հեղինակություն է վայելում հատկապես «Բրիտանական խորհուրդը»՝ իրականացնելով կրթական եւ մշակութային ծրագրեր: ԱԺ փոխնախագահը կարեւոր համարեց նաեւ քաղաքական դաշտում կանանց ակտիվության ապահովման գործում խորհրդի ցուցաբերած աջակցությունը:

Կողմերը կարեւորեցին նաեւ համագործակցությունը Եվրոպական Միության հետ հարաբերությունների ձեւաչափում: Բրիտանացի պաշտոնյան կարեւորեց Վիլնյուսի գագաթաժողովին ընդառաջ Հայաստանի կողմից կատարվելիք քայլերը եւ պատրաստակամություն հայտնեց աջակցելու Հայաստանին այդ գործընթացներում: 

Այս խորագրի վերջին նյութերը