Քաղաքական

05.05.2026 15:14


Ռուսաստանը մինչև հունիսի 7-ը կսպասի, ապա կսկսվեն սանկցիաները. քաղաքագետը զգուշացնում է

Ռուսաստանը մինչև հունիսի 7-ը կսպասի, ապա կսկսվեն սանկցիաները. քաղաքագետը զգուշացնում է

Երևանում երեկ կայացած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տարբեր գնահատականների արժանացավ։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան այն բնութագրեց որպես «պատմական»՝ ընդգծելով, որ հանդիպումը նպաստել է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների բարելավմանը, տնտեսական համագործակցությանը և աշխատատեղերի ստեղծման հնարավորություններին։ Նրա խոսքով՝ Եվրոպան պատրաստ է աջակցել, որպեսզի այդ գործընթացները դառնան իրականություն։

Սակայն քաղաքագետ, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանը MediaHub-ի հետ զրույցում այլ կարծիք հայտնեց։ Նրա գնահատմամբ՝ միջոցառումը չի կարելի պատմական անվանել։

«Ծիծաղելի է այն պատմական անվանելը, որովհետև այդ միջոցառումը պլանավորված էր։ Կառույցը որոշում է կայացրել տարեկան երկու նստաշրջան անցկացնել՝ մեկը ԵՄ անդամ երկրում աշնանը, մյուսը՝ ոչ ԵՄ անդամ երկրում գարնանը։ Հայաստանը հերթում էր 2027 կամ 2028 թվականին, պարզապես որոշել են ավելի շուտ անցկացնել Նիկոլ Փաշինյանին աջակցելու համար։ Այստեղ պատմական ոչ մի բան չկա»,– նշեց քաղաքագետը։

Գագաթնաժողովին չմասնակցեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ալիևը մասնակցեց հեռավար ձևաչափով՝ հայտարարելով, որ վերջին ամիսներին Հայաստանը և Ադրբեջանը «սովորում են խաղաղությանը»։ Միևնույն ժամանակ, ըստ պաշտոնական հայտարարությունների, նախաստորագրվել է խաղաղության տեքստ, որի գործընթացում որպես վկա հանդես է եկել Դոնալդ Թրամփը։

Գործնական հարթությունում արդեն արձանագրվել են որոշ զարգացումներ․ Ադրբեջանը միակողմանիորեն վերացրել է տարանցման սահմանափակումները, ինչի արդյունքում մի քանի հազար տոննա բեռ հասել է Հայաստան Ադրբեջանի տարածքով։

Բացի այդ, սկսվել են բենզինի և դիզելային վառելիքի մատակարարումներ, ինչը դիտվում է որպես համագործակցության հիմք ստեղծող քայլ։

Այնուամենայնիվ, Երվանդ Բոզոյանն անդրադարձավ նաև Ալիևի և Էրդողանի բացակայությանը: «Ալիևը չեկավ, որովհետև հայտարարեց, որ խաղաղության պայմանագիրը դեռ պատրաստ չէ։ Երբ այն կնքվի, այդ ժամանակ կգա։ Փաշինյանն էլ ենթադրում է, որ արդեն պետք է ընտրված լինի և պայմանագիրը կնքված լինի, և այդ հիմքով ասում է, որ 2028 թվականին պետք է գնա Ադրբեջան։ Էրդողանն էլ չեկավ, որովհետև հայտարարում է, որ դիվանագիտական հարաբերություններ չունի Հայաստանի հետ, ուստի ուղարկել է փոխվարչապետին»,– ասաց քաղաքագետը։

Ալիևն իր ելույթում նաև քննադատեց եվրոպական կառույցներին՝ ընդգծելով, որ տարբեր ինստիտուտներ տարբեր քաղաքականություն են վարում։

«Երբ ասում են Եվրոխորհրդարան, Եվրամիություն, Եվրահանձնաժողով, Հայաստանում հաճախ նույն կերպ են ընկալում։ Բայց Եվրահանձնաժողովը միշտ իրականացրել է պրոադրբեջանական քաղաքականություն, որովհետև գազ ու նավթ է ստանում Ադրբեջանից։ Իսկ Եվրոխորհրդարանը ավելի շատ քաղաքական հարթակ է, որտեղ հաճախ ընդունվում են պրոհայկական հայտարարություններ, բայց դրանք գործնական արժեք չունեն»,– նշեց քաղաքագետը։

Գագաթնաժողովի շրջանակում մեծ ուշադրություն գրավեց նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի այցը։ Նա ընդգծեց, որ սա առաջին դեպքն է 24 տարվա ընթացքում, երբ Ուկրաինայի նախագահը այցելում է Հայաստան՝ դա դիտարկելով որպես միասնականության կարևոր ցուցիչ։ Զելենսկին նաև կոչ արեց շարունակել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականությունը։

Այս այցին արձագանքեց Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ քննադատական հայտարարություններով։ Քաղաքագետի կարծիքով՝ Ռուսաստանի արձագանքը կախված կլինի Հայաստանի ներքաղաքական զարգացումներից

«Ռուսաստանը հիմա սպասում է հունիսի 7-ի ընտրություններին, և եթե արդյունքում Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, մենք կտեսնենք, թե ինչ է անելու Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ։ Քանի որ Հայաստանի աշխարհագրական դիրքը այնպիսին է, որ վեր-վեր թռչել, մեծ-մեծ խոսել և միաժամանակ էժան գազ ու հացահատիկ ստանալ հնարավոր չէ։ Ռուսները հիմա չեն ուզում ազդել հայ ժողովրդի վրա, սպասում են, թե հունիսին ինչ ընտրություն կկատարի հայ ժողովուրդը։ Եթե ընտրեց Նիկոլ Փաշինյանին, ապա շատ կարճ ժամանակում մենք կտեսնենք, թե ինչ հետևանքներ կլինեն հայ ժողովրդի համար, և այն պատժամիջոցները, որոնք լինելու են Ռուսաստանի կողմից, դրանց 10 տոկոսը չի կարողանալու կոմպենսացնել Եվրոպան, քանի որ գազ չի կարող տալ Հայաստանին. ինքն է գազ ստանում ուրիշ տեղերից։ Եվ միակ տարբերակը գազ ստանալու՝ Ադրբեջանն է, իսկ եթե Ադրբեջանը տեսնի, որ ինքը կախվածության մեջ է գցել Հայաստանին, հինգ րոպեում իր մեծ պահանջները կդնի Հայաստանի առջև, և հարցը կփակվի գեղական կարգով»,–եզրափակեց խոսքը Երվանդ Բոզոյանը։

Այս խորագրի վերջին նյութերը