Մեկնաբանություն

14.03.2013 11:44


Ալվարդ և Շուշան. սերժության մեծական հիվանդությունները

Ալվարդ և Շուշան. սերժության մեծական հիվանդությունները

Գրող Ալվարդ Պետրոսյանը և երգչուհի Շուշան Պետրոսյանն ազգականներ են։ Ավելի կոնկրետ՝ Ալվարդը Շուշանի հորաքույրն է։ Ըստ տարածված տեղեկությունների՝ Ալվարդն ու Շուշանը միմյանց տանել չեն կարողանում։ Ավելին՝ անցած տարի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում ստեղծված իրավիճակը գնահատելիս՝ Շուշանը Ալվարդի ընտանիքը համեմատել է թուրքմենբաշու ընտանիքի հետ (տե՛ս http://news.am/arm/news/128930.html

Մի խոսքով՝ տաղանդավոր գրողն ու ոչ պակաս տաղանդավոր երգչուհին, մեղմ ասած, իրար հետ չունեն։ Նրանց հիմա միայն 2 բան է միավորում՝ ազգանունը և Սերժ Սարգսյանը։ Ազգանունը նրանք չեն ընտրել ու ստիպված են այդ միավորող բանը հանդուրժել մինչև կյանքի վերջը, իսկ ահա Սերժին նրանք ընտրել են։ Ասել է թե՝ որքան չեն սիրում հորաքույրն ու զարմուհին միմյանց, նույնքան նվիրված են ՀՀԿ ղեկավարին՝ ոչ առանց շահի, իհարկե։

Հետաքրքրական է, որ Շուշանը ուսումնարանի թեմայով իր հորաքրոջ ընտանիքը համեմատում է թուրքմենբաշու ընտանիքի հետ, սակայն դարձել է մի կուսակցության անդամ, որի ղեկավարը ձգտում է հայկական թուրքմենբաշի դառնալ և ժառանգական դարձնել իշխանությունը՝ «Հորից» փեսա» տարբերակով։ Ինչևէ։

Սերժին պաշտպանելու համար Ալվարդն ու Շուշանը նույն գնահատականին են արժանացել հանրության մեծ մասի և տարբեր գնահատականների՝ կուսակիցների կողմից։ Եթե Սերժին ընտրելու համար վերջերս ՀՀԿ–ական դարձած Շուշանին իր կուսակից ընկերները գոնե առերևույթ պաշտպանում են, ապա նույն բանի համար դեռևս նախորդ դարում ՀՅԴ–ի շարքերն անցած Ալվարդին իր կուսակից ընկերները գոնե առերևույթ ուզում են պատժել։  Նկատենք, սակայն, որ և՛ ՀՀԿ–ում, և՛ ՀՅԴ–ում անկեղծության և հետևողականության պակաս կա։

Շուշանին պաշտպանող ՀՀԿ–ականների մեծ մասը դա անում է ոչ թե կամ ոչ այնքան երգչուհի կուսընկերոջ հանդեպ ունեցած հարգանքից ելնելով, այլ Սերժին հերթական անգամ քծնելու պատեհ առիթը բաց չթողնելու նպատակով։

Ինչ վերաբերում է շրջանառվող այն լուրերին, ըստ որի՝ ՀՅԴ–ում կարող են կարգապահական պատասխանատվության ենթարկել Ալվարդ Պետրոսյանին այն բանի համար, որ նա շեղվել է կուսակցության որոշումից՝ չսատարել իշխանության թեկնածուին, ապա պետք է նկատել, որ այստեղ էլ ֆալշ կա։

Այո՛, ՀՅԴ–ն որոշեց նախագահական ընտրություններում թեկնածու չառաջադրել, կոչ արեց մասնակցել ընտրություններին և հորդորեց որևէ պարագայում ձայն չտալ իշխանության թեկնածուին, այսինքն՝ Սերժ Սարգսյանին։ Հիմա եթե ՀՅԴ–ում ուզում են պատժել Սերժի կողմն անցած դաշնակցականի (տվյալ դեպքում՝ Ալվարդին), ապա պետք է հետևողականություն ցուցաբերեն և միայն սլաքավարներով չբավարարվեն։  ՀՅԴ–ում Սերժ Սարգսյանին շատ ավելի ֆունդամենտալ ծառայություններ մատուցած մարդ կա, և այդ մարդը բյուրոյում է։

Իհարկե լավ է, որ տոկս «խփող» Սերժին պաշտպանելու համար Դաշնակցությունում որոշել են պատժել իրենց ընկերուհուն, բայց վատ է, որ նախագահական ընտրություններից առաջ «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ձևաչափը փլուզելու համար ճիգ գործադրած ու ՀՅԴ առաջարկած 7 կետերն առևտրի առարկա դարձրած մարդու մասով հին ընկերները լռում են։ Եթե պատժվելու է Ալվարդը, ապա պետք է պատժվի նաև Սերժի հետ «երկխոսած» բարձրաստիճան դաշնակցականը։

Ամփոփելով Ալվարդի ու Շուշանի՝ բաժանվող ու հատվող ուղիների թեման՝ պետք է արձանագրել, որ երկուսն էլ մշակույթի ոլորտից մտան քաղաքականություն, ինչի հետևանքով գրականությունն ու երգարվեստը կորուստներ ունեցան, իսկ քաղաքական դաշտը ոչինչ չշահեց։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը