Մեկնաբանություն

29.12.2023 17:45


Արցախի հարցը փակվա՞ծ է, թե՞ ոչ. ի՞նչ է լինելու Շահրամանյանի որոշման հետ

Արցախի հարցը փակվա՞ծ է, թե՞ ոչ. ի՞նչ է լինելու Շահրամանյանի որոշման հետ

Ալիևն ու Փաշինյանն՝ ընդդեմ Հայաստանի ու Արցախի

Ալիևը, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները պնդում են, որ Արցախի հարցը փակված է:

Ալիևն ու Նիկոլն Արցախը համարում են ադրբեջանական: Նիկոլը հայտարարում է, որ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու դիմաց ակնկալում են ՀՀ 29.800 քառակուսի կիլոմետրանոց «կադաստրի թուղթ» Ալիևից: Վերջինիս մոտ ախորժակը բացվել է ուտելիս. Արցախը ստացել է ու անցել «Արևմտյան Ադրբեջանին»:

Նիկոլն ու իր թիմակիցները վախեցնում են ՀՀ քաղաքացիներին, թե բա՝ եթե Արցախն ադրբեջանական չճանաչենք, ապա պատերազմ կլինի: Նաև խաբում են, թե, իբր, Արցախն ադրբեջանական համարելը խաղաղություն է բերելու Հայաստանին: Ալիևը նման բան չի խոստանում: Ադրբեջանն այս փուլում հայկական 8 գյուղ է պահանջում ՀՀ-ից: Նաև՝ Սյունիքով անխոչընդոտ ու անմաքս ճանապարհ, որը միջանցքն է:

Նիկոլենք խաբում են, թե, իբր, միջանցքի հարց չկա:

Արցախի ճակատագիրը

Արցախի հարցը փակված համարելը նիկոլենք գցում են Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի վրա: Ասում են՝ ինքն է Արցախի Հանրապետությունը լուծարող հրամանագիր ստորագրել: Ճշմարտությունն այն է, որ Նիկո՛լն է Արցախի Հանրապետությունը լուծարել՝ 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչելով Արցախի մաս: Դրանով իսկ նա պետական հանցագործություն է կատարել՝ խախտելով ՀՀ Անկախության հռչակագիրը, Սահմանադրությունը, ՀՀ ԳԽ որոշումը (պատահական չէ, որ Ալիևը սահմանադրական փոփոխություններ իրականացնելու պահանջ է դրել Նիկոլի առաջ. Նիկոլն էլ իր հերթին քարոզչական նախապատրաստություն է իրականացնում այդ հարցով): Ինչևէ:

Շահրամանյանի հրամանագիրը ոչ մեկ չի տեսել:

Շատերը պնդում են, որ Արցախը մեկ մարդու, թեկուզև՝ նախագահի հրամանագրով չի կարող լուծարվել որպես հանրապետություն, քանզի այն ստեղծվել է ժողովրդի միջոցով՝ հանրաքվեով:

Այո՛, ճի՛շտ է, Արցախը չի կարող լուծարվել մեկ մարդու հրամանագրով:

Կա պահանջ Շահրամանյանից, որ ինչպես ստորագրել է այդ հրամանագիրը, այնպես էլ պետք է հրամանագիր ստորագրի ու չեղարկի այդ չարաբաստիկ հրամանագիրը: Ինչպես լուծարման հրամանագիրը ոչ մեկ չի տեսել, այնպես էլ կարող է չտեսնել այդ հրամանագիրը չեղարկելու հրամանագիրը, բայց գոնե հետագայում հիմք կլինի պնդելու, որ Արցախի հարցը փակված չէ:

Նիկոլենք ճնշում են Շահրամանյանին, որ վերջինս չհարաժարվի Արցախը լուծարելու որոշումից: Ասում են՝ եթե նա այդպիսի բան անի, ապա պատճառ կդառնա պատերազմի: Բացի այդ՝ Ադրբեջանն է շանտաժ անում, որ դրանից հետո Բաքվում գտնվող հայ պատանդները, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները հավերժ կփտեն բանտում:

Նկատենք, որ եթե այդ սպառնալիքների տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա վաղը պետք է Երևանն էլ հանձնենք Բաքվին, քանզի Ալիևը միշտ էլ կարող է սպառնալ, որ հակառակ դեպքում պատերազմ կսկսի ու հավերժ կպահի հայ պատանդներին: Այդպես մենք կհասնենք ՀՀ-ի լուծարմանը:

Ո՞րն է լուծումը

ՀՀ իշխանություններն իրավունք չունեն հայտարարելու, որ Արցախի հարցը փակված է: Պարզ է, որ հնարավոր չէ այսօր հասնել Արցախի վերադարձմանը, բայց Արցախի ու արցախահայության հարցերը փակված համարելը կատաստրոֆիկ սխալ է: Դա կբերի նոր պատերազմի ու, ի վերջո, կարող է հանգեցնել ՀՀ լուծարմանը: Պետք է, հետևաբար, ներդնել բոլոր դիվանագիտական ջանքերը, աշխատել աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների հետ, Ադրբեջանի ախորժակը զսպելու համար դաշնակիցներ գտնել:

Պետք է աշխատել միջազգային ասպարեզում: Առնվազն պետք է դնել արցախահայության հումանիտար խնդիրների հարցը, նախկին ԼՂԻՄ հարցը, միջազգային ամուր երաշխիքներով արցախահության վերադարձի ապահովման խնդիրները, նրանց գույքային իրավունքների պաշտպանության հարցերը: Նիկոլ Փաշինյանի իշխանության պարագայում այս ամենը հնարավոր չէ, քանզի նա լրիվ հակառակ գծի մեջ է: «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»-ից նա անցել է «Արցախն Ադրբեջանն է, և վե՛րջ» հակահայկական կարգախոսին:

Հայաստանի ու Արցախի անվտանգությունն ու մեր երկրի իրական խաղաղությունն ապահովված կլինի Հայաստանում նոր՝ ազգային իշխանության առկայության դեպքում միայն:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը