Մեկնաբանություն

15.08.2023 17:15


Լանջիկի մոտ եղած ողբերգական վթարը՝ որպես ընդհանուր «բարդակի» և Փաշինյանի իշխանության մահաբերության դրսևորում

Լանջիկի մոտ եղած ողբերգական վթարը՝ որպես ընդհանուր «բարդակի» և Փաշինյանի իշխանության մահաբերության դրսևորում

Նախօրեին, Գյումրի-Երևան ավտոճանապարհին, Լանջիկ գյուղի մոտ, ինչպես հայտնի է, տեղի էր ունեցել խոշոր ավտովթար, ինչի հետևանքով արդեն 11 մարդ մահացել է, վթարից տուժած ևս 5 մարդ հիվանդանոցում է, նրանց մեծ մասի վիճակը ծանր է:

Չարագուշակ զուգադիպությամբ, դեպքը կատարվել է օգոստոսի 14-ին, ժամը 00:27-ին: Ուղիղ մեկ տարի առաջ, նույն օրը «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցավ պայթյուն, որի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, 16 մարդ էր զոհվել:

Շատերն են նկատում, որ Լանջիկ գյուղի մոտ տեղի ունեցած վթարը, որի հետևանքով 11 մարդ է զոհվել, փաշինյանական Հայաստանում տիրող համընդգրկուն «բարդակի», անտերության, անկառավարելիության, բարձիթողության, անպատասխանատվության հետևանք է:

Առաջին հայացքից կարող է թվալ, թե կատարվածն ընդամենը ողբերգական եղելություն է, որպիսիք տեղի են ունենում ցանկացած իշխանության դեպքում, տարբեր ժամանակներում: Բայց դաժան իրողությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում նման ու նաև աննախադեպ ողբերգություններ, որոնց հետևանքով տասնյակ մարդիկ են մահանում, տեղի են ունենում չափազանց հաճախ:

Օրինակներ շատ ու երկար կարելի է թվարկել, բայց հիշեցնենք միայն մի քանիսը. զանգվածային թունավորումներ ու մահեր՝ տեխնիկական սպիրտով պատրաստված «օղուց» (տեսնես այդ «գործի» քննությունն ի՞նչ եղավ). դա դժոխային 2020-ին էր, օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ի միջակայքում 11 մարդ էր մահացել մեթանոլային թունավորումից:

«Սուրմալու» առևտրի կենտրոնում, 2022-ի օգոստոսի 14-ին, ըստ հայտարարված վարկածի՝ պահեստավորված հրավառային նյութերի բռնկման հետևանքով տեղի ունեցած պայթյունը 16 մարդու կյանք խլեց:

Այս տարի, հունվարի 19-ին Ազատ գյուղում զինվորական կացարանի տակ հարմարեցված շինությունում բռնկված հրդեհի հետևանքով միանգամից 15 ընտանիք դժբախտացավ: Միանգամից 15 հայ տղա ողջ-ողջ այրվեցին, հրո ճարակ դարձան, իսկ Նիկոլ Փաշինյանն ու նրա պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ոչ միայն ողջ-առողջ են, այլև շարունակում են պաշտոնավարել, նրանք անգամ զոհված, ողջ-ողջ այրված զինվորների ծնողներին մարդավարի չցավակցեցին:

Եվ ահա՝ այս ողբերգական վթարը: Կեսգիշերն անց, Գյումրի-Երևան ճանապարհին առճակատ բախվել են բեռնատար ԶԻԼ-ն ու զբոսաշրջային այցից վերադարձող մեր հայրենակիցներին փոխադրող միկրոավտոբուսը:

Ինչ էլ ասվի՝ բոլոր այս մարդկանց մահվան, զոհվելու մեղքն առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի վրա է, նրա իշխանության, նրա ու իր քպ-ոների հարուցած համակողմանի «բարդակի», անտերության, անպատասխանատվության հետևանք են այս տասնյակ ու տասնյակ մահերը, զոհերը, ողբերգությունները:

Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն դագաղներ խաղացնելով իշխանության եկավ ու բերեց դագաղներ, այլև` հենց վթարներով: Ո՞վ է հիմա հիշում նրա եղկելի «թավշյա հեղափոխության» առաջին զոհին՝ 1 տարեկան Յուրի Պոպովին: Հիշեցնենք, 2018-ի ապրիլի 23-ին, գիշերը, թերևս խիստ ոգևորված Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին հայտարարությունից, մեկը, փակած պետհամարանիշներով «Օփելով» բարձր արագությամբ հետևից հարվածել էր մեկ այլ մեքենայի, որի մեջ գտնվում էին վարորդը ու մի ընտանիք՝ հայրը, մայրը և 1 տարեկան երեխան: Երեխան երկու օր անց հիվանդանոցում մահացավ: Դա Նիկոլ Փաշինյանի առաջին զոհն էր:

Իսկ Սոնա Մնացականյանի երեխային Նիկոլ Փաշինյանի իշխանությունն անգամ ծնվելու շանս չտվեց՝ սպանեց մոր հետ: Դա բնութագրական սպանություն է. Նիկոլ Փաշինյանի ֆիզիկական մարմինը փոխադրող ավտոշարասյան մեքենաներից մեկը վրաերթի ենթարկեց Սոնա Մնացականյանին: Երիտասարդ հղի կինն ու իր չծնված երեխան մահացան վթարի հետևանքով, ավելի ճիշտ՝ սպանվեցին: Ու դրա համար մինչև օրս ոչ մեկը ոչ մի պատասխանատվության չի ենթարկվել ու, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է համարվում ՀՀ վարչապետ, չի ենթարկվելու: Իսկ մահերը, սպանությունները, պատահարները, ողբերգությունները և համակողմանի «բարդակը» շարունակվելու են: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գլխակեր է ու մահաբեր: Այն կարող է միայն մահ ու կործանում բերել ու բերում է: Ուրիշ ոչինչ:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը