Մեկնաբանություն

11.08.2023 16:30


Նիկոլ Փաշինյանն Ալիևին կոչ է անում ձեռնպահ մնալ... թուրք լինելուց

Նիկոլ Փաշինյանն Ալիևին կոչ է անում ձեռնպահ մնալ... թուրք լինելուց

Նիկոլ Փաշինյանը, արձանագրենք, որ բավականին հաջող շարունակում է ինքն իրեն և մնացած բոլորին «ռետինե խողովակի տեղ դնելու» իր գործելակերպը: Եվ այսպես կոչված «կառավարության» այսօրվա նիստում նրա ունեցած հերթական ելույթն ասվածի բավականին պերճախոս վկայությունն է:

Սկզբունքորեն, Նիկոլ Փաշինյանը ոչ մի նոր բան չասաց, նույն ջուրն է ու նույն ջրաղացը: Թեպետ, հաշվի առնելով ելույթ ունեցողին, պետք էր ասել՝ նույն ճահիճն է ու նույն մահացու ճահճահոտը:

Համոզվեք. «Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի լավագույն լուծումը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացումն է, Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մեկնարկը՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում: Հայաստանն իր հերթին շարունակում է վերահաստատել իր հավատարմությունը խաղաղության օրակարգին և պաշտոնական Բաքվին կոչ է անում՝ ձեռնպահ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելուն ուղղված քայլերից»,- հայտարարեց Փաշինյանը:

Լավ, ընդունենք, որ Ադրբեջանը Բերձորի միջանցքն ապօրինի է արգելափակել (կարելի է կարծել, թե «օրինական արգելափակում» էլ կարող էր լինել, էլի) ու չի ուզում այդ արգելափակումը վերացնել: Ակնհայտորեն չի ուզում ու ցուցադրում է իր այդ չուզելը ու խորապես թքած ունի ալամ-աշխարհից հնչող կոչերի վրա: Ինչպես իրապես մտահոգ մարդկանց կոչերի, այնպես էլ՝ կեղծավոր քաղգործիչների ձևական «վայ-վույեր»-ի վրա:

Ի՞նչ է անում Հայաստանի այսպես կոչված իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Իսկ ոչինչ էլ չի անում: Բացարձակապես՝ ոչինչ: Շարունակում է փչացած պատեֆոնի նման անհեթեթություններ դուրս տալ ինչ-որ «խաղաղության օրակարգի» մասին: Ուրեմն շուրջբոլորը կռիվ-պատերազմ է, թշնամին ուղիղ տեքստով, արդեն մեր իսկ սարերի կատարներից մեր դեմքին նենգորեն քմծիծաղելով հայտարարում է, թե գալիս ենք բոլորիդ մորթենք, իսկ Նիկոլ Փաշինյանը դեռ «խաղաղության օրակարգից» է բարբաջում:

Թշնամին՝ Ալիևը դրել ու Արցախի 120 հազար հայությանը դանդա՜ղ սպանում է, Նիկոլ Փաշինյանը, չկարողանալով թաքցնել իր ու իր կնոջ բուռն երջանկությունն այդ հանգամանքից, ձև է բռնել, թե «միջազգային հանրությանն» օգնության է կանչում, մինդեռ իրականում խրախուսում է ոճրագործ ու իր հանցակից Ալիևին, որովհետև խոսում է «խաղաղության օրակարգից», ի լրումն, անընդհատ հայտարարում է, թե Ղարաբաղը ադրբեջանական է, Ղարաբաղը հայերինը չէ, Ղարաբաղը թուրքերինն է:

Սա՛ է:

Այո՛, Արցախը Ալիևի, Ադրբեջանի կողմից է պաշարված, բայց Արցախի պաշարման, մեր հայրենակիցների տառապանքների համար, մեր այս վիճակի համար առանցքային ու գլխավոր մեղավորը Նիկոլ Փաշինյանն է:

Ու հիմա, կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն Ալիևին կոչ է անում, որ նա՝ Ալիևը ձեռնպահ մնա... թուրք կամ ադրբեջանական թուրք լինելուց: Ոնց որ կեղտաջրին կոչ անես, որ ձեռնպահ մնա կեղտաջուր լինելուց կամ ենթադրենք՝ Նիկոլ Փաշինյանին կոչ անես, որ ձեռնպահ մնա ստելուց և բանսարկություններ անելուց:

Նիկոլ Փաշինյանը կարող է ամեն օր, նույնիսկ օրը մի քանի անգամ հայտարարություններ ու կոչեր անել, տեսախցիկների առաջ դերասանություններ անել, իբր՝ տեսեք-տեսեք, թե ինքն ինչքան մտահոգ է, իբր «միջազգային հանրությանն» իրար է խառնել և այդպես շարունակ: Բայց Նիկոլ Փաշինյանը չի կարող ջնջել իր ու մինչև յոթը պորտ իր սերունդների վրա դաջված գլխակերի խարանն ու հազարավոր հայ զինվորների արյան մեղքը: Դրա համար ինքն ու իր շառավիղները դեռ տասնյակ տարիներ պատասխան են տալու:

Իսկ ավելի մոտ ժամանակային առումով, Նիկոլ Փաշինյանը, ինչ գլուխկոնծիներ էլ որ տա, չի դադարում լինել այս ամենի գլխավոր պատասխանատուն ու մեղավորը: Ի՛նքն է ուրացել Արցախը: Ի՛նքն է Արցախի հայությանն ու մեզ բոլորիս էս օրին հասցրել: Ու փրկության շանս կարող է լինել միայն այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանն այլևս չլինի ՀՀ վարչապետի աշխատասենյակում, կարգավիճակում:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը