Մեկնաբանություն

10.08.2023 17:12


Այն, ինչ «առաջարկում» է Ադրբեջանը, Արցախի հայության ցեղասպանություն է նշանակում

Այն, ինչ «առաջարկում» է Ադրբեջանը, Արցախի հայության ցեղասպանություն է նշանակում

Նիկոլ Փաշինյանն ու նրա ներկայացրած իշխանությունը զբաղված են «խաղաղության օրակարգի», «հումանիտար աղետի», «միջազգային հանրությանը դիմելու» դատարկախոսությամբ, զուգահեռաբար՝ զանազան «բեմադրություններ» ներկայացնելով: Մի բեմադրությունը «մարդասիրական բեռների ավտոշարաշյուն ուղարկելն ու Կոռնիձորում տեսարաններ ապահովելն է: Մյուսը, հավանական է, ինչ-ինչ շրջանակների միջոցով «զենք տվեք, որ գնանք ճամփա բացենք»-ի կարգի տեսարաններ ստեղծելն է (թե այդ որ ճանապարհ բացողն է գնում ճանապարհ փակողից զենք խնդրում կամ, որ ավելի տարօրինակ է, նախօրոք հայտարարում, թե ինչ է ուզում անել):

Իսկ մինչ այդ Ադրբեջանը շարունակում է Արցախի հայությանը ցեղասպանության ենթարկելու իր գիծը, որը դրսևորվում է Արցախի լիակատար պաշարմամբ: Մի բան, որ հնարավոր է դարձել գերազանցապես Նիկոլ Փաշինյանի ու նրա՝ Արցախն ուրանալու մասին հայտարարության հետևանքով: Մեծ հաշվով՝ Արցախի «կյանքի ճանապարհ» փակողը Նիկոլ Փաշինյանն է, քանզի Արցախը ճանաչում է ադրբեջանական:

Ի դեպ, օրերս հրապարակվեց մի տեղեկատվություն՝ Ադրբեջանում անցկացված սոցհարցման վերաբերյալ: Հարցվողներին առաջարկվել էր ըստ նշանակության կամ կարևորության նշել Ադրբեջանի դաշնակիցներին, ու ադրբեջանցի թուրքերը 92 տոկոս դաշնակից էին նշել Էրդողանին, շուրջ 65 տոկոս՝ Փաշինյանին:

Մյուս կողմից, շարունակելով պաշարումն ու Արցախի հայությանը ցեղասպանության մատնելու ծրագիրը, Ադրբեջանը նաև ձգտում է այսպես ասենք՝ «քաղաքակիրթ դեմքով» երևալ: Այդ նպատակին են ծառայում «Աղդամով ճանապարհ տալու» մասին հայտարարությունները: Նույն «օպերայից» են նաև խոսակցությունները՝ Արցախի հայության հետ բանակցելու կամ հանդիպելու մասին խոսակցությունները:

Այդ տեսանկյունից ուշադրություն գրավեց այն տեղեկատվությունը, թե ադրբեջանական ԱԳՆ-ում մշակել են «ղարաբաղցի հայերի վերաինտեգրման գործընթացի իրականացման հստակ գործողությունների ծրագիր»:

Կարիք չկա այդ «ծրագրի» կետերին ծանոթանալու, հասկանալու համար, թե դա հատկապես ինչի մասին է: Բավարար է ընդհանուր նկարագրությունը: Մասնավորապես, խոսվում է «տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական, կրոնական և այլ ոլորտների միջոցառումների» մասին, որոնք ձեռնարկվելու են այդ «գործընթացի շրջանակում» և ինչպես նշված է, «հնարավորություն կտան ապահովել հայկական ծագումով Ադրբեջանի բնակչության իրավունքները»:

Ըստ որում, շեշտվում է, որ Ադրբեջանը պատրաստ է պերբերաբար հանդիպումներ ունենալ «հայազգի բնակիչների հետ՝ առանց արտաքին միջամտության»:

Վերը նշված թվարկումը, եթե ադրբեջանական կողմից ներկայացրածը «թարգմանենք» նորմալ ընկալելի տեքստի, նշանակում է Արցախի տնտեսության վերացում, մանաթիզացիա, եկեղեցիների վերացում և մզկիթացում, հայկական պատմամշակութային ժառանգության վերացում, դպրոցների փակում և ադրբեջաներենով «ուսումնական պրոցեսի» կազմակերպում, հայերի հարկադրական մահմեդականացում: Կարճ ասած՝ Ադրբեջանի «ծրագիրը» ակնհայտ է. ով ուզում է ապրել իր պատմական հայրենիքում, պիտի թրքանա, իսկ ով չի թրքանա, պիտի մորթվի:

Ու անպայման արժե հավելել, որ այդ ադրբեջանական ծրագրի համահեղինակ-պրոդյուսերը Նիկոլ Փաշինյանն է:

Այնպես որ, այն ինչ «առաջարկում» է Ադրբեջանը, նշանակում է Արցախի հայության ցեղասպանություն: Պարզ է նաև, թե ինչու են նշում, որ պատրաստ են հանդիպել, բայց առանց «արտաքին միջամտության»: Ի դեպ, այդ շեշտադրումն էլ է Նիկոլ Փաշինյանի ադրբեջանաշահ նվաճումը: Հայտարարե՞ց, որ Արցախը ճանաչում է ադրբեջանական: Ադրբեջանն էլ ասում է, դե, որ ճանաչեցիր, ուրեմն դա իմ ներքին գործն է, ի՞նչ միջազգային երաշխիք-մերաշխիք, դա իմ ներքին գործն է, իսկ ձեր «երաշխավորները»՝ արտաքին միջամտություն են:

Մինչև Նիկոլ Փաշինյանը չհեռացվի իշխանությունից ու չենթարկվի պատասխանատվության, Հայաստանը, Արցախը, հայրենաբնակ հայությունը գոյության ու ապագայի ոչ մի շանս չեն ունենալու:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը