Մեկնաբանություն

04.08.2023 22:15


Նիկոլ Փաշինյանը բացարձակապես լեգիտիմ չէ. Հայաստանի ժողովրդի 94 %-ը դեմ է նրան

Նիկոլ Փաշինյանը բացարձակապես լեգիտիմ չէ. Հայաստանի ժողովրդի 94 %-ը դեմ է նրան

Սոցիոլագիական հարցումներին մեր ու ոչ միայն մեր հանրությունը, սովորաբար, վերապահումով է վերաբերվում: Բայց դա առավելապես վերաբերվում է այն հարցումներին կամ հարցումների այն մասերին, որոնք կոնկրետ գործիչների մասին են: Եվ դա հասկանալի է: Սակայն, ինչ վերաբերում է այս կամ այն երևույթի, խնդրի վերաբերյալ հանրության տրամադրություններին, սոցիոլոգիական հարցումները հիմնականում արտացոլում են առկա ռեալ պատկերը:

Եվ այսպես. «GALLUP International association»-ը հուլիսի վերջին (հուլիսի 27-31-ը) 1100 ռեսպոնդենտի շրջանում անցկացրած հարցման ժամանակ նաև այսպիսի հարց է առաջադրել. «Արդյոք Ձեզ համար ընդունելի՞ է Արցախի բնակչությանն ազգային փոքրամասնության կարգավիճակի տրամադրումն Ադրբեջանի կազմում»: Եվ հարցվածների ավելի քան 94%-ը նշել է, որ անհնար է համարում, որ Արցախի հայերը՝ որպես ազգային փոքրամասնություն, լինեն Ադրբեջանի կազմում։

Այսօր ասուլիսում «GALLUP International association»--ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը, հրապարակելով հարցման արդյունքները, մասնավորապես նաև նշել է. «Հայաստանի բնակչության 1.1 տոկոսը նշել է, թե իրենց համար միանաշանակ ընդունելի է Արցախի բնակչությանն ազգային փոքրամասնության կարգավիճակի տրամադրումն Ադրբեջանի կազմում: Եվս 2.7 տոկոսը նշել է, որ ավելի շուտ ընդունելի է: Հարցվածների 5.5 տոկոսը նշել է՝ ոչ, ավելի շուտ ընդունելի չէ, իսկ 88.9 տոկոսը՝ «Միանաշնակ ոչ»»:

Ըստ այնմ, հարցման արդյունքների համաձայն, Հայաստանի բնակչության 94.4%-ը նշում է, որ իրենց համար ընդունելի չէ Ադրբեջանի կազմում Արցախի բնակչության փոքրամասնության պլանավորումը: Նկատենք նաև, որ այդպես դիրքորոշված քաղաքացիների թիվը, երկու ամիս առաջ արված հարցման համեմատ, շուրջ 7-8 տոկոսով ավելացել է:

Ի՞նչ է սա նշանակում: Առաջին հերթին, սա նշանակում է, որ չնայած արդեն 5 տարի Նիկոլ Փաշինյանի ու նրա կողմնակիցների կողմից զավթված իշխանության կողմից, այսինքն՝ պետական մակարդակով իրականացվող գերագրեսիվ քարոզչությանն ու մանիպուլյացիաներին, Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը կամ որակական մեծամասնությունը՝ ավելի քան 94 տոկոսը, շատ հստակ դիրքորոշում ու պատկերացում ունի, հայ մարդիկ են ու ազգային շահերի ու պատկերացումների, ընկալումների դաշտում են:

Երկրորդ. Սա նշանակում է, որ Հայաստանի բնակչության ավելի քան 94 տոկոսը հստակ «ո՛չ» է ասում Նիկոլ Փաշինյանին, մերժում է նրան ու Արցախն ադրբեջանական ճանաչելու, Արցախը թշնամուն հանձնելու նրա «քաղաքականությունը», հայտարարություններն ու դիրքորոշումը: Այսինքն, Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը չունեն լեգիտիմություն:

Երրորդ. Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը կոնկրետ Արցախի խնդրում, որը առանցքային է Հայաստանի ու հայության համար, բացարձակապես չունի հանրության աջակցությունը: Ավելին, սա նշանակում է, որ տվյալ հարցով ինտենսիվ ու համախմբված աշխատելու դեպքում ազգային ուժերը կարող են միավորել հանրության մեծ մասին ու հեռացնել այն «իշխանությանը», որն Արցախը հռչակում է թշնամապատկան տարածք:

Նշեցինք լեգիտիմության մասին, բայց այս հարցում, կարծում ենք, արժե ևս մեկ նրբերանգ ընդգծել: Այո՛, հարցումը փաստում է, որ Նիկոլ Փաշինյանը գործնականում չունի աջակցություն ամենից կարևոր, ամենից կենսական հարցում:

Բայց Նիկոլ Փաշինյանը ամեն պարագայում լեգիտիմ չէ, ինչը շատ պարզ հիմնավորում ունի: Նիկոլ Փաշիյնանը 2021 թվականի արտահերթ ԱԺ ընտրություններում պաշտոնապես խոստացել է (իր նախընտրական ծրագրում արձանագրված ) Արցախի ինքնորոշման իրավունքի իրացմանը նպատակաուղղված գործունեություն, առաջադրել է՝ «Անջատում՝ հանուն փրկության» կարգախոս՝ Արցախի հետ կապված, ինչպես նաև Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանում: Դրանից մեկ տարի ու մի քանի ամիս անց, 2022թ. հոկտեմբերին նախ, Ալիևի ու Էրդողանի առաջ, միջնորդների ներկայությամբ Արցախը ճանաչել է ադրբեջանական տարածք, ապա դրա մասին հայտարարել է պաշտոնապես ու մի քանի անգամ, իսկ այս վերջերս գրեթե ամեն առիթով է դա հայտարարում:

Նա դրա համար մանդատ չի ստացել: Անգամ նրան «ձայն տված» 680 հազար անձինք (որքան էլ այդ թիվը կեղծվածք համարենք) Նիկոլ Փաշինյանին դրա համար չեն քվե կամ մանդատ տվել: Այնպես որ, նա լեգիտիմ չէ:

Իսկ Հայաստանի համար մահացու ճոխություն է պետության ղեկի մոտ ունենալ ոչ լեգիտիմ ղեկավար, եթե անգամ հաշվի չառնենք Նիկոլ Փաշինյանի կառավարչական ու մարդկային մյուս անորակությունները:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը