Մեկնաբանություն

11.07.2023 19:30


Ինչու և ինչից են ոգևորվել «խավիարակեր» ու հայատյաց տոյվոկլաարները

Ինչու և ինչից են ոգևորվել «խավիարակեր» ու հայատյաց տոյվոկլաարները

Ինչպես հայտնի է, Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Արցախի մայրաքաղաք Ստեփանակարտը անվանել է Խանքենդի: Այսինքն, մեկը, որ պաշտոնապես համարվում է Եվրամիության ներկայացուցիչը, արել է մի բան, որը պետք է Ալիևին: Այսինքն կարելի է գրեթե չկասկածել, որ Տոյվո Կլաարը Ալիևից խավիարային կաշառքներ է ստացել՝ նման հակահայ հայտարարություն անելու համար: Կամ էլ Տոյվո Կլաարը պաթոլոգիկ հայատյաց է: Ամեն պարագայում, նա արել է ստոր և զզվելի քայլ՝ հայկական Արցախի մայրաքաղաքը նշելով ադրբեջանական ֆաշիստների գործած տարբերակով՝ Խանքենդի:

Հիմա Տոյվո Կլաարը խավիարային կաշառակե՞ր է, թե՞ հայատյաց: Թող դա ինքը կամ իրեն այստեղ ուղարկող Եվրամիությունը որոշի: Եվ, եթե ԵՄ-ն իր ներկայացուցչի ասածների համար մինչև այս պահը ներողություն չի խնդրել Հայաստանից, Արցախից ու հայությունից, ուրեմն ԵՄ-ն էլ նույնպիսի պատասխանատվություն է կրում այդ վիրավորական արտահայտությունը գործածելու համար: Կարճ ասած, եթե ԵՄ-ն թշնամի չէ, ուրեմն պետք է իրեն առնվազն թշնամու պես չպահի:

Մյուս կողմից, ինչ էլ ասենք օտարների մասին, ինչ պիտակներ կամ բնորոշումներ էլ տանք Տոյվո Կլաարին ու նրա նման տոյվոկլաարներին, նրանք այդ հարցում մեծ հաշվով հետևանքային դրսևորումներ են:

Ինչու կամ ինչից են ոգևորվել տոյվոկլաարները, որ նախկինում մի 77 անգամ կմտածեին նման արտահայտություն անելուց առաջ:

Իսկ տոյվոկլաարները ոգևորվել են այն իրողությունից, որ Հայաստանի իշխանության ղեկին է մի անձնավորություն, որը բացեիբաց, ամենալկտի ու ցինիկ ձևով, հատուկ ձեռ առնելու ու ծաղրելու համար հայտարարում է, թե Արցախն ադրբեջանական է ու... շարունակում է պաշտոնավարել:

Եվ, եթե Հայաստանի անվանական ղեկավարը անում է նման հայտարարություն, ապա ինչու չպիտի Տոյվո Կլաարը Ստեփանակերտը Խանքենդի նշի, ինչու չպիտի Ալիևը ընդհանրապես փակի Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, գազը, օդը:

Այդ ամենը կատարվում է այն պատճառով, որ նա, ով համարվում է Հայաստանի ղեկավար, Արցախը հռչակում է թշնամուն պատկանող:

Նա, որ շարունակ ասում է, թե «մանդատ չունի Արցախի անունից խոսելու...», մեկ էլ ելնում ու Արցախը հռչակում է ադրբեջանական:

Այդ պայմաններում ոգևորվում են թշնամիները, որ առանց այդ էլ կարողացել են առավել քան նպաստավոր դիրքեր գրավել նույն այդ Նիկոլ Փաշինյանի ու նրա դավաճանական «իշխանույթան» հակահայ գործունեության հետևանքով: Ստեփանակերտը Խանքենդի են նշում, Հայաստանը՝ «Արևմտյան Ադրբեջան»...

Ապագան է, էլի:

Ինչ վերաբերում է զանազան օտարերկրացիներին, այդ թվում՝ ԵՄ հիշատակյալ ներկայացուցչին, ապա նրանք էլ իրենց թույլ են տալիս հայության համար վիրավորական, նվաստացուցիչ հայտարարություններ, որովհետև վստահ են, որ իրենց ոչ մեկը չի հակադարձելու, ոչ մեկը իրենց պորտը տեղը չի դնելու:

Հայաստանից, օրինակ, մինչև հիմա ոչ մի պաշտոնական արձագանք չենք նկատել: Լինի էլ, այնպիսի ոլոր-մոլոր ձևակերպումներ կտան, որ ավելի լավ կլիներ՝ լռեին:

Մի խոսքով, քանի որ Նիկոլ Փաշինյանը դեռ սոսնձված է վարչապետի աթոռին, պատրաստ եղեք, որ շուտով ոչ թե Բաքուն կամ Անկարան, այլ հենց Ստրասբուրգն ու Բրյուսելը Հայասատանը կանվանեն Էրմենիստան (լավագույն դեպքում), Երևանը՝ Էրիվան, իսկ տարածքում խմբված բազմությանը կնշեն որպես...

Չնայած, ինչ կարևոր է, թե ինչ կնշեն այդ բազմությանը:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը