Մեկնաբանություն

01.07.2023 00:51


Ինչպես Նիկոլը պաշարեց Արցախը

Ինչպես Նիկոլը պաշարեց Արցախը

Արդեն 200 օր Արցախը շրջափակված է: Դրանից վերջին գրեթե մեկ ամիսը Արցախը համակողմանի, այսինքն՝ տոտալ շրջափակման մեջ է: Պաշարված է։

Իսկ սկսվեց այդ շրջափակումային թշնամական տակտիկայի կիրառումը այն բանից հետո, երբ 2022-ի հոկտեմբերին Պրաhայում, Մակրոնի ու Միշելի միջնորդությամբ կամ ներկայությամբ, Նիկոլ Փաշինյանն իր «առուտուրն» արեց Էրդողանի և Ալիևի հետ: Հետագայում լիովին պարզ դարձավ ու ապացուցվեց, որ հենց այդ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը Ալիևին ու Էրդողանին ասել է, որ Արցախը ճանաչում է ադրբեջանական: Հետագայում Նիկոլ Փաշինյանը կրկնեց իր այդ՝ ՀՀ Սահմանադրությանը, Անկախության հռչակագրին հակասող, եթե չասենք՝ տրորտակող հայտարարությունը: Ու, նկատենք, չնայած դրան, ձեռբակալված չէ, պաշտոնանկված չէ, իշխանությունից հեռացված չէ և շարունակում է պաշտոնավարել ու բարբաջել ինչ-որ «խաղաղության» մասին:

Ի՞նչ «խաղաղություն» կարող է բերել կամ առհասարակ, ի՞նչ կարող է Հայաստանին տալ որևէ ղեկավար, որն Արցախը բացեիբաց հռչակում է ադրբեջանական:

Պարզ է, որ նման հայտարարություններից ոգևորված Ալիևը շտապելու էր դիմել ավելի կտրուկ քայլերի Արցախի ու հայության դեմ ու դիմեց ու դիմում է:

Բայց, իր այդ հայտարարություններով, այսինքն՝ Արցախը ադրբեջանական ճանաչելով, Նիկոլ Փաշինյանը գործնականում փակեց բոլորի բերանը: Փակեց Մակրոնի բերանը, փակեց Ռուսաստանի բերանը: ԱՄՆ-ի դեպքում երևի այնքան էլ ճիշտ չի լինի ասել, թե փակեց Վաշինգտոնի բերանը, որովհետև ԱՄՆ շահերը հիմա համընթաց են ադրբեջանաթուրքականին, և Սպիտակ տանը երևի ամենից ուրախն են Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների համար, քանզի իրենք ուզում են Իրանի ու ՌԴ–ի դեմ աշխատել։

Բայց ամեն դեպքում. հիմնական մեղավորը Նիկոլ Փաշինյանն է: Եթե նա ընդունում է, որ Արցախն ադրբեջանական է, նման իրավիճակում որևէ օտերերկրյա, օտարազգի գործիչ չի կարող, այսպես ասենք՝ «ավելի հայ» լինել ու, օրինակ, նույն Փաշինյանին կարգի հրավիրել, թե այս ի՞նչ ես ասում, ախր Արցախը դարավոր հայկական ու հայաբնակ երկիր է, այս ինչե՜ր ես դուրս տալիս:

Հասկանալի է, որ Ալիևը հակահայ է ու հանցագործ, բայց Ալիևը թշնամի է ու թշնամական երկրի ղեկավար: Իսկ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ղեկավար է համարվում, բայց ըստ էության՝ Ալիևի գործակիցն է, առնվազն բոլոր այն քայլերում, որոնք վերջինս իրականացնում է Արցախի դեմ ու Հայաստանի սահմանային հատվածներում:

Հարցն այն չէ, որ Ալիևն այդքան ուժեղ թշնամի է, որին անհնար է դիմադրել և «տեղը դնել», հարցն այն է, որ Հայաստանի ղեկավար համարվողը «խաղում» է թշնամու կողմից:

Այնպես որ, Արցախի արդեն 200-օրյա պաշարման առանցքային պատասխանատուն ու մեղավորը առաջին հերթին Նիկոլ Փաշինյանն է:

Պարզապես դեռ բաց է մնում հարցը, թե երբ է վրա հասնելու նրա՝ պատասխան տալու ժամը:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը