Մեկնաբանություն

29.06.2023 17:47


Մարդու իրավունքների դատախազուհի (ՄԻԴ)

Մարդու իրավունքների դատախազուհի (ՄԻԴ)

Կարդացի, նախկին դատախազուհի, այսօր՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի մտքի գոհարները։

Տիկին նախկին դատախազուհին, խիստ մտահոգված, խոսում է, որ «ոստիկանության աշխատողները հաճախ չգիտեն՝ ո՞ր ուժն է համարվում համաչափ, ո՞րը՝ ոչ»։ Խեղճ ոստիկանության աշխատողներ, նրանք ոչ մի մեղք չունեն, ուղղակի չգիտեն, իսկ եթե մարդ չգիտի օրենք, իրավունք, նա, բնականաբար, ազատվում է ցանկացած պատասխանատվությունից, այդ թվում՝ քրեական։ Չէ՞, տիկին նախկին դատախազուհի, շարունակեք խնդրեմ․ «Այդպես, ապագայում, մենք բոլորս՝ այսօրվա իշխանության ներկայացուցիչներս, կազատվենք պատասխանատվությունից, քանի որ չենք իմացել, որ մեր արարքները դավաճանական են եղել»։

Լինելով միանգամայն անկախ կառույցի ղեկավար՝ տիկին նախկին դատախազուհին, չենթարկվելով որևէ մեկին, այդ թվում, իրեն նշանակող վարչապետ կոչեցյալից, ում առջև ծնկաչոք հավատարմության երդում է տվել, ինքնուրույն որոշում է կայացրել։ Տիկինը որոշել է դիմել Ադրբեջանի նույնպես անկախ, մարդասեր մարդու իրավունքների նվիրյալ իր գործընկերոջը։ Ուղղակի հանճարեղ որոշում։ Պատկերացնո՞ւմ եք, մարդու իրավունքների երկու նվիրյալներ հանդիպում, քննարկում և լուծումներ են տալիս երկու երկրների միջև «հումանիտար և մարդու իրավունքների հետ կապված խնդիրներին»։ Բնականաբար, ինչպես Հայաստանի ոստիկանական աշխատողներն, այնպես էլ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը, չգիտի, թե ինչ է կատարվում իր հայրենի երկրում։ Նա տեղյակ չէ ո՛չ Ադրբեջանում մոլեգնող հակահայ քարոզչությունից, ո՛չ հայ գերիների տառապանքներից, ոչ էլ Արցախի շրջափակումից։ Եվ տիկին նախկին դատախազուհին, ուրախ ժպիտը դեմքին, ինչպես գործակալ-արտգործնախարարն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ, մանրամասն կներկայացնի իրավիճակը։ Հանդիպմանը կհաջորդի մարդու իրավունքների երկու նվիրյալների համատեղ հայտարարությունը, և օ՛ հրաշք․․․Ադրբեջանը կվերացնի Արցախի շրջափակումը, հայրենիք կվերադառնան մեր գերիները և կսկսվի հայ-ադրբեջանական եղբայրությունը։ Երկու մարդասերները դուետով կերգեն,

Կուր, Արազ, Արագած(ոչ թե Արարատ),

Կյանքն ուրախ և առատ,

Քույրեր դարձան Հայաստան-Ադրբեջան։

Ցավոք, Ադրբեջանի մարդու իրավունքների նվիրյալ գործընկերոջից առայժմ արձագանք չկա։

Ըստ Հայաստանի խոշոր վերլուծաբան Ստյոպա Գրիգորյանի՝ Պուտինն է խոչընդոտում։

Ավետիք Իշխանյան

Այս խորագրի վերջին նյութերը