Մեկնաբանություն

03.05.2023 01:26


Արայիկ Հարությունյանը բան չունի ասելու, որովհետև համամի՞տ է Նիկոլին

Արայիկ Հարությունյանը բան չունի ասելու, որովհետև համամի՞տ է Նիկոլին

ԱՄՆ-ում, Նիկոլ Փաշինյանի ԱԳ հանձնակատար Արարատ Միրզոյանի ու ադրբեջանական ԱԳ նախարար Բայրամովի միջև բանակցություններ են ընթանում, որոնք ուղղակիորեն վերաբերվում են Արցախի ճակատագրին: Արդեն մի շարք հաղորդագրություններ են եղել այդ, եթե կարելի է ասել՝ «բանակցությունների» վերաբերյալ: Պարզ է, որ առնվազն Փաշինյան-Ալիև համաձայնություն է ձևակերպվում՝ Արցախը ոչնչացնելու, Արցախի հայությանը կոտորածի մատնելու, Արցախի հայկական արմատն ու պատմամշակութային ահռելի ժառանգությունը բնաջնջելու նպատակով:

Դե այն, որ Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը, Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը, իբր թե՝ արցախյան ծագում ունեցող Արմեն Գրիգորյանը և այդ խմբավորման մյուս ներկայացուցիչները ատելով ատում են Արցախը, արդեն կարծես ակնհայտ է դառնում: Մնացել է մեկ-երկու մանրուք ճշտեն իրենց սիրելի ադրբեջանական թուրքերի հետ և՝ վերջ:

Ու այդ իրավիճակում ինքն իրեն Արցախի նախագահ համարող Արայիկ Հարությունյանը ձայն-ծպտուն չի հանում, ոչինչ չի ասում, ոչինչ չի հայտարարում: Ընդամենը ելնում, Ստեփանակերտի կենտրոնում դրված սեղանիկի մոտ ստորագրությամբ միանում է քաղաքացիական նախաձեռնության, որը «միջազգային հանրությանը» կոչ է անում թույլ չտալ Արցախի էթնիկ զտում, ո՛չ ասել Արցախի էթնիկ զտման ադրբեջանաթուրքական ծրագրերին:

Արայիկ Հարությունյանը ոչինչ չունի՞ ասելու Արարատ Միրզոյանի ամերիկյան բանակցությունների ու դրանց՝ արդեն ակնհայտորեն հակահայկական ու հատկապես՝ հակաարցախյան օրակարգի վերաբերյալ: Իսկ հնարավո՞ր է, որ Արայիկ Հարությունյանը ոչինչ չունի ասելու, որովհետև ոչ միայն վաղուց տեղյակ է, այլև իր անվերապահ աջակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանի՝ Արցախը ոչնչացնելու ծրագրին: Ու հիմա իր դերը տեսնում է միայն ինչ-որ ցուցադրական ստորագրություն-շոու անելու մեջ:

Առհասարակ, հետաքրքիր է, որ երբ հարմար էր լինում, Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե ինքը Արցախի փոխարեն բանակցելու մանդատ չունի, իրավունք չունի և այլն, քանի որ իրեն Արցախը չի ընտրել կամ լիազորել: Բայց այդ բոլոր չունեցած մանդատով-բանով, վերցրեց ու Արցախի մեծ մասը հանձնեց թշնամուն, հիմա էլ նույն թշնամուն ձայնակցելով՝ իր ամեն ինչով գոռում է, թե՝ Արցախը ադրբեջանական է, և՝ վերջ:

Ի միջիայլոց, հետաքրքրական է և այն, թե ինչպես են ահա արդեն երկու օր սոցցանցային հարթակներում, լրատվակամիջոցներում քննարկում ադրբեջանական անցակետով հայկական համարանիշներով մեքենաների անցնելու, մեքենաները զննության ենթարկելու տեսանյութը, այն, թե ով է այնտեղ պատկերված, և այլն, և այլն: Դա շինծու օրակարգ է, քանի որ պետք է ոչ թե տեսանյութը քննարկել, այլ այն, թե կոնկրետ ում վարած քաղաքականության, ում հակահայկական, դավաճանական որոշումներով է հնարավոր դարձել այն, որ ադրբեջանական անցակետ է այդտեղ դրվել: Իսկ ավելի ճիշտ է ոչ թե դա քննարկել, այլ նման բան հնարավոր դարձրած իշխանություններին ու անվանապես հայտնի մեղավորներին պատասխանատվության առաջ կանգնեցնել: Ի դեպ, Արայիկ Հարությունյանն էլ կա այդ շարքում:

Արթուր Խայթ

Այս խորագրի վերջին նյութերը