Մեկնաբանություն

21.04.2023 21:35


Եվրոպական դեսպանները, ԱՄՆ-ը և մյուս «ժողովրդավարները» հիացմունքից լեզուները կուլ են տվել

Եվրոպական դեսպանները, ԱՄՆ-ը և մյուս «ժողովրդավարները» հիացմունքից լեզուները կուլ են տվել

Ապրիլի 20-ը այսուհետ պետք է ՔՊ-ի կողմից հռչակվի հատուկ հիշատակման օր, եթե իհարկե, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը «ձգի» մինչև հաջորդ ապրիլի 20: Չնայած, եթե փաշինյանենք «ձգեն», մնացած բոլորը «կձգվեն», Հայաստան մայրիկն էլ՝ հետը:

Չէ, բայց իրոք, գիտե՞ք որևէ խորհրդարան (Հյուսիսային Կորեա չառաջարկել), որտեղ զինվորական համազգեստով ավելի շատ անձնավորություն լինի, քան պատգամավորներն են:

Ի՞նչ էր եղել: Քաղաքական ակցիայի շրջանակներում ԱԺ ամբիոնը շրջափակվել էր:

Ու այստեղ, ԱԺ նախագահի պաշտոնն զբաղեցնող Ալեն Սիմոնյանը, ում դիրքերը իրենց ՔՊ-ում բավականին խարխլվել են, որոշեց, որ իսկը ժամանակն է, որ՝ «փայլատակի»: Կենցաղային բառամթերքով ասած (իրենք դրան էլ արժանի չեն, եթե՝ անկեղծ)՝ Ալեն Սիմոնյանը որոշեց «աչոկ հավաքել» Նիկոլ Փաշինյանի մոտ, այսպես ասած՝ ռեաբիլիտացվել նրա և կուսակիցների աչքերում: Ու ավելի հնարամիտ բան չկարողացավ մտածել, քան ԱԺ լցված համազգեստավորների միջոցով պատգամավորներին քաշքշելն է:

Դե ինչ, կարելի է ասել, որ հայկական Զինված ուժերի փառապանծ ներկայացուցիչները,՝ իրենց հողատու գլխ. հրամանատարի ղեկավարությամբ, վերջապես կարողացան ինչ-որ բան գրավել: Այո՛, կարողացան գրավել ԱԺ ամբիոնը: Դա փաշինյանական կառավարման շրջանում զինուժի երևի միակ հաջողված «ռազմագործողությունն» էր, չնայած, իրենց ղեկավար Փաշինյանի սիրելի տիկինը նրանց առհասարակ, դասալիքներ է համարում կամ նման մի բան:

Ավելի հետաքրքիր հանգամանքներ էլ կան: Նախ, խորհրդարանում նախկինում էլ են տարբեր դրսևորումներ եղել, այդ թվում՝ հենց նիկոլականների կողմից, երբ նրանք ընդդիմություն էին համարվում: Բայց նախկինում նրանց նկատմամբ անվտանգության աշխատողների միջոցով ոչ մեկը բռնություն չի գործադրել, թեպետ, մեր մեջ ասած, երևի՝ իզուր:

Մյուս հատկանշական հանգամանքն այն է, որ եթե նման բան կատարվեր նախկին իշխանությունների օրոք, ապա հիմա ԵՄ ներկայացուցիչը, ԱՄՆ դեսպանը՝ այլևայլ սորոսական «իրավապաշտպաններին» ու գրանտային սնուցմամբ խոսիչներին չհաշված, այնպիսի՜ աղմուկ-աղաղակ էին բարձրացրել, որ առանց հեռախոսակապի էլ՝ ձայնները մինչև Վաշինգտոն ու Բրյուսել «աշխարհը բռնած» կլիներ: Պատկերացնո՞ւմ եք, անգամ կանանց իրավունքների այլազան պաշտպանների ձայները չեն լսվում, այնինչ կին պատգամավորների նկատմամբ բացահայտ բռնություն է գործադրվել: Մի՞թե կանանց իրավունքների բոլոր պաշտպանները ու նախկինում այդ թեմայով կոկորդ պատռողները վերացել են: Առաջ կաղաղակեին: Իսկ հիմա ոչ մի ձայն, ոչ մի ծպտուն: Հիմա բոլոր այդ կեղծավոր «դեմոկրատների» համար ամեն ինչ «օ-քեյ» է, ամեն ինչ լավ է, հենց այնպես է, ինչպես պետք է:

Հետաքրքիր է, նրանք գոնե հասկանո՞ւմ են (հասկանալիս կլինեն, ի վերջո, հո վերջացած «նիկոլակա՞ն» չեն), որ իրենց նման պահվածքով, իրենց համար յուրային իշխանավորների բռի պահվածքն ու դրսևորումները լռության ու անուշադրության մատնելով, իրենք իրենց զրկում են հետագայում՝ անխուսափելի իշխանափոխությունից հետո, որևէ բան ասելու իրավունքից:

Այ, երբ գա Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի ու մնացյալների «հատուցման ժամը», ինչը, կրկնենք, անխուսափելիորեն լինելու է (ոչ մի իշխանություն հավերժ չէ), իրենք տե՞ղ կունենան որևէ դիտողություն անելու: Կամ, եթե անգամ անեն՝ իրենց բնորոշ աներեսությամբ, ապա ո՞վ է բանի տեղ դնելու: Այնպես որ, թող շարունակեն լռել: Իսկապես, պատռված դիմակներով ի՞նչ իմաստ ունի ձևական բաներ ասելը:

Արթուր Խայթ

Այս խորագրի վերջին նյութերը