Մեկնաբանություն

19.01.2023 14:45


«Թուրքական պայմանագիր» խմբակցությունը

«Թուրքական պայմանագիր» խմբակցությունը

Հայաստանի խորհրդարանում մեծամասնություն է կազմում Նիկոլ Փաշինյանի գլխավորած խմբակցությունը։ Այդ խմբակցության անունը «Քաղաքացիական պայմանագիր» է։ Բովանդակային առումով, սակայն, խմբակցությունն այդ ուրիշ անուն ունի։

Դատելով այդ խմբակցության առանձին անդամների ակնհայտ թուրքամետ ու ադրբեջանամետ հայտարարություններից ու վարքաբանությունից՝ ՔՊ–ն իրականում պետք է կոչել «Թուրքական պայմանագիր»՝ ԹՊ։

ԹՊ–ի խորհրդարանական ակտիվ անդամներն են Մարիա Կարապետյանը, Ալեն Սիմոնյանը, Հովիկ Աղազարյանը, Գուրգեն Մելքոնյանը, Գուրգեն Արսենյանը, Վիգեն Խաչատրյանը, Ռուբեն Ռուբինյանը։ Սրանցից յուրաքանչյուրն աչքի է ընկնում թուրքամետ ու ադրբեջանամետ գործունեությամբ՝ փորձելով տեղավորվել Նիկոլ Փաշինյանի գծի մեջ։

«Հրաշալի» յոթյակը

Մարիա Կարապետյանին կարելի է համարել ՀՀ ԱԺ–ում Թուրքիայի ներկայացուցիչն ու Ադրբեջանի ոչ ֆորմալ դեսպանը։ Սույն երեսփոխանուհին Արցախը համարում է ադրբեջանական։ Նիկոլի պես։

Նիկոլի պես ու դեռ մի բան էլ «բեթար» է Գուրգեն Արսենյանը։ Սույն օլիգարխ–պատգամավորը, որը մի ժամանակ կոալիցիայի մեջ է եղել նիկոլենց չսիրած նախկինների կառավարությունում, և որը նույն այդ նախկինների օրոք (նաև՝ «դաբռոյով») բացառապես փողի ուժով կարողացել է 2003–ին խմբակցություն ձևավորել ԱԺ–ում, այսօր դարձել է ադրբեջանական լրատվամիջոցների սիրելին, քանզի կարծում է, որ Արցախն Ադրբեջանինն է ու արցախցիները պետք է ինտեգրվեն Ադրբեջանի հետ։ Սույն Գուրգենը պաշտպանում է Թուրքիային ու կռիվ տալիս Ռուսաստանի դեմ։ Այսքանից հետո զարմանալի չէ, որ նրան սիրում են Ադրբեջանում։

Առանձնահատուկ «դավանափոխի» դերում է հանդես գալիս Գուրգեն Մելքոնյանը, ով նախկինների օրոք ՊՆ փոխնախարար է եղել ու իրեն ներկայացնում է որպես Վազգեն Սարգսյանի զինակից։ Սա հակադրություն է մտցնում հայաստանցիների ու արցախցիների միջև, թե բա՝ ավելի լավ չի՞ Ղարաբաղը հանձնենք, որ Հայաստանը պահենք։ Սա այն Գուրգեն Մելքոնյանն է, ով եղել է բանակի թիկունքի պետը, ու եթե Նիկոլը խոսում է բանակում եղած թալանից, ապա պետք է այդ թեմայով Գուրգենի հետ հարցեր պարզի, այլ ոչ թե նրան պատգամավոր դարձնի։ Կյանքը ցույց տվեց, որ Մելքոնյան Գուրգենը Վազգենի անունը անձնական շահից ելնելով է օգտագործել։ Ինքն իրականում ավարտված քիրվա է։ Նախկիններն իրոք մեծ մեղք ունեն՝ սրա նմանին տարիներ շարունակ բանակի թիկունքը վստահելու համար։ Փաստորեն, հոգով ու սրտով ադրբեջանցուն թիկունք են վստահել նախկին իշխանությունները։

Նողկալի ֆունկցիա է կատարում հազար ու մի ճամբար փոխած Վիգեն Խաչատրյանը, որը «Մաուգլիի» մեջի շակալի պես հաճոյանում է իր իրական շեֆին՝ Իլհամ Ալիևին (Նիկոլը սրա միջանկյալ շեֆն է․ Վիգենը պատրաստվում է Ալիևի գալստյանը, որպեսզի իր ծառայություններն առաջարկի)։

Ռուբեն Ռուբինյանը հաստիքային թուրքամետ է նշանակված։ Սա Նիկոլի ու թուրքերի միջև շփումներն ապահովողն է։ Ռուբենի գործը հայ հանրությանը խաբելն է, թե բա՝ հայ–թուրքական հարաբերություններում նախապայմաններ չկան։ Մինչդեռ թուրք–ադրբեջանական նախապայմաններն ակնհայտ են։ Դրանց մասին երբեմն գիքորավարի խոսում են նաև Նիկոլի այլ թիմակիցները։ Ռուբենն աշխատավարձ է ստանում Թուրքիայի գիծը պահելու դիմաց։

Նիկոլի թիմի մեկ այլ հաստիքային է Հովիկ Աղազարյանը։ Այս նախկին դաշնակցականը հիմա նիկոլենց տան ներքին խոսակցությունը դուրս հանող է աշխատում։ Օվերտոնի պատուհանը Նիկոլը նաև սրա միջոցով է բացում։ Հովիկը մի թուրքամետ միտք է հայտնում, բոլորը սկսում են հայհոյել, բայց թեման բացվում է։ Սրա ֆունկցիան հենց թեման բացելն է՝ հայհոյվելու գնով։

Ինչ մնում է Ալեն Սիմոնյանին, ապա սրա ֆունկցիան Նիկոլի հակառուսական քարոզին աջակցելն է՝ օդիոզ հայտարարություններ անելու միջոցով։ Խայտառակություն է, որ Ալեն Սիմոնյանի պես մեկը հայտնվել է ԱԺ նախագահի աթոռին։ Քառակի խայտառակություն է, որ Ալենը հայտարարում է, որ Լաչինի միջանցքով Հայաստանը չպետք է զբաղվի ու այդքանից հետո մնում խորհրդարանի խոսնակի աթոռին։

Հայաստանում «Թուրքական պայմանագիրը» պետք է հեռացվի, որպեսզի ՀՀ քաղաքացիներն ապրելու շանս ստանան։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը