Մեկնաբանություն

25.11.2022 14:14


Ինչ ցույց տվեց ՀԱՊԿ գագաթաժողովը․ Նիկոլ Փաշինյանի ֆիասկոն

Ինչ ցույց տվեց ՀԱՊԿ գագաթաժողովը․ Նիկոլ Փաշինյանի ֆիասկոն

Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ գագաթաժողովում դժբախտ և դժգույն տեսք ուներ։ Լուկաշենկոն Նիկոլին ողջունելիս նույնիսկ «կծեց»՝ «Ինչու՞ ես այդպես մռայլ»։

Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ–ում օտար է յուրայինների մեջ։ Նրա մանկական «մուննաթը» ցույց է տալիս, որ ինքը լիակատար ֆիասկո է ապրել՝ այդ վիճակի մեջ դնելով նաև Հայաստանին։

Նիկոլի «մուննաթը» նաև մուրացկանային է։ Նա օգնություն է խնդրում ՀԱՊԿ–ից՝ դրանով իսկ ցույց տալով, որ չի հասկանում ՀԱՊԿ–ի բուն էությունը։ Կամ էլ Նիկոլը հասկանում է, բայց իրեն չհասկացողի տեղ է դնում, որպեսզի մի կողմից՝ սեփական դեմքը փրկի ու մտնի զոհի, այլ ոչ թե մեղավորի կերպարի մեջ, մյուս կողմից էլ՝ ՀԱՊԿ–ին վնասի՝ փորձելով միավորներ հավաքել հակառակ ճամբարում։ Ամեն դեպքում էլ Հայաստանին դրանից միայն վնաս է գալիս։

Երբ Ալեն Սիմոնյանը հայտարարում է, որ Հայաստանը ՀԱՊԿ–ին միացել է, որպեսզի այն պաշտպանի մեզ Թուրքիայից ու Ադրբեջանից, ապա դա առնվազն անգրագիտություն է։ ՀԱՊԿ–ը՝ Ռուսաստանի շուրջ հավաքված միավոր է՝ դրա առանձին անդամների ոչ բարեկամական վարքագծով։ ՀԱՊԿ–ն ի դեմս Ռուսաստանի պահում է հայ–թուրքական սահմանը, բայց հայ–ադրբեջանական հարաբերություններում ձգտում է արբիտրի կարգավիճակի ու ձգտում է ուղղակի կոնֆլիկտի մեջ չմտնել Բաքվի հետ։

Նիկոլենք, փաստորեն, ուզում են դիվանագիտական աշխատանքը տապալեն, Հայաստանի ու Արցախի գլխին պատերազմ ու պարտություն բերեն, հայկական բանակը թուլացնեն, Ալիևի ախորժակը գրգռեն ու նրան դրդեն Հայաստանի դեմ հարձակման, բայց հայ–ադրբեջանական սահմանը պահի ոչ թե ՀՀ բանակը, այլ ՀԱՊԿ–ը։ Այդպես չի լինում։

Նիկոլն ուզում է, որ ՀԱՊԿ–ը հայկական բանակի փոխարեն կռվի, բայց ինքը զուգահեռաբար խրախուսում ու առաջնորդում է հակառուսական, հակաՀԱՊԿական քարոզարշավներն ու ակցիաները։

Նիկոլն ուզում է, որ ՀԱՊԿ–ը պատերազմ սկսի Ադրբեջանի դեմ, ինչը նշանակում է, որ Հայաստանը պետք է վերածվի Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Արևմուտքի ռազմական բախման թատերաբեմի։ Ահա սա՛ է ուզում, իբր, խաղաղության աղավնի Նիկոլ Փաշինյանը։ Նրա ուզածը Հայաստանի գնով սեփական կաշին փրկելն է։

Երբեք Հայաստանն այսպիսի խայտառակ իմիջ չի ունեցել միջազգային ասպարեզում։

Եթե ոմանց թվում է, թե Արևմուտքում են ընդունում Նիկոլին, ապա չարաչար սխալվոմ են։ Արևմուտքում չեն հարգում Նիկոլին, բայց տեսնում են, որ նա պատրաստակամություն է հայտնել օգտագործվել ՀԱՊԿ–ի ու Ռուսաստանի դեմ, ուստի օգտագործում են։ Այսքան բան։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը