Մեկնաբանություն

08.10.2022 10:44


Ով շահեց «թավշյա» հեղափոխությունից

Ով շահեց «թավշյա» հեղափոխությունից

2018–ին տեղի ունեցած իշխանափոխությունը, որը Նիկոլ Փաշինյանն անվանում էր «թավշյա», ուներ կարգախոս։ Ասում էին, որ սա սիրո և համերաշխության հեղափոխություն է։

Ասում էին նաև, որ «թավշյայի» գլխավոր շահառուն ժողովուրդն է, քանզի դառնում է իշխանության տերը։

Այդ ամենն, իհարկե, հեքիաթներ էին ու ստեր։ «Թավշյա» հեղափոխությունն ունի իրական փայատերեր ու շահառուներ, որոնք օրերս մեկ սեղանի շուրջ հայտնվեցին Պրահայում։ Այդ շահառուներն են՝ Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները, Նիկոլ Փաշինյանը։

Հատկանշական է, որ Էրդողանն ու Ալիևը «թավշյայի» շահառուներ են դարձել որպես իրենց երկրների ղեկավարներ ու օգուտներ են բերել Թուրքիային, Ադրբեջանին, իսկ ահա Նիկոլ Փաշինյանը շահել է որպես անձ՝ Հայաստանի ու Արցախի շահերի հաշվին։

Եթե դիտարկենք «թավշյայի» արդյունքները, ապա դրանք աննախադեպ են Թուրքիայի ու Ադրբեջանի համար։ Ահա այդ արդյունքները՝ Արցախի տարածքների զավթում, Արցախի պետականության ոչնչացում, Հայաստանի ղեկավարի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու պատրաստակամություն, Հայաստանի տարածքների օկուպացիա, Թուրքիայի մուտք հարավկովկասյան տարածաշրջան, Հայաստանի նոր տարածքների զավթման հնարավորություններ և այլն։

Իսկ ի՞նչ են շահել Հայաստանը և Արցախը։ Ոչի՛նչ։ «Թավշյան» զոհերից ու ավերածություններից բացի այլ բան չի բերել։ Ու շարունակում է բերել։ Դրա փոխարեն շահել են Նիկոլ Փաշինյանն ու իր նեղ շրջապատը։ Նրանք արագ հարստացել են՝ «բոմժի» կարգավիճակը փոխարինելով դոլարային միլիոնատերերի կարգավիճակի հետ։

Հիմա էլ Նիկոլ Փաշինյանը շարունակում է բավարարել «թավշյայի» մյուս շահառուներին՝ նախապատրաստելով սեփական կաշվի փրկությունը և փախուստը Հայաստանից։ Վերջինիս նա պատրաստվում է կրակի բերան հանձնել։

Ահա այն ամենը, ինչ բերեց «թավշյա» հեղափոխությունը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը