Մեկնաբանություն

12.09.2022 10:07


«Հպարտ» մենության մեջ․ քաղաքական ճգնաժամը խորանում է

«Հպարտ» մենության մեջ․ քաղաքական ճգնաժամը խորանում է

Այսօր մեկնարկում է խորհրդարանի հերթական նստաշրջանը։ «Ժողովրդավարության բաստիոն» հռչակված Հայաստանում ԱԺ նիստն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կանցկացնի միայնակ։ Համայնավարական ամենավատ ավանդույթները կյանքի կկոչվեն «թավշյա» տղաների ու աղջիկների միջոցով։

Ինչպես հայտնի է, խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել է նիստերի մասնակցությունը< և դա ճիշտ որոշում է։ Պատճառների ու հիմնավորումների մասին նշված էր «Հայաստան» դաշինքի հայտարարության մեջ։

Ընդդիմության չմասնակցելը ԱԺ նիստերին քաղաքականապես տրամաբանված է ու վայելում է հանրային աջակցություն։ Այդ մոտեցումը ձևավորվել է հրապարակում․ ի՞նչ իմաստ ունի մասնակցել արհեստական օրակարգերով քննարկումների, երբ մեր երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ։ Ի՞նչ իմաստ ունի ալենների, լուլուների հետ կոճակ սեղմել, երբ խորհրդարանական մեծամասնությունը վախենում է անգամ մի թթու բառ ասել Հայաստանի ու Արցախի գոյությանը սպառնացող Շուշիի հռչակագրի դեմ։ Ի՞նչ իմաստ ունի թաթախվել ընթացիկի մեջ, երբ խորհրդարանական մեծամասնությունն ապօրինություններ է անում ու խոչընդոտում ընդդիմության աշխատանքները։

Ընդդիմությունն այսօր որոշել է զուգահեռ նիստ անցկացնել։ Թեմաներն առավել քան արդիական են՝ անվտանգություն, սոցիալ–տնտեսական խնդիրներ։

Ինչ վերաբերում է խորհրդարանական մեծամասնությանը, ապա այն ապալեգիտիմացվում է և՛ ձևի, և՛ բովանդակության առումով։ Խորհրդարանում փաստացի միակուսակցական համակարգ է գործում, ինչը փտեցնելու է առանց այն էլ անառողջ «Քաղաքացիական պայմանագրին»։ Սա այն դեպքը չէ, երբ մենությունը կարելի է հպարտ համարել։

Շատ խորհրդանշական է, որ ժողովրդավարությունից, արևմտյան (համամարդկային) արժեքներից խոսողները Հայաստանում ձևավորեցին փտած ու միակուսակցական պարտոկրատիկ իշխանություն։

Միակուսակցական խորհրդարանը մեր երկրում խորացնում է քաղաքական ճգնաժամը, ինչը ժամանակի ընթացքում վերածվելու է խորհրդարանական ու վերջնարդյունքում՝ սահմանադրական ճգնաժամի։ Թե ինչպես ու երբ կավարտվի այս ամենը և ինչ հանգուցալուծում կստանա, մեծապես կախված է ընդդիմության աշխատանքից։ Ճգնաժամը ամբողջ քաղաքական համակարգին է վերաբերում։ Լուծումներն էլ, հետևաբար, քաղաքական պետք է լինեն ու ստանան հանրային լայն աջակցություն։

Կորյուն Մանուկյան

Հ․Գ․ «Ուսապարկերը» մի թեզ են դրել շրջանառության մեջ, թե բա ընդդիմությունը չի աշխատում, բայց աշխատավարձ է ստանում։ Այստեղ կա երկու սուտ պնդում։ Չհաշված՝ դեմագոգիան։

Նախ ընդդիմադիր պատգամավորները, ալենների կամայական որոշմամբ, գրեթե զրկվել են աշխատավարձից։ Այդ պահումներն «ուսապարկերն» ուղղում են իրենց պարգևավճարներին, արտասահմանյան շրջագայություններին ու այլ «կայֆերին»։

Երկրորդը՝ ընդդիմության աշխատանքը ոչ միայն ու ոչ այնքան ԱԺ դահլիճում է, որքան հանրության հետ։ Այդ առումով ընդդիմության աշխատանքը կարող են գնահատել միայն ընտրողները։ Լավ կաշխատեն, Նիկոլ Փաշինյանը կհեռացվի ու խորհրդարանական ընդդիմությունն էլ քաղաքական արդյունք կարձանագրի։ Վատ կաշխատեն, իրենց փոխարեն այլ ուժեր կլուծեն իշխանափոխության հարցը։ Աշխատանքն ու դրա արդյունավետությունն ամեն դեպքում ընտրողն է որոշելու, այլ ոչ թե Ալեն Սիմոնյանը կամ մյուս «ուսապարկերը»։ Մի խոսքով, ժամանակը երկու կողմի համար էլ միացված է։ Իշխանությունը փտում է․ և եթե խորհրդարանական ընդդիմությունը չկարողանա քաղաքական փոփոխություն ապահովել, ապա ինքն էլ կփտի։

Ինչ վերաբերում է «չեն աշխատում, բայց աշխատավարձ են ստանում» ձևակերպման քարոզչական մասին, ապա այստեղ ՔՊ–ականներն ընդհանրապես խոսելու տեղ չունեն։ Իրենք աշխատում ու աշխատավարձ, պարգևավճար, տենդերներ, բոնուսներ, թալանի հնարավորություն են ստանում Արցախի ու Հայաստանի տարածքները հանձնելու, հազարավորների գլուխն ուտելու, մեր երկիրն այս վիճակին հասցնելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը