Մեկնաբանություն

06.09.2022 09:05


Փաշինյանն ու Ալիևը Բրյուսելում որոշել են Արցախում ռուսական խաղաղապահների ապագան

Փաշինյանն ու Ալիևը Բրյուսելում որոշել են Արցախում ռուսական խաղաղապահների ապագան

Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան–Ալիև հանդիպումից հետո վերջինս հայտարարեց, որ որոշվել է հայ–ադրբեջանական «խաղաղության պայմանագրի» հիմքում դնել Բաքվի ներկայացրած 5 սկզբունքները։ Ըստ այդ սկզբունքների՝ Արցախը հայտնվելու է Ադրբեջանի կազմում։

Նիկոլ Փաշինյանն Ալիևի այս հայտարարություններին չի պատասխանել։ Նա ընդամենը նշել է, որ բանակցությունները ծանր են, բայց ինքը գնալու է մինչև վերջ։ «Մինչև վերջը» Նիկոլի համար Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելն է, ինչն, ի դեպ, ինքը քարոզում է 2020–ի նոյեմբերի 9–ից սկսած։

Բրյուսելյան հանդիպումն այնքան հաջող է անցել Ադրբեջանի համար, որ Ալիևն իրեն թույլ է տվել միջազգային լսարանի առաջ քննադատել Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում։ Ալիևի հաբրգածությունն ակնհայտորեն բխում է բրյուսելյան հանդիպումից։ Իսկ այնտեղ որոշվել է ոչ միայն Արցախի ապագան, այլ նաև ռուս խաղաղապահների հարցը։

Պարզ է, որ եթե Նիկոլը համաձայնում է այլևս չհետապնդել Արցախի ինքնորոշման հարցը և առաջնորդվում է Բաքվի 5 սկզբունքներով, ապա ավտոմատ կերպով լուծվում է ռուս խաղաղապահների՝ Արցախից հեռացնելու հարցը, ինչը Արևմուտքի գլխավոր խնդիրն է։ Այսինքն՝ մենք ունենում ենք մի վիճակ, երբ ռուս խաղաղապահների հեռացմանը կողմ է լինում ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև Հայաստանը։

Ալիևը ՌԴ–ի դեմ խոսում է՝ գրպանում ունենալով Նիկոլի համաձայնությունն Արցախի ու ռուս խաղաղապահների մասով (սրան զուգահեռ Նիկոլը Հ1–ով, իր քարոզչագործիքներով և հաճախորդներով հակառուսական քարոզ է տանում)։ Պատահական չէ, որ Մոսկվան շատ նյարդային արտահայտվեց Բրյուսելի միջնորդական նախաձեռնության մասին։ Պատահական չէ նաև այն, որ Մոսկվան սկսեց ինտենսիվ աշխատել Արարատ Միրզոյանի հետ։

Հիշեցնենք, որ Բրյուսելում Ալիևն ու Փաշինյանը պայմանավորվել են կրկին հանդիպել նոյեմբերին ու մինչև այդ աշխատել «խաղաղության պայմանագրի» վրա։ Դա նշանակում է, որ առաջիկա ամիսները ճակատագրական են լինելու Հայաստանի, Արցախի ու ամբողջ տարածաշրջանի համար։ Հայերի փրկության անհրաժեշտ նախապայմանը Նիկոլին հեռացնելն է։ Հակառակ դեպքում «բայրամ» է լինելու։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը