Մեկնաբանություն

17.08.2022 12:08


Ինչպես պարտվեցինք պատերազմում․ «Սուրմալուի» բացահայտումները և Արծրունի «Հաղթելու ենք»-ը

Ինչպես պարտվեցինք պատերազմում․ «Սուրմալուի» բացահայտումները և Արծրունի «Հաղթելու ենք»-ը

Նիկոլ Փաշինյանը տապալեց Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացը, հնարավորություն տվեց Ադրբեջանին Թուրքիայի ներգրավմամբ պատերազմ սկսել։ Այդ պատերազմում մենք հաղթելու շանս չունեինք, եթե անգամ Նիկոլը դա շատ ցանկանար։

«Սուրմալույում» տեղի ունեցածը բացահայտորեն ցույց է տալիս, թե ինչպես ենք Նիկոլ Փաշինյանի ու Արծրուն Հովհաննիսյանի «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո պարտվել 44–օրյա պատերազմում։

Եթե մի կողմ թողնենք բոլոր իշխանությունների գործողությունների մասով ողջամիտ կասկածները և նրանց ուղղված հիմնավոր մեղադրանքները, պատերազմում մենք պարտվել ենք նախևառաջ խայտառակագույն կառավարման որակի պատճառով։

«Սուրմալուի» դեպքերն ապացուցում են, որ Նիկոլ Փաշինյանը փլուզել է բոլոր ոլորտները։ Ինչպես որ պատերազմի ժամանակ էր Նիկոլը լայվ մտնում ու Ֆեյսբուքով կամավորների ջոկատ ձևավորելու կոչ անում, այնպես էլ ԱԻՆ–ը կամավորներ էր պահանջում, մինչդեռ պետությունը նման դեպքերի համար հստակ աշխատող մեխանիզմներ պետք է կիրառի, իսկ կամավորների փոխարեն ներգրավի ոստիկանությանն ու բանակին։ Ամբողջ աշխարհում դա ընդունված պրակտիկա է աղետների ժամանակ։ Ի՞նչ է նշանակում կամավորական։ Շարքային քաղաքացին հո մասնագե՞տ չէ, որ իմանա, թե փլատակներից ինչպես պետք է մարդկանց հանի։

Անհրաժեշտ տեխնիկայի քանակական ու որակական բացակայությունը «Սուրմալույում» ևս հիշեցնում է 44–օրյա պատերազմը, երբ հայտարարվեց, թե, իբր, օդը փակ է, բայց երեխեքն ընկան բայրաքթարների տակ։

Նիկոլը պատերազմի օրերին առաջարկում էր տանից կասկաներ ու բրոնեժիլետ բերել, ինչը խայտառակագույն կոչ էր։ Նույնը հիմա է արվում։

Մի բան էլ․ ինչպես պատերազմի օրերին էր Նիկոլը փորձում իր պատասխանատվության բաժինը գցել ընդդիմության գրպանը, այնպես էլ հիմա են նրա քարոզիչները էժանագին հայտարարություններ անում, թե բա՝ ո՞ւր է ընդդիմությունը, թող գա «Սուրմալու»։ Ուղեղի մի փոքր ծալք ունեցողի համար պարզ է, որ «Սուրմալույում» պետք է պետական համակարգերն աշխատեն ու ընդդիմության ֆիզիկական ներկայությունը դեպքի վայրում բացառապես կարող է բարոյական լինել, ոչ ավելին։ Բայց դե Նիկոլին մուտիլովկան է հետաքրքրում, այլ ոչ թե բուն դեպքը։

Եվ վերջում․ Նիկոլենց քարոզչամեքենան «Սուրմալուի» դեպքերի հետ կապված քարոզչական առումով կրկին «հաղթում էր»՝ շեշտը դնելով էժանագին փիառի, կեղծ լուրերի, այսրոպեական լայք քամող լուրերի վրա։ Պատերազմի օրերին Գետաշենն ու Շահումյանն էին «ազատագրում», հիմա էլ հղի կնոջն ու երեխային էին «ողջ ու առողջ» գտնում փլատակներից։ Ու զարմանալի էր, թե ինչու քանոնահար աղջկա փոխարեն Արծրունը չէր նստած փլատակների ֆոնին ու ինչու չէր գոռում՝ «Հաղթելու ենք»։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը