Տնտեսական

26.01.2021 10:32


Հնարավոր է՝ ՀՀ-ի պետական պարտքը հատի 10 միլիարդ դոլարի սահմանը. Սուրեն Պարսյան

Հնարավոր է՝ ՀՀ-ի պետական պարտքը հատի 10 միլիարդ դոլարի սահմանը. Սուրեն Պարսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն տեղեկությանը, ըստ որի` Հայաստանը ծրագրում է 10-ամյա եվրապարտատոմսեր տեղաբաշխել դոլարով։

Սուրեն Պարսյանի դիտարկմամբ` եվրապարտատոմսերի հիմնական նպատակը պետական բյուջեն լրացուցիչ գումարներով ապահովելն է, ինչի միջոցով կֆինանսավորվեն ընթացիկ ծախսերը։ Ըստ նրա` մենք թռիչքաձև զարգացում կամ տնտեսական աճ չենք ունենալու այդ պարտատոմսերով, քանի որ դրանց շնորհիվ կհատկացվեն թոշակներ, աշխատավարձեր, պարգևատրումներ, պետական ապարատի պահպանման համար նախատեսված գումարներ։

«Ակնհայտ է, որ մենք տնտեսական աճ ապահովող գործոններ այս պահին չենք նախատեսում, հետևաբար հաջորդ տարիների ընթացքում չենք կարողանալու տնտեսությունը զարգացնել, որպեսզի գան լրացուցիչ եկամուտներ և դրա շնորհիվ պարտքերը փակենք։ Արդեն պաշտոնական վիճակագրության համաձայն` 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մեր պետական պարտքը հասել է 8 միլիարդ դոլարի, այս տարի պետական բյուջեի շրջանակներում լրացուցիչ 1 միլիարդի չափով պարտք ևս կավելանա, ինչին գումարվելու է նաև պատերազմի ընթացքում զենքի ձեռքբերման համար նախատեսված վարկը, ուստի հնարավոր է, որ այս տարվա ընթացքում անցնենք նույնիսկ 10 միլիարդի սահմանը»,-նշեց տնտեսագետը։

Պարսյանի կարծիքով` այս իրավիճակում պետք է լուրջ վերանայենք մեր ֆինանսական քաղաքականությունը, այդ շրջանակներում կարողանանք ներքին ֆինանսական աղբյուրները բացահայտել։ Ըստ նրա` հնարավոր է անցնել պրոգրեսիվ հարկման, որի պայմաններում պետք է գործի «շատից շատ, քչից քիչ» սկզբունքը։

«Գործող իշխանությունները դրան հակառակ քայլեր են ձեռնարկում, բարձր եկամտաբեր ոլորտների, հարուստների, բարձր աշխատավարձ ստացողների հարկերը նվազեցրին, բայց դրա հաշվին ավելացրին պետական պարտքը, ինչը սխալ քաղաքականություն է։ Սա տանելու է նրան, որ Հայաստանը պարտադրված ընդունելու է Արժույթի համաշխարհային կազմակերպության, Համաշխարհային բանկի պարտադիր պայմանները, ինչի արդյունքում առողջապահությունը, կրթությունը անցնելու են ավելացված արժեքի լրացուցիչ հարկման»,-նշեց տնտեսագետը։

Նրա գնահատմամբ` գները կավելանան, ծառայությունները կթանկանան, կրթությունն ու առողջապահությունը կդառնան անմատչելի, հետևաբար Հայաստանը գնալով մտնում է ֆինանսատնտեսական լուրջ ճգնաժամի մեջ, կառավարությունն ըստ էության նստած է պարտքային ասեղի վրա, օր օրի պետական պարտքն ավելանում է և դառնում անկառավարելի ու բարձր ռիսկային, և այս կերպ շարունակվելու դեպքում Արժույթի միջազգային կազմակերպությունը կվերանայի մեր նկատմամբ բոլոր պահանջները, վարկանիշները, ինչի արդյունքում վարկային միջոցները մեզ համար կդառնան ավելի թանկ, Հայաստանի վարկունակությունը կնվազի։

Այս խորագրի վերջին նյութերը