Տնտեսական

18.10.2020 13:39


Սոթքը կանգնած է

Սոթքը կանգնած է

Սոթքի ոսկու հանքավայրը, որն աշխատեցնում է «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խումբը, արդեն մոտ 20 օր է՝ չի գործում: Արտադրությունը կանգ է առել: Աշխատողները պարապուրդի են մատնված: Աշխատանքային դադարը ոչ մի կապ չունի բնապահպանական խնդիրների հետ, որոնց պատճառով հեղափոխությունից հետո պարբերաբար տեղի բնակչությունը պահանջում էր կանգնեցնել ոսկու հանքի գործունեությունը, ճանապարհ էր փակում:

Այս անգամ Սոթքի հանքավայրը փակվել է ռազմական դրության պատճառով: Այս մասին մեզ հայտնեց «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի մամուլի հարցերով պատասխանատու Ռուզաննա Գրիգորյանը: «Սոթքի հանքավայրը Սոթք գյուղի մոտակայքում է, գտնվում է սահմանամերձ գոտում, սահմանից ոչ հեռու: Հանքավայրի աշխատանքը դադարեցվել է ղեկավարության որոշմամբ արցախա-ադրբեջանական կոնֆլիկտի սրացման հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին: Մեր ընկերության ղեկավարությունը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Սոթքի հանքավայրը գտնվում է Արցախի հետ սահմանից ոչ հեռու, փաստացի, սահմանամերձ շրջանում, արտադրությունը դադարեցնելու որոշում է ընդունել՝ հանքավայրի բոլոր աշխատակիցների անվտանգությունը երաշխավորելու նպատակով»,-ասաց մամուլի պատասխանատուն:

Այսօր Սոթքի հանքավայրի տարածքը գտնվում է պաշտպանական գերատեսչության վերահսկողության տակ: Փաստացի, սա պատերազմական գոտի է: Վարդենիսը, մասնավորապես Սոթք համայնքի տարածքը, ինչպես հայտնի է, պատերազմի առաջին օրերից պարբերաբար ռմբակոծությունների է ենթարկվել ադրբեջանական զինուժի կողմից:

Հանքավայրում կան թանկարժեք սարքավորումներ, անգարներ, ի՞նչ վիճակում են դրանք, արդյոք հանքավայրը տուժե՞լ է ռմբակոծություններից եւ ի՞նչ չափով: Հարցն ուղղեցինք ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանին: «Մանրամասներ չենք կարող հայտնել: Այն, ինչ ենթադրում եք, կարող է եւ այդպես լինի: Մարդիկ վախենում են, դրա համար հանքը չի գործում»,-ասաց նա՝ չհերքելով, որ հանքավայրի տարածքը ՊՆ վերահսկողության տակ է:

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը