Մեկնաբանություն

25.05.2020 17:06


Նիկոլ Փաշինյանը ցնցումնե՞ր է ուզում

Նիկոլ Փաշինյանը ցնցումնե՞ր է ուզում

Մեր երկրում պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել։ Համաճարակային ու սոցիալ-տնտեսական ճգնաժամերը լուրջ խնդիրների առաջ են կանգնեցրել Հայաստանը։ Մենք իտալական Բերգամո դառնալու ճանապարհին ենք։ Այս ամենի համար պատասխանատու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է։ Այդ նա՛ էր, որ վարակի տարածման դեմն առնելու փոխարեն հանրաքվե նշանակեց, հավաքներ կազմակերպեց։

Այդ նա՛ էր, որ ուշացումով արտակարգ դրություն հայտարարեց, բայց ամեն ինչ ձևական ու փնթի բնույթ էր կրում․ մենք շատ թանկարժեք ժամանակ կորցրեցինք։

Հիմա Փաշինյանը շատ մեծ ուշացումով հասկացել է, որ սխալվել է։ Հասկացել է ու խուճապի մատնվել։ Բայց արդեն ուշ է։

Ինքը մեր երկրի ամեն ինչն է՝ դատավորից մինչև համաճարակաբան։ Նա իր անձով փոխարինելով ամբողջ պետական համակարգը՝ դարձավ պետական համակարգում փլուզումների պատճառ։ Նաև՝ սպառնալիք մարդկանց կյանքին ու առողջությանը։

Փաշինյանը ողբերգությունը դարձնում է Հայաստանի «թրենդը»։ Մենք աշխարհի կորոնավիրուսային կենտրոններից ենք դառնում՝ ապաշնորհ, ամբոխավար և պոպուլիստական կառավարության ու անձամբ դրա ղեկավարի պատճառով։

Փաշինյանը շատ լավ գիտի, թե ինչ հանցավոր անգործություն է ցուցաբերել։ Գիտի, թե ինչ ղալաթ է արել, բայց փորձում է մեղքը գցել բոլորի վրա և կառչել աթոռից։

«Ժողովրդի» վարչապետի միակ խնդիրն այժմ աթոռը պահելն է։ Այլ հարցերը նրան չեն հետաքրքրում կամ հետաքրքրում են երկրորդական պլանով։

Համաճարակի հաղթահարման համար նա «էն գլխից» պատասխանատու և մեղավոր է նշանակել ՀՀ հպարտ քաղաքացուն։ Տնտեսական ճգնաժամի համար՝ բիզնեսմեններին։ Սոցիալական լարվածության համար՝ հարևանի կոմունալը չվճարող ունևորին։ Վե՛րջ։ Ինքը մտածում է միայն աթոռի մասին։ Համ էլ՝ փող աշխատելու։ Ընդորում՝ չի էլ փորձում հերքել փող աշխատելը։ Ասում է ՝ ով ուզում է հավատալ, թող հավատա, չեմ ապացուցելու, որ ուղտ չեմ։ Այսինքն՝ չեմ էլ փորձելու հերքել, քանզի հասկացողը չի հավատալու, իսկ չհասկացողին իմաստ չունի համոզելը, քանզի նա հիմարի պես հավատում է ամեն ասածիս։

Նիկոլ Փաշինյանի վարքագիծն այժմ շատ պարզ է։ Ինքն ասում է, որ եթե ուզում եք փրկվել համաճարակից ու տնտեսական ճգնաժամից, ապա ինձ վրա հույս չդնեք, իսկ եթե իմ իշխանությունը դուրներդ չի գալիս, ապա նոր հեղափոխություն արեք, բայց իմացեք, որ խանգարելու եմ և ձգտելու եմ ատամներով պահել աթոռս։ Այսինքն՝ ինքը ցնցումային զարգացումների նախադրյալներ է ստեղծում։

Թե ինչ հանգուցալուծում կստանա այս վիճակը, պարզ կդառնա մոտ ապագայում։ Ճգնաժամն արագացրել է ժամացույցի աշխատանքը։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը