Մեկնաբանություն

30.07.2019 20:51


Գեղցիության մարտահրավերը

Գեղցիության մարտահրավերը

Երբ էլիտաները հեռացան լայն զանգվածներից, հաբռգեցին, լճացան ու ձախողվեցին, իշխանությունն անցավ գեղցուն:

Հայաստանում հիմա գեղցու իշխանություն է: Իշխանություն, որը «ժողովրդի ծոցից» է դուրս եկել: Դա այն ժողովուրդն է, որը մայրաքաղաքի կենտրոնում կարող է լվացած ներքնաշորը կախել Մաշտոցի պողոտայի վրա:

Այդ ժողովուրդը բակում բուրդ է չփխում ու խալի լվանում՝ «Վարդո՛ւշ, մի հատ կոֆե դիր խմենք, մինչև մարդս գա հասցնեմ էս գործերը» նախադասության ուղեկցությամբ:

Սա հնդկական սերիալների ազդեցության տակ արտասուք թափող ու ռաբիսի տակ տրջիկ տվող ժողովուրդն է:

Սա քաղաքից դուրս գնացող, խալաթներով Սևանում լողացող, պոմիդոր ու բադրիջան մաքրող, կոֆե խմելուց հետո բաժակը նայել պահանջող ու սեքսի բացակայությունից ջղային ժողովուրդն է:

Սա սպիտակ «պլեչներով մայկա» հագնող ու մի քանի «ռազմեր» մեծ «շորտիկով» փողոց դուրս եկող և մայթում ամորձիները քորող տղամարդկանց այն խումբն է, որը միշտ օգտագործվել է որպես ընտրակեղծիքների ու կեղտոտ գործերի «մատերիալ», բայց հիմա դարձել է հպարտ քաղաքացի:

Սա գյուղից մայրաքաղաք եկած ու այդպես էլ երկրորդային սոցիալիզացիա չապրած զանգվածն է: Քրտնքահոտով, հիգիենայի պարագաների վրա զրոյական գումար ծախսող ու անթրաշ այն մարդկանց խումբը, որոնք հեղափոխության օրերին գետնի տակից դուր եկան ու սկսեցին փողոց փակել, իսկ վերջում՝ խորոված անել:

Սա փող ունեցող այն զանգվածն է, որի կյանքի իմաստը «յաշիկ» Մերսեդեսն է (մինչև այդ փուլին հասնելը բավարարվում էին «Նիվայով») ու մեծ որովայնը: Սրանք փորները կուշտ, բայց աչքները սոված մարդիկ են:

Գեղցիությունը կապ չունի ծննդավայրի հետ: Սա այն ժողովուրդն է, որը ծնվել է քաղաքի կենտրոնում, բայց ուղն ու ծուծով գեղցի է ու ամենավտանգավորը՝ անգրագետ:

Սովետի ժամանակ սրանք կային, բայց կոմունիստները ստանդարտներ էին սահմանել ու թույլ չէին տալիս, որպեսզի գեղցիությունը դառնա դոմինանտ:

Անկախ Հայաստանում շանս կար, որ ազգային էլիտան կկրթի հասարակությանը, բայց դա, ավա՜ղ, տեղի չունեցավ: Եղավ ճիշտ հակառակը: Էլիտաները նպաստեցին հանրության դեգրադացիային: Եվ բնական էր, որ այդ պայմաններում իշխանության պետք է գար գեղցին: Տեղի ունեցավ քաղաքական կյանքի ԱԼՄ-ացում:

Գեղցու իշխանությունը մարտահրավեր է: Արժեհամակարգային մարտահրավեր:

Սա նաև դիագնոզ է: Մեր պետության հիվանդության դիագնոզը: Մենք չպետք է բողոքենք այս վիճակից: Այս ամենին պետք է նայել որպես հիվանդություն, որը պետք է բուժել և ամեն ինչ անել, որպեսզի հետագայում հիվանդությունը չկրկնվի:

Սա նաև լուրջ դաս է մտավոր էլիտային: Չի կարելի իրականությունից կտրվել այնքան, որ վերջում գեղցին թրիքոտ ոտքերով գա ու փորձի ապացուցել, որ ամեն մի խոհարարուհի կարող է երկիր ղեկավարել:

Ի դեպ, կոմպլեքսավորվել պետք չէ: Բոլոր ժողովուրդներն էլ ունեցել են կամ ունեն իրենց քաղաքական ու հասարակական կյանքի գեղցիացման փուլերը: Խնդիրն այն է, որ մարտահրավերի հաղթահարման ընթացքում գեղցին այնքան վնաս չտա ու այնպիսի ավերածություններ չգործի, որ անդառնալի հետևանքներ ունենանք:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը