Մեկնաբանություն

13.12.2010 16:33


Հրանտ Թոխատյանը նախկին քաղաքապետերի հետ չունի՞

Հրանտ Թոխատյանը նախկին քաղաքապետերի հետ չունի՞

Դերասան, հաղորդավար Հրանտ Թոխատյանից «7օր»-ը փորձել է ճշտել, թե ինչպես է վերաբերվում Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականին' առավել ևս, որ նախընտրական շրջանում Հրանտ Թոխատյանը հանդես էր գալիս հօգուտ Բեգլարյանի:

Հ. Թոխատյանը նախ ասել է, որ չի ուզում ոչ մի բան մեկնաբանել, հետո հավելել է, որ հօգուտ ոչ մեկի հանդես չի եկել, բացի հանրապետության նախագահից:

Հիշեցնենք, որ Գ. Բեգլարյանի քաղաքապետ դառնալուց հետո Թոխատյանը հարցազրույց էր տվել «Լրագիր» էլեկտրոնային կայքէջին ու մասնավորապես նշել հետևյալը. «Ի վերջո, Գագիկ Բեգլարյանը եղել է թաղային հեղինակություն, երևի վայելել է այդ հեղինակությունը, որովհետև այսքան հեշտ չէ Երևան քաղաքում լինել հեղինակություն: Հիմա դրան հասել է իր խելքով, ուժով, կարողություններով, շրջապատով, ճարպկությամբ, չգիտեմ, համենայն դեպս իմ նշած հատկանիշների հավաքածուն անպայման եղել է Գագիկ Բեգլարյանի մեջ, որ ինքը դարձել է հեղինակություն, և որոշակի մարդիկ (իր տարիքից ավելի ցածր կամ բարձր) հաշվի են նստել իր կարծիքի հետ: Երբ Գագիկ Բեգլարյանը դարձավ Կենտրոն համայնքի թաղապետ, մաքրության, շենքերի լուսավորության հետ կապված նրա աշխատանքները տեսել եմ իմ աչքով, նա կատարել է, իրականացրել է կանաչապատման աշխատաքներ և այլն»։

Հ. Թոխատյանը նաև հրաժարվել է թեկուզ որպես երևանցի ասել, թե իր համար ով էր ավելի լավ քաղաքապետ' Գագիկ Բեգլարյանը, թե, ասենք, Երվանդ Զախարյանը, ում հետ կապված youtube–ում սկանդալային տեսանյութ հայտնվեց: Այդ տեսանյութում Թոխատյանն անվայելուչ կերպով էր արտահայտվել Զախարյանի հասցեին։

-Ես ընդհանրապես չեմ ուզում ոչինչ մեկնաբանել, մանավանդ մեր որևիցե էլեկտրոնային կամ ոչ էլեկտրոնային մամուլին: Անիմաստ եմ գտնում այդ ամեն ինչը անել, – նշել է Թոխատյանն ու այլևս չի ցանկացել պատասխանել մեր հարցերին:

Փաստորեն ստացվում է, որ Հրանտ Թոխատյանը միայն գործող քաղաքապետի ու այլ պաշտոնյաների մասին է դրական արտահայտվում, ու հենց նրանք պաշտոնազրկվում են՝ Թոխատյանը նրանց հետ սկսում է չունենալ։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը