Մեկնաբանություն

07.10.2010 00:17


Հայ-վրացական «ֆուտբոլ»

Հայ-վրացական «ֆուտբոլ»

ՀՀ-ի համար հայ-թուրքական «ֆուտբոլային» քաղաքականության բացասական հետևանքների մասին շատ է խոսվել ու դեռ էլի կխոսվի։ Փաստ է, որ բոլոր այն նպատակները, որոնք իրենց առաջ դրել էին հայաստանյան իշխանությունները՝ չիրագործվեցին։ «Ֆուտբոլից» մնացին միայն տխուր հիշողություններ և «կերված» գոլեր։ Հաշվի առնելով այդ ամենը՝ Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը հավակնում է դասագրքային դառնալ այն առումով, որ ուսանողներին կարելի է ցույց տալ, թե ինչպիսին չպետք է լինի պետության դիվանագիտությունը։  Սարգսյանական «նախաձեռնողականությունն» այլևս զիջողականության, պարտությունների, դիլետանտիզմի և այլ նմանատիպ բաների հոմանիշն է։

Ի դեպ, այս իշխանություննների «նախաձեռնողականությունն» ու «ֆուտբոլ» խաղալը միայն Թուրքիայի մասով չէ։ Վրացիների հետ էլ մերոնք այնպես ոչինչ «ֆուտբոլ» են խաղում։ Այդ «ֆուտբոլի» արդյունքում հայոց լեզուն Ջավախքում հետզհետե դուրս է մղվում դպրոցներից, և վրացական իշխանությունները հաջողությամբ կյանքի են կոչում «Ջավախքն առանց հայերի» ասիմիլյացիոն ու ակնհայտ հակահայ քաղաքականությունը։ Դրան ի պատասխան այստեղից միայն անիմսատ բաժակաճառեր են հնչում, և անհասկանալի վախվորածություն է դրսևորվում վրացիների հանդեպ՝ «Մեր վագոնները Վրաստանով են անցնում» թեմայով։

ՀՀ իշխանությունները լավ չեն պատկերացնում, որ եթե վաղը մյուս օրը Ջավախքի  հայկական գործոնը չլինի, ապա այդ վագոններն ընդհանրապես չեն անցնի Վրաստանի տարածքով, կամ էլ այնտեղ այնպիսի նվաստացուցիչ մթնոլորտ կստեղծեն հայ գործարարների համար, որը կարող է միջպետական կոնֆլիկտի հանգեցնել, ինչը չի բխում երկու երկրների շահերից։

 Սարգսյան-Նալբանդյան զույգին թվում է, թե հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալու համար պետք է աչք փակել բոլոր խնդիրների վրա, դիմացինին անընդհատ «այո» ասել, անողնաշարություն դրսևորել ու խոսափել հարցեր բարձրացնելուց։ Այդօրինակ պահվածքը (մասնավորապես Վրաստանի հետ հարաբերություններում) հանգեցրել է նրան, որ վերջերս Երևանում գտնվող  վրաց արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն իրեն այնքան էլ հյուրի պես չէր պահում։ Եվ դա բնական է։ Եթե վրացիները տեսնում են, որ ի դեմս հայկական իշխանությունների ունեն «նախաձեռնողներ», ովքեր կենացների մակարդակով են պատկերացնում հայ-վրացական հարաբերությունները, ապա իրենց բավական լկտի կարող են պահել, ինչն էլ նկատվում էր Վաշաձեի վարքագծում։

Հայաստանում ռուսական ռազմաբազաների գտնվելու ժամկետի երկարաձգման վերաբերյալ հայ-ռուսական պայմանագրին անդրադառնալով՝ Վրաստանի ԱԳ նախարարը նշել էր, թե դրանք սպառնալիք են Վրաստանի անվտանգությանը։ Վաշաձեն համարյա հաթաթա էր տալիս հայկական կողմին, թե այս ինչ եք արել, դա իրենց դուր չի գալիս։ Հայկական կողմն, ի դեմս համատեղ ասուլիսի մասնակից արտգործնախարար Նալբանդյանի, ձայն-ծպտուն չհանեց ու չասեց, թե ձեր ի՞նչ գործն է, թե մենք ում հետ ինչ պայմանագիր կկնքենք, դուք մեզ հարցնու՞մ եք, երբ թուրքերի հետ սիլի-բիլի եք անում, իսկ Ադրբեջանի հետ էլ համարյա համադաշնություն ստեղծելու ճանապարհին եք։

Թողնենք այն հարցը, թե պե՞տք են մեզ ռուսական ռազմաբազաներ, թե՞ ոչ, և ճի՞շտ էր արդյոք պայմանագրի երկարաձգումը ռուսների հետ։  Դա տվյալ պարագայում բացառապես Հայաստանին ու ՌԴ-ին վերաբերող խնդիր է ու վրացիները չէ, որ պետք է մեզ ուղղություն ու խորհուրդներ տան, և դեռ մի բան էլ «մուննաթ» գան։ Մեր նախարարը նախարար չէր, որ հենց տեղում հակադարձեր Վաշաձեին, թե Կարս-Թբիլիսի-Բաքուն երկաթգծի կառուցումն ու արդեն գործող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն էլ վտանգում է ՀՀ շահերը, բա ինչու՞ եք այդպիսի նախագծերի մասնակցում։ Բայց չէ, Սերժ Սարգսյանը շա՜տ «նախաձեռնողական» է, իսկ դա պահանջում է, որ իր նշանակած արտգործնախարարն էլ հեզիկ-նազիկ լինի ու լուռ ունկնդրի, թե ինչ են ասում մեր ոխերիմ բարեկամները։

Ու դեռ շատ բաներ նրանք մեզ կասեն։ Եթե վրացիները Ջավախքում ակնհայտ հակահայ քաղաքականություն են վարում, իսկ փոխարենը ՀՀ-ի արտաքին քաղաքականության խորհրդանիշը ջայլամն է դառնում, ապա այդպես էլ պետք է լիներ։

Վրաստանը «պեռսոնա նոն գռատա» է ճանաչում ՀՀ ԱԺ իշխող խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանին, ու նրան արգելում է այցելել հայրական տուն։ Ս. Սարգսյանը դրան «համարժեք» և «հուժկու» պատասխան է տալիս. Սահակաշվիլին այդ օրերին պարգևատրվում է ՀՀ պետական բարձրագույն մեդալով։

Դրանից առաջ՝ Սահակաշվիլիի թիմը Ջավախքում փորձում էր հայերի ձեռքերով բանտ կառուցել, իսկ Սարգսյանն, ի նշան «բողոքի», բռնեց ու այդ բանտաշինարարներին իր պատգամավորական ցուցակով բազմեցրեց Հայոց պառլամենտի աթոռին։

Ու էլի շատ այսպիսի բաներ կարելի է հիշել ու զուգահեռներ անցկացնել, որից պարզ կդառնա, որ Սերժ Սարգսյանը «ֆուտբոլ» է խաղում բոլոր ուղղություններով, և ամենուրեք նույն արդյունքն է։ Արանքում տուժում է Նալբանդյանը՝ փորձության ենթարկելով իր բազմաչարչար թշիկները։ Իսկ գլոբալ տուժողը , բնականաբար, Հայաստանն է և Հայաստանի ռազմավարական շահերը։ Ու որքան շատ հանդուրժենք այս ամենը, այնքան «նախաձեռնող» կդառնա մեր երկիրը։ Կարծում եմ, որ չարժե մեզ թույլ տալ նման «ճոխություն»։ Այնպես չէ՞։

Կարեն Հակոբջանյան  

Այս խորագրի վերջին նյութերը