Խմբագրական

08.01.2016 14:12


Ի՞նչ հետևանքներ կունենան տնտեսական կատակլիզմները Հայաստանի վրա. մեր անելիքը

Ի՞նչ հետևանքներ կունենան տնտեսական կատակլիզմները Հայաստանի վրա. մեր անելիքը

Տարին սկսվեց միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի նոր ալիքով։

Չինական ֆոնդային շուկայի փլուզմանը հաջորդեց ամերիկյանը։ «Դոու Ջոնսի» ինդեքսի չորսօրյա շարունակական անկումը վատագույն ցուցանիշն է վերջին 119 տարվա ընթացքում։

Ֆոնդային շուկաներում առկա խնդիրները, բնականաբար, անդրադառնում են համաշխարհային արտադրության ու սպառման ծավալների վրա։ Կյանքի որակն ընկնում է։

Ֆինանսատնտեսական ճգնաժամն ուղեկցվում է նավթի գների անկմամբ։ «Սև ոսկու» առաջարկն այնքան է գերազանցում պահանջարկը, որ փորձագետները կանխատեսում են հետագա գնանկում։

Իրանի մուտքը միջազգային շուկա, ինչպես նաև երկար դադարից հետո ամերիկյան նավթի արտահանումը խախտում են մինչ այդ ձևավորված ստատուս–քվոն, ինչն էլ հանգեցնում է գների անկմանը։ Երեկ մեկ բարել նավթի գինն իջել էր 33 դոլարից, ինչը 2004թ.–ից այս կողմ գրանցված ամենացածր գինն է։

Ռուսաստանը և մենք

Նավթի գնանկումը հարվածում է ռուսական տնտեսությանը, ինչի հետևանքով էլ արժեզրկվում է ռուբլին։ Դա էլ իր հերթին հարվածում է Հայաստանի տնտեսությանը երկու պատճառով։

Հայտնի է, որ արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիների մեծ մասը մասնավոր դրամական փոխանցումներն իրականացնում է Ռուսաստանից։ Այդ պետության տնտեսական վիճակի վատացումը, հետևաբար, չի կարող չանդրադառնալ ՌԴ–ում գումար վաստակող ՀՀ քաղաքացիների ֆինանսական վիճակի վրա։ Դա նշանակում է, որ շարունակվելու է տրանսֆերտների քանակի կրճատումը, ինչն իր հերթին մեզ մոտ կբերի հարյուր հազարավոր մարդկանց գնողունակ պահանջարկի կրճատմանը՝ բացասական ազդեցություն թողնելով մեր սպառողական շուկայի և պետական բյուջեի վրա։

Ռուսական ռուբլու արժեզրկումը «կայուն» և «ուժեղ» ՀՀ դրամի համապատկերին շատ վատ լուր է ռուսական շուկա արտահանող մեր գործարարների համար։

Հայկական արտադրանքը ՌԴ–ում թուլացող ռուբլու պայմաններում թանկանում է, ինչն էլ կբերի, մասնավորապես, գինու, օղու և կոնյակի արտադրությամբ զբաղվողների վիճակի վատացմանը։ Արտահանման այդ ուղղությունը մենք կարող ենք անդառնալիորեն կորցնել։

Եթե այս միտումը պահպանվի, ապա 2016–ին մենք ոչ թե մարզային ճանապարհները փակող և խաղողի մթերում պահանջող գյուղացիներ կունենանք, այլ նախագահականը, խորհրդարանն ու կառավարությունը շրջափակող հոծ զանգվածներ՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։ Եվ սա միայն մեկ ոլորտում սպասվող զարգացումները ներկայացրեցինք։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչ է սպասվում ամբողջ տնտեսության մակարդակով։

Հայաստանի իշխանությունները ոչինչ չարեցին ԵՏՄ շրջանակներում մեր գործարարների համար նոր շուկաներ գտնելու հարցում, բարենպաստ ոչ մի քաղաքականություն չվարվեց։ Եվ դա այն դեպքում, երբ հսկայական հնարավորություններ են բացվել ՌԴ–ի դեմ արևմտյան պատժամիջոցների և թուրքական բիզնեսի համար ռուսական պատժամիջոցների կիրառման արդյունքում։

Ադրբեջանը և մենք

Նավթի միջազգային գների անկումն ու Ալիևի վարչակազմի խայտառակ տնտեսական քաղաքականությունը (այնտեղ մեր տնաբույծ նեոբոլշևիկների երազած «հակաօլիգարխիկ» պայքարն էր իրականացվում, որի արդյունքում կապիտալը ոչ թե լքեց Ադրբեջանը, այլ քառատրոփ փախավ այնտեղից՝ իր հետևից բերելով փլուզումներ) ծանր վիճակի մեջ է դրել մեր թշնամի պետությանը։

Ադրբեջանական մանաթը շարունակում է արժեզրկվել, պետական դոլարային պահուստները նվազում են, և ադրբեջանական իշխանությունները ստիպված հրշեջային քաղաքականություն են վարում՝ փորձելով մարել տնտեսության բոլոր հատվածներում բռնկվող կրակը։

Եթե այս ամենին գումարենք նաև Ադրբեջանի ներքաղաքական խնդիրներն ու միջազգային անբարենպաստ վիճակը, ապա պատկերն ամբողջական կդառնա։

Արդեն բաց տեքստով են խոսում այն մասին, որ Իրանը փորձում է շիական շրջանակների միջոցով հեղաշրջում կազմակերպել Բաքվում։

Ալիևն, ինչպես հայտնի է, սուննի քուրդ է, իսկ Ադրբեջանի մեծ մասը շիաներ են։ Ասել է թե՝ Ադրբեջանում այնպիսի պատկեր է, ինչպիսին Իրաքում Սադդամ Հուսեինի ժամանակ, երբ Հուսեինի գլխավորած սուննի փոքրամասնությունն իշխում էր շիա մեծամասնությանը։ Թե ինչ եղավ Իրաքում, հիշեցնելու կարիք չկա։

Բացի Իրանից՝ Ադրբեջանի համար խնդիրներ է առաջացնում նաև Արևմուտքը։ Մասնավորապես, ԱՄՆ կոնգրեսը պատրաստվում է կոշտ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ այն դեպքում, եթե Ալիևը չգնա զիջումների մարդու իրավունքների և քաղաքացիական ազատությունների հարցում։ Դրանք, իհարկե, ձևական պատրվակներ են։ Վաշինգթոնի կողմից պաշտոնական Բաքվի հարձակման ենթարկվելու բուն պատճառն այն է, որ Ալիևը Ադրբեջանում փակեց բոլոր արևմտյան կառույցները՝ նրանց համարելով լրտեսական ցանցեր։ Նման բաներն Արևմուտքում չեն ներում։

Ալիևյան լրատվամիջոցները հիմա ուրախացել են, որ Օբաման հրավիրել է Ադրբեջանի նախագահին ԱՄՆ՝ մասնակցելու միջուկային անվտանգության թեմայով գագաթաժողովին։ Նկատենք, սակայն, որ ԱՄՆ նախագահի հրավերը չի նշանակում, որ ամերիկացիները փոխել են իրենց դիրքորոշումը Ալիևի վարչակազմի նկատմամբ։ Մինչև Ադրբեջանում քաղբանտարկյալներն ազատ չարձակվեն, ու Արևմուտքի պահանջած մյուս քայլերը չարվեն, պատժամիջոցներից հնարավոր չի լինելու խուսափել։

Ադրբեջանի համար միջազգային ասպարեզում խնդիրներ առաջացրեց նաև Թուրքիան՝ խփելով ռուսական ինքնաթիռը։

Պաշտոնական Երևանի արկածախնդրային «արևմտամետ» քաղաքականության և անհեռատես «նախաձեռնողականության» արդյունքում բավական ջերմացել էին Մոսկվայի ու Բաքվի հարաբերությունները։ Սիրիայի տարածքում Անկարայի քայլից հետո ՌԴ–ում վերանայել են իրենց մոտեցումները ոչ միայն Թուրքիայի, այլ նաև դրա փոքր եղբայր համարվող Ադրբեջանի նկատմամբ։ Իսկ դա խփում է Ալիևի երկդիմի քաղաքականությանը՝ ստիպելով նրան դժվարին ընտրություն կատարել եղբայրական Թուրքիայի ու մեր տարածաշրջանում ազդեցիկ Ռուսաստանի միջև։

Հանրագումարելով այս ամենը՝ կարող ենք արձանագրել, որ Ալիևը շատ ծանր վիճակում է հայտնվել։ Նման վիճակում հայտնված ավտորիտար ղեկավարները շատ հաճախ գնում են արկածախնդրության։ Դա այն դեպքում, երբ նրանք այլ ձև չեն ունենում իշխանությունը պահելու։

Արկածախնդրության Ալիևը կարող է գնալ Ղարաբաղի ուղղությամբ՝ նախաձեռնելով լայնամասշտաբ պատերազմ։ Կանի՞ դա, թե՞ ոչ, կախված է մի շարք հանգամանքներից։ Ամեն դեպքում, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի։

Ո՞րը պետք է լինի մեր անելիքը

Որպես փոքր և բաց տնտեսություն ունեցող պետություն՝ Հայաստանը չի կարող ազդել միջազգային տնտեսական կոնյունկտուրայի վրա, սակայն մենք կարող ենք մեղմել բացասական ազդեցությունները և նախադրյալներ ստեղծել զարգացման համար։

Միջազգային ճգնաժամը կարող է հնարավորությունների դուռ բացել, եթե վարենք խելամիտ հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականություն։

Հարկաբյուջետային արդյունավետ քաղաքականություն՝ հիմնված ճկունության և կարգապահության վրա։ Սա՛ պետք է լինի կառավարության մոտեցումը։

«Ամեն ինչ հանուն պետական բյուջեի» փիլիսոփայությունը պետք է փոխարինվի «Կարևորը տնտեսության զարգացումն է և կյանքի որակի բարելավումը, այլ ոչ թե ամեն գնով բյուջե հավաքելը և «ատկատային» մեխանիզմներով ծախսելը» փիլիսոփայությամբ։ Բյուջեն պետք է լինի ֆունկցիա, այլ ոչ թե նպատակ, որն արդեն վերածվում է «լեգալ» կոռուպցիայի աղբյուրի։

Դրամավարկային ոլորտում պետք է անցում կատարել, այսպես կոչված, կառավարելի–լողացող փոխարժեքի քաղաքականությանը՝ միտված դրամի փոխարժեքի թուլացմանը։

Հարկաբյուջետային ճիշտ քաղաքականության և հակամենաշնորհային մոտեցումների, ինչպես նաև իշխանության վերին օղակների դրամական ախորժակի զսպման դեպքում դրամի թուլացող փոխարժեքը չի կարող ինֆլյացիոն ճնշումներ առաջացնել, իսկ առաջացնելու դեպքում էլ դրանք էական չեն լինի։

Ինքնին հասկանալի է, որ գործող իշխանության պարագայում բարեփոխումների և ճշգրիտ քայլերի հույս ունենալն առնվազն միամտություն է։

Սերժ Սարգսյանն իր նախագահության տարիներին ապացուցել է, որ չի կարող դրական արդյունք ապահովել արտաքին ու ներքին քաղաքական ոլորտներում, իսկ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը Բաղրամյան 26–ի ազդեցությունից չի կարողանում դուրս գալ, ինչը նշանակում է, որ տնտեսության մեջ առկա բացասական միտումները հաղթահարել հնարավոր չի լինի։

Կասկածից վեր է, որ ՀՀԿ ղեկավարը կուզենար, որ ամեն ինչ լավ լիներ, սակայն նրա այդ ցանկությունն անհամատեղելի է այն փիլիսոփայության հետ, որի շրջանակներում նա կառավարում է և դեռ մի բան էլ ուզում է «հավերժացնել» իր իշխանությունը նոր Սահմանադրության միջոցով։

«Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման ծրագիրը խոր հակասության մեջ է Հայաստանի շահերի հետ։ ՀՀԿ ղեկավարի և ՀՀ քաղաքացիների շահերը հակադիր դաշտերում են։

Այնպես որ, միայն քաղաքական փոփոխություններով է հնարավոր դրական բան ակնկալել թե՛ տնտեսության, թե՛ արտաքին քաղաքականության և թե՛ գաղջ մթնոլորտը վերացնելու հարցերում։ 2016–ն այդ փոփոխությունները նախապատրաստելու տարի է։

Պետք է ջանք ու եռանդ չխնայել, որպեսզի հա՛մ պատերազմից խուսափելու հնարավորություն ստեղծվի, հա՛մ տնտեսությունն աճի, համ էլ Հայաստանը վերջապես դուրս գա այս անմխիթար վիճակից։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը