Խմբագրական

03.04.2015 12:25


Անհասկանալի հորթային հրճվանք «արևմտամետներից». ի՞նչ պետք է անի Հայաստանը

Անհասկանալի հորթային հրճվանք «արևմտամետներից». ի՞նչ պետք է անի Հայաստանը

Իրանի միջուկային ծրագրի շուրջ Շվեյցարիայում ձեռք բերված համաձայնությունից հետո անհասկանալի վարքագիծ են դրսևորում մեր տնաբույծ «արևմտամետները»։ Նրանք հորթային հրճվանքով են արձանագրում, որ իրանական գազը կարող է այլընտրանք դառնալ ԵՄ–ի համար և թուլացնել Ռուսաստանին։ Խնդիրը, բնականաբար, Ռուսաստանը չէ։ Ի վերջո, ՀՀ քաղաքացու շահը ոչ թե Ռուսաստանի թուլացումն է կամ Արևմուտքի ուժեղացումը, այլ Հայաստանի զարգացումը։

Մեզ համար կարևոր են մե՛ր շահերը և մե՛ր երկրի անվտանգությունը, ինչի գիտակցումը բացակայում է քաղաքական ու լրատվական դաշտի «արևմտամետների» մոտ։ Սրանք սպասում են, որ Ղարաբաղը հանձնվի, ու Արևմուտքն իրենց իշխանությունը պահի, կամ էլ՝ իշխանության բերի (իշխանական և ոչիշխանական դաշտերում տարբեր թևեր կան, հետևաբար լղոզվում են «իշխանություն» և «ընդդիմություն» հասկացությունները Հայաստանի ապագային վերաբերող հարցերում)։

Եթե Արևմուտքի ու Իրանի միջև ՌԴ–ի շահերին խորապես հակասող գազային համաձայնագիր կնքվի ու կյանքի կոչվի, ապա մենք կհայտնվենք խոր մեկուսացման մեջ, քանզի Հայաստանը ռազմական, քաղաքական, տնտեսական ու անվտանգության համակարգերով կապված է ՌԴ–ի հետ, և դրա այլընտրանքն այս պահին չկա։ «Արևմտամետների» (իրականում՝ թուրքամետների) կողմից մեզ որպես այլընտրանք մատուցվող ՆԱՏՕ–ն մեր տարածաշրջանում աշխատում է Թուրքիայի միջոցով, իսկ դա պարզ է, թե ինչ է նշանակում։

Թուրքիան ու Ադրբեջանը եղբայրական պետություններ են և ունեն ռազմավարական ընդհանուր շահեր, և միամտություն է կարծելը, թե ԱՄՆ–ը կամ ԵՄ–ն թույլ չեն տա, որպեսզի թուրք–ադրբեջանական զույգն աքցանի մեջ վերցնի Հայաստանը։

Այնպես որ, պատրանքներ պետք չէ ունենալ։ Մենք, հայաստանյան իշխանությունների վարած «նախաձեռնողական» քաղաքականության արդյունքում, դաշնակիցներ չունենք։ Իսկ միակ կիսադաշնակից ՌԴ–ն խոր ճգնաժամի մեջ է, և իրանական նախագծի իրականացման արդյունքում այդ ճգնաժամը կարող է շատ ավելի խորանալ։

Իսկ եթե Հայաստանը որոշի մտնել արևմտյան ու հակառուսական նախագծերի մեջ, ապա մենք կարող ենք ուկրաինական սցենարի մեջ հայտնվել՝ կորցնելով ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև Հայաստանը։

Մեկ բան պետք է հստակ արձանագրել՝ Իրանի շուրջ համաձայնությունը և արևմտյան սցենարով հետագա զարգացումները ռազմավարական դաշնակիցներ են դարձնում ԱՄՆ–ին, ԵՄ–ին և Իրանին։ Ու եթե Իրանից գազն արտահանվի Թուրքիայով, ապա ռազմավարական գծի մեջ կհայտնվեն նաև Թուրքիան ու Ադրբեջանը (Վրաստանի համար նախատեսված է «պռախադնոյ դվոռի» կարգավիճակը)։ Նման սցենարի դեպքում շատ լուրջ կտուժեն ՌԴ–ն, Հայաստանն ու Իսրայելը։ Վերջինս արդեն իսկ իր անհանգստությունն է հայտնել Լոզանում ձեռք բերված համաձայնության կապակցությամբ։

Արևմտյան նախագծերում Հայաստանի համար նախատեսված են միայն Կարմիր խաչի գրասենյակների բացման արարողությունները կամ էլ՝ Սևրի դատարկ դաշնագրերի ընդունման գործընթացները։

Ասելս այն է, որ մենք շատ բարդ դրության մեջ ենք հայտնվել, և այս ամենից հետո հորթային հրճվանք ցուցաբերելն առնվազն անմեղսունակության նշան է։

Մեր միակ հնարավորությունը Հայաստանը ներսից ուժեղացնելն ու պաշտպանունակությունը հզորացնելն է։ Հնարավո՞ր է արդյոք այդ ամենին հասնել գործող իշխանությունների օրոք։ Հարցը հռետորական է։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը