Կարծիք

17.11.2014 13:52


Մերի Մովսիսյան. «Ձեր ի՞նչ գործն է, թե «եռյակը» երբ հանրահավաք կանի»

Մերի Մովսիսյան. «Ձեր ի՞նչ գործն է, թե «եռյակը» երբ հանրահավաք կանի»

Վերջին շրջանում Բաղրամյան 26-ի «քարոզչամեքենան» ընկել է ինքնաներշնչանքի գիրկը։ «1in.am»-ի, «թերթ.ամ»–ի և մյուս «ազատ» «ամ»–ների լրագրող աչոնիկներն իրենց խմբագիրների հետ գրանցվել են նախագահականին առընթեր գործող «ինքնաներշնչման» խմբակում։ Մաքսիմալ ինքնաներշնչվելու համար լրագրողներից ու խմբագիրներից պահանջվում է ամեն տեղ հնչեցնել մի շարք հարցեր ու մտքեր, որոնք իրականությանը, իհարկե, չեն համապատասխանում, բայց մահուչափ անհրաժեշտ են ինքնաներշնչվելու համար։
Այդ հարցերից կամ մտքերից են հետևյալները՝««Եռյակը» պառակտված է», «Ինչո՞ւ «եռյակը» հանրահավաք չի անում», «Ինչո՞ւ «եռյակի» բոլոր անդամները միասնական չեն ԵՏՄ–ին միանալու կամ չմիանալու հարցում» և այլն։
Որպես ինքնաներշնչման գագաթնակետ՝ դիտարկվում է իրականության և ցանկալիի միջև կապի ամբողջական խզումը։
Այսպես, երբ «եռյակ» կազմող քաղաքական ուժերի ներկայացուցիչները նշում են, որ ոչ մի պառակտում էլ չկա, «ազատ» լրագրողներից պահանջվում է մաքսիմալ ինքնաներշնչվել, որ կա։
Իշխանական քարոզչամեքենայի ասելիքի բացակայության պայմաններում և իրավիճակը փրկելու համար իրենք իրենց ներշնչել են, որ «եռյակի»՝ հերթական հանրահավաքն անել կամ չանելն իրենց գործն է։ Հարգելինե՛րս, ուշքի՛ եկեք. թե երբ «եռյակը» հանրահավաք կանի կամ չի անի, ձեր օրակարգը չէ, ձեր խնդիրն ու գործը չէ։
Որքան գործնական և ինստիտուցիոնալ տեսք է ստանում համաժողովրդական շարժումը, այնքան ավելի անարդյունավետ է դառնում Բաղրամյան 26-ի նախաձեռնած «ինքնաներշնչման» խմբակը։
Հ. Գ. Լողալ չիմացողի վերջին հույսն ինքնաներշնչանքն է, որ խորտակվող նավից կարող է լողալով փրկվել։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը