Կարծիք

17.11.2014 13:25


Արմեն Հարությունյան. Հինգ օր է՝ չենք կարողանում մոտենալ խփված ուղղաթիռին. սա՞ է մեր անհամարժեք պատասխանը թշնամուն

Արմեն Հարությունյան.  Հինգ օր է՝ չենք կարողանում մոտենալ խփված ուղղաթիռին. սա՞ է մեր անհամարժեք պատասխանը թշնամուն

Ի հակադրումն Ալիևի ամառային ավանտյուրայի՝ մեր կողմից անհամարժեք պատասխան էր խոստացվել բարձրաստիճան քաղաքական ու զինվորական ղեկավարության կողմից: Բայց տեսանք ընդամենը այն, որ թշնամին դարձյալ փորձեց խախտել մեր սահմանը, ու այս անգամ նրան դա չհաջողվեց: Երևի որ ասում էին անհամարժեք պատասխան, դա ի նկատի ունեին, մենք էլ կարծում էինք…

Այսինքն, նրանք էլի կհարձակվեն, ու մենք այս անգամ ավելի լավ կպաշտպանվենք: Անհամարժեք է, բա ինչ է: Բայց անգամ այս միջադեպերից հետո մեզ հավաստիացնում էին, թե Ադրբեջանին այնպիսի դաս ենք տվել, որ այլևս բախտը չի փորձի՝ հերթական սադրանքը կատարելու: Բայց, ինչպես տեսանք, բախտն էլ փորձեց, ճակատագիրն էլ, ու ՀՀ և ԼՂՀ համատեղ զորավարժության ընթացքում մեր ուղղաթիռը խփեցին, այն էլ՝ Ղարաբաղի օդային տարածքում:

Դարձյալ լսեցինք, որ սրա համար էլ թշնամին ստանալու է անհամարժեք պատասխան: Բայց հարց է առաջանում՝ նման աննախադեպ լկտիություն ինչպե՞ս կարող էր իրեն թույլ տալ Իլհամը, եթե վախ ունենար մեր պատասխանից: Բայց այս հարցում էլ մեր պատասանը շատ չուշացավ. Սերժ Սարգսյանը Ստեփանակերտ մեկնեց ուղղաթիռով, ու սա Բաղրամյան 26-ի քարոզչամեքենան իր բազմապիսի ենթակաների միջոցով հորթի հրճվանքով տարածեց, թե տեսեք՝ Սարգսյանն ինչ պատասխան տվեց Ալիևի այն հայտարարությանը, որ ԼՂՀ օդային տարածքը ոչ թռիչքային է: Հա՜, այսինքն՝ Ալիևը դեռ չմարսած իր արակածախնդիր քայլի հետևանքները՝ շտապում է հայտարարել, որ Ղարաբաղի օդը ինքը «փակում է», իսկ մենք էլ գովաբանում ենք մեր գերագույն գլխավոր հրամանատարին, որ դրանից հետո ռիսկ է արել իրենց տուն գնալ ուղղաթիռո՞վ: Ուզում էիք ասել, որ Իլհամն իր այդ հայտարարությունով սահմանային միջադեպից հետո կոնֆլիկտը անմիջապես պիտի տեղափոխեր բացահայտ առճակատման փուլ, ու խփեր ցանկացած թռչող սարք Ղարաբաղի երկնքում, այդ թվում՝ Ստեփանակերտի գլխի՞ն: Ու եթե դա չի արել, կնշանակի՝ Սարգսյանն արժանի պատասխան է տվել, հա՞: Չէ, պատասխան չէ, կներեք, ապտակ: Հիմա շատ եք հպա՞րտ, որ թշնամին ձեզ ահաբեկել է, որ ձեր տուն չգնաք օդով, իսկ դուք այնքան համարձակություն եք ունեցել, որ գնացել եք: Ու եթե ուզում եք ասել, որ Ալիևից չեք վախեցել, դրանով իսկ ապացուցում եք, թե ինչքան եք վախեցած, քանի որ պիտի Իլհամը վախենար, ու նման սադրանքի չգնար:
Կա՞ արդյոք ավելի մեծ խայտառակություն, երբ արդեն 5 օր է՝ մեզ չի հաջողվում մոտենալ խփված ուղղաթիռին: Միջազգային հանրության մոտ այնքան հեղինակություն չունենք, որ Ադրբեջանին ստիպեն դադարեցնել կրակը, մենք այնքան կշիռ չունենք, որ այնպիսի մի հարված հասցնենք Ադրբեջանին, ու հայտարարենք, որ շարունակելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ իրենք չեն դադարեցրել կրակը, ու թույլ չեն տվել՝ մոտենանք խփված ուղղաթիռին:

Ավելի սարսափելի բան կա՞ ուղղաթիռի անձնակազմի հարազատների համար, երբ պաշտոնական մակարդակով ասվում է, որ հնարավոր է՝ մեկը ողջ մնացած լինի, ու դրանից հետո 5 օր է՝ չեն կարողանում մոտենալ, որպեսզի այդ մեկին փրկեն: Վիրավոր զինվորին կրակի տակ թողնող մեր իշխանություննե՞րն են անհամարժեք պատասխան տվողը: Բա ինչո՞ւ վախկոտ ադբեջանցիները սարսափած հետ չեն քաշվում, կրակը չեն դադարեցնում Սերժ Սարգսյանի՝ Ղարաբաղում ունեցած կրակոտ ելույթից հետո:

Եզրակացությունը մեկն է՝ քանի դեռ չենք կարողացել վերջ տալ այս իշխանությունների տխրահռչակ գոյությանը, նոր ողբերգությունների ականատեսը կլինենք, ու գնալով՝ ավելի մեծ մասշտաբի: Սթափվե՛լ է պետք:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1500557580216024&id=100007853887323&pnref=story

Այս խորագրի վերջին նյութերը