Լրահոս

04.08.2014 14:49


«Երևան Ջուր». « Նոր Խարբերդի այգեգործականում միտումնավոր այրում են պոլիէթիլենե ջրագիծը»

«Երևան Ջուր». «   Նոր Խարբերդի այգեգործականում միտումնավոր այրում են պոլիէթիլենե ջրագիծը»

Վերջին օրերին իրադարձությունները Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ այգեգործական թաղամասում զարգացնել են դեդեկտիվ ժանրի կանոններով: Եւ այսպես, օգոստոսի 1-ին՝ կեսօրից հետո, թաղամասի Կենտրոնական ու 16-րդ փողոցների խաչմերուկում գտնվող դիտահորի մեջ անհայտ պատճառով տեղի է ունենում հրդեհ, որի հետեւանքով ամբողջությամբ այրվում է այնտեղ տեղակայված 150մմ տրամագծով պոլիէթիլենային քառաբաշխիչը եւ թաղամասը սնուցող ջրագիծը: Արդյունքում՝ «Երեւան Ջուր» ընկերությունը ստիպված դադարեցնում է ողջ այգեգործականի ջրամատակարարումը:

Միջադեպի պարզաբանումը թողնելով ապագային եւ ցանկանալով հնարավորինս արագ լուծել խնդիրը՝ ընկերության «Արեւելք» շահագործման տնօրինության «Գյուղեր» տեղամասի մասնագետները հաջորդ իսկ օրը ձեռնամուխ են լինում հողային աշխատանքներին, ապամոտաժում են դիտահորը, համապատասխան ենթակառուցվածքներն ու ստեղծում անհրաժեշտ պայմաններ, որպեսզի շինարարները կիրակի օրով՝ օգոստոսի 3-ին կարողանան դիտահորի մեջ նոր ջրաբաշխիչ հանգույց ձեւավորել: Ինչը եւ կատարվում է ժամանակին: Մնում էր վերականգնել թաղամասի ջրամատակարարումը, որը թողնվում է երկուշաբթի առավոտյան: Սակայն ամռան այս տապին, ջրի կարոտ մնացած նորխարբերդցիների համար, ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ է գալիս: Լուսադեմին՝ մոտ 6.30-ին, բնակիչներից ահազանգ է ստացվում նոր հրդեհի մասին: Անմիջապես դեպքի վայր մեկնած պատասխանատուները պարզում են, որը դիտահորում անվադողերի հրդեհի պատճառով լիովին այրվել է վերականգնված պոլիէթիլենե ջրագիծը: Ընդ որում, հանելուկորեն չքացել են դիտահորում տեղադրված թվով երկու 50մմ տրամագծով նոր փականները:

Այս՝ գյուղական դեդեկտիվ հիշեցնող միջադեպին կարելի էր որոշակի վերապահումով մոտենալ եւ որակավորել այն որպես տեղական մասշտաբի իրադարձություն, եթե չլիներ երկու հանգամանք. ա/ դիտահորն ակնհայտորեն այրվում է միտումնավոր կերպով, բ/ ջրազրկված է մի ամբողջ թաղամաս իր հազարավոր բնակիչներով: Ընդ որում, վերջիններս շատ են ցանկանում հանդիպել օրվա «հերոսների» հետ, որոնց ով լինելու եւ արարքի դրդապատճառների վերաբերյալ ունեն բավական ծանրակշիռ հիմնավորումներ:

Ներկայումս, «Երեւան Ջուր» ՓԲԸ երրորդ անգամ է վերականգնում դիտահորը, հույս ունենալով, որ ոստիկանությունը կկարողանա ապահովել վերջինիս հետագա անխափան շահագործումը:

Երևան Ջուր ՓԲԸ Հանրային կապերի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը