Մեկնաբանություն

20.06.2014 11:23


Ջոն Հեֆերնը՝ «պերսոնա նոն գրատա»–ի թեկնածու

Ջոն Հեֆերնը՝ «պերսոնա նոն գրատա»–ի թեկնածու

Սերժ Սարգսյանին կցված «հայրենասերները» բաժանված են երկու մասի։ Մի մասը «հայրենասիրություն» է անում «արևմտամետ» շեշտադրումներով, իսկ մյուս մասը՝ «ռուսամետ»։ Առաջինների համար «հայրենասիրությունն» Արևմուտքին քծնելն ու Հայաստանում վխտացող արևմտյան չինովնիկների ասածները որպես աստվածաշնչյան ճշմարտություն ներկայացնելն է, իսկ երկրորդների համար՝ Պուտինին քծնելը։

«Արևմտամետների» համար «հայրենասիրությունը» նաև Ռուսաստանին առիթ–անառիթ հայհոյելն է։ Որքան շատ են հայհոյում, այնքան «հայրենասեր» են։

«Ռուսամետներն» էլ հայրենասիրություն են համարում Արևմուտքը որպես համասեռամոլների հավաքատեղի ներկայացնելը։

«Հայրենասերների» գործունեությունն իրականում փչացնում է Հայաստան–Արևմուտք և Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները, քանզի Արևմուտքը վարկաբեկվում է հայ «արևմտամետների», իսկ Ռուսաստանը՝ հայ «ռուսամետների» գործունեության արդյունքում։

Ե՛վ «արևմտամետների», և՛ «ռուսամետների» «հայրենասիրությունը» գործավարձային հիմունքներով է։ Նրանք, ուս ուսի տված, ծառայում են Սերժ Սարգսյանին՝ փորձելով արտաքին կողմնորոշումների արհեստական թեմայով զերծ պահել ՀՀԿ ղեկավարին պատասխանատվությունից և քննադատության հիմնական թիրախ դառնալուց։

«Արևմտամետների» ամենասիրած կոդը Պուտինի կամ որևէ ռուս չինովնիկի հրաժարականը պահանջելն է։

Վերջերս, օրինակ, շատ մոդայիկ է դարձել Կրեմլի դռան շան կարգավիճակ ունեցող Դմիտրի Կիսելյովի հրաժարականը պահանջելը։ Պահանջողները, սակայն, չեն ուզում տեսնել, որ կիսելյովների հաբռգածությունը գալիս է Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական» քաղաքականությունից։

Կիսելյովն ո՞ւմ շունն է, որ նրան առոք–փառոք ընդունում են ԱԺ փոխնախագահի մակարդակով ու քծնանքի հուշ–երեկո սարքում։ Նա տեսնում է, որ իրեն մեսիայի տեղ են դրել մեր խորհրդարանում, դրա համար էլ բերանը բացում է ու դուրս տալիս։

Եթե Սերժը քծնում է Պուտինին, ապա բնական է, որ ԱԺ փոխնախագահի աթոռին հասած (ումի՞ց է պակաս) Հերմինեն էլ պետք է քծնի Պուտինի շնիկին՝ քծնանքային սուբորդինացիան պահելու համար։ Ինչի՞ մասին է խոսքը։ Ինչո՞ւ ենք պատճառը թողած՝ հետևանքի դեմ կռիվ տալիս։ Թե՞ այդպես ավելի եկամտաբեր է։

Ուշագրավն այն է, որ «արևմտամետները», որոնք սիրում են կուրծք ծեծել Հայաստանի ինքնիշխանության և այդ ինքնիշխանությունը Կրեմլից պաշտպանելու թեմայով (Սերժ Սարգսյանին նրանք միշտ չեն նկատում և չեն փորձում Հայաստանի ինքնիշխանության թիվ մեկ սպառնալիք Սերժի թեման քննարկել), ծպտուն չեն հանում Հայաստանի ինքնիշխանության դեմ հանդես եկող արևմտյան չինովնիկների դեմ։

Այսպես. ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը բացահայտ ռասիստական մոտեցում է ցուցաբերում ՀՀ քաղաքացիների նկատմամբ և իշխանությունների հետ ակնհայտորեն ունի կոմերցիոն հարաբերություններ, բայց դա «վրիպում» է «թունդ հայրենասեր–արևմտամետների» աչքերից։

Ինչպես հայտնի է, Հեֆերնը և արևմտյան մյուս չինովնիկներն ու դիվանագետները ողջունեցին Սերժ Սարգսյանի խփած «տոկոսները», և տանիք կանգնեցին ընտրակեղծիքներին, քանզի Սերժ Սարգսյանն իրենց խոստացել էր սպասարկել արևմտյան շահերն այս տարածաշրջանում՝ առևտրի առարկա դարձնելով Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգությունը։

Հեֆերնները, խոսելով ժողովրդավարական արժեքներից ու մարդու իրավունքներից, ճղճիմ գործարք կնքեցին ՀՀ քաղաքացիների թիկունքում ու սատարեցին նեոբոլշևիկյան ներքին ու արտաքին քաղաքականություն վարող Սերժ Սարգսյանին։ Դա յուրօրինակ ռասիզմի դրսևորում է հայ ժողովրդի հանդեպ։ Ստացվում է, որ հայ ժողովուրդն իրավունք չունի ժողովրդավարական և բարեկեցիկ երկրում ապրել։ Դա նույնիսկ երկակի ստանդարտների կիրառում չէ։ Դա անբարոյականություն է։

Հեֆերնի և իր նմանների գործունեությունը, սակայն, միայն ընտրակեղծիքները ողջունելով չի սահմանափակվում։ Նրանք գործում են բոլոր «ճակատներով» և «ատկատային» մեխանիզմով։ Բնականաբար, ի վնաս Հայաստանի և հօգուտ սեփական գրպանի ու արևմտյան շահերի։

Ինչ արժե միայն Որոտանի կասկադի ապօրինի ու կոռուպցիոն ռիսկ պարունակող գործարքի պաշտպանելը Հեֆերնի կողմից։ Նա այնպիսի էնտուզիազմով է փաստաբանություն անում իշխանությունների բիզնես նախագծերն առաջ մղելու հարցում, որ չես կարողանում ազատվել այն կպչուն մտքից, որ այս կոմերսանտ–դեսպանն իր փայն ունի Որոտանի վաճառքից, ու ինտեգրվել է Սերժին կցված երիտօլիգարխիային։

Տեղին է հիշեցնելը, որ նույն Հեֆերնը փրփուրը բերանին պաշտպանում է Սերժ Սարգսյանի պարտադիր կուտակային թալանը՝ աշխատողների հաշվին երկար ու էժան փողեր ունենալու ձգտումը։

Եվ ամենակարևորի մասին։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահող Ուորլիքը հանդես եկավ Հայաստանի կապիտուլյացիոն առաջարկով։ Նրան անմիջապես երկրորդեց Հեֆերնը՝ հայտարարելով, որ հայերը պետք է հանձնեն Ղարաբաղի հողերը։

Դե հիմա եկեք գնահատենք Հեֆերնի արածներն ու ասածները և դրանք համեմատենք կիսելյովների ու վոլինկինների ասածների ու արածների հետ։ Հարցն այն չէ, որ պետք է պաշտպանել կիսելյովներին կամ չպաշտպանել։

Հարցն այն է, որ եթե Կիսելյովի պահվածքից հետո կոչ է արվում «պերսոնա նոն գրատա» ճանաչել նրան, ապա, առավել ևս, պետք է «պերոսոնա նոն գրատա» ճանաչվի ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ով, խախտելով դիվանագիտական գրված ու չգրված կանոնները, մխրճվել է ներհայաստանյան բիզնես–հարաբերությունների մեջ, մութ գործարքների մեջ է մտել Սերժ Սարգսյանի ու նրան կցված երիտթևի հետ, դարձել է ընտրակեղծիքների հովանավոր ու դեռ մի բան էլ հոխորտում է Ղարաբաղի թեմայով։

Դե՛, ձեզ տեսնեմ, «արևմտամետնե՛ր»։ «Ա վամ սլաբո» Հեֆերնի հրաժարականը պահանջել, Սերժի հրաժարականն էլ՝ վրադիր։ Թե չէ, Կիսելյովի պես «դիշովկեքի» հրաժարականը ով ասես՝ կպահանջի։

Ճիշտն, իհարկե, այն է, որ ճամփու դնենք Սերժ Սարգսյանին, քանզի գլխավոր «պերսոնան նոն գրատան» հենց ինքն է։ Դրանից հետո հեֆերններն ու կիսելյովներն իրենց կպահեն պահանջված նորմերին համապատասխան։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը