Մեկնաբանություն

18.06.2014 11:37


Սերժ Սարգսյանի անակնկալ և տհաճ հարցազրույցը (տեսանյութ)

Սերժ Սարգսյանի անակնկալ և տհաճ հարցազրույցը (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը երեկ այցելել էր Հանրային հեռուստաընկերություն։ Ու քանի որ բարձրացել էր Նորք, նաև հարցազրույց տվեց Նվեր Մնացականյանին, ում դեմքից «ուրույն» ժպիտը չէր իջնում նույնիսկ այն ժամանակ, երբ Սարգսյանն իմիջիայլոց տոնով խոսում էր սահմանային միջադեպերի մասին։

Սարգսյանի հարցազրույցն անակնկալ էր ու տհաճ։ Անակնկալ այն պատճառով, որ նա հարցազրույց չի տալիս, քանզի առանց թղթի՝ խիարը կարող է թարս բուսնել (թեև, հանուն ճշմարտության, պետք է նշել, որ թղթով էլ Սերժի մոտ ոչինչ չի ստացվում, քանզի բովանդակազուրկ բառերի կույտ ներկայացնելը դեռ երաշխիք չէ, որ ամեն ինչ նորմալ կլինի), իսկ տհաճ էր այն, քանզի քնեցնող տոնով խոսելը հազիվ թե որևէ մեկին դուր գա։ Սա հարցազրույցի ձևական կողմի մասին։

Ինչ վերաբերում է բովանդակությանը, ապա Սարգսյանն ուզում էր ցույց տալ, թե, իբր, ամեն ինչ կարգին է, ու ՄՄ–ում միայն ավտոմեքենաների ներկրման մաքսադրույքների հարցն է խնդրահարույց (Սարգսյանը համառորեն շարունակում է խոսել Մաքսային միության մասին, որն արդեն չկա և փոխակերպվել է ԵՏՄ–ի)։

Ուշագրավն այն է, որ Սարգսյանի մռայլ ու հոգնած դեմքը փայլեց, և խոսքի տոնայնությունը փոխվեց երկու անգամ, երբ Գյուլի մասին էր խոսում (Թուրքիայի նախագահի կնոջ պատրաստած քյաբաբները, թերևս, վառ հիշողություններ են թողել նրա մոտ, էլ չասած մերոնց «կերած» գոլից հետո Գյուլի դեմքին «թռնելը») ու գովում նրան, և երբ Ալիևի համար փաստաբանություն էր անում ԵՏՄ հիմնադիր երկրների ղեկավարներին ուղարկած նամակի «մոմենտով»։

Այլ էր Սարգսյանի տոնն ու դեմքի արտահայտությունը, երբ խոսում էր ներքին խնդիրներից։ Նա ևս մեկ անգամ խոստովանեց, որ իր կյանքի նպատակը սահմանադրական փոփոխություններն են (դե՛, վերարտադրվելու համար ա, էլի՛)։ Այլ խնդիր ինքը չունի, իսկ Կառավարության վրա էլ վերացական պարտավորություններ են դրված։ Օրինակ՝ կայուն տնտեսական աճի ապահովում։ Սարգսյանը կոնկրետ թիվ չի նշում, քանզի ստի լիմիտները վերջացել են, ու արդեն կենացների լեզուն է նա օգտագործում Հայաստանի տնտեսության մասին խոսելիս։

Ինչ վերաբերում է Աստանային, ապա Սարգսյանը հետին թվով փորձ արեց իր պահվածքն արդարացնել ու ցույց տալ, թե, իբր, ամեն ինչ վերահսկելի է եղել։

«Նազարբաևի ասածները տհաճ էին, բայց ոչ անակնկալ»,– «նոն–ստոպ» հիացական հայացքով իրեն նայող Նվեր Մնացականյանին ասաց Սարգսյանը։

Եթե Սարգսյանը ճիշտ է ասում, և իր ու իր թիմի համար անակնկալ չեն եղել Նազարբաևի ասածները և միայն տհաճության զգացում են առաջացրել, ապա ինչու՞ հայկական կողմը չի փորձել կանխել այդ տհաճ նամակի ընթերցումը։ Եթե փորձ արել է, բայց չի հաջողել, ուրեմն շատ վատ են աշխատել, և բացի այդ՝ դա նշանակում է, որ Հայաստանի վարկանիշը Սերժն իջեցրել է այն աստիճանի, որ նրան լսող չկա, ու տհաճ նամակներն ընթերցվում են ուղիղ եթերով և նրա դեմքին։

Իսկ եթե Նազարբաևի ասածները ոչ միայն տհաճ են եղել, այլ նաև անակնկալ, ապա դա նշանակում է, որ մշտաժպիտ Մնացականյանի հարցին պատասխանելիս Սարգսյանը պարզապես ստում էր։

Դատելով Նազարբաևի խոսքի ժամանակ Սարգսյանի դեմքի արտահայտությունից՝ Ալիևի նամակի հրապարակումը Սարգսյանի համար ոչ միայն տհաճ էր, այլ նաև անակնկալ։ Ավելի ճիշտ՝ տհաճություն առաջացնող անակնկալ։ Այնպես, ինչպես իր հարցազրույցը հեռուստադիտողի համար։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Գերատեսչական ժպիտը դեմքին նկարած Նվեր Մնացականյանը հարցազրույցի ժամանակ հիշեց, որ շուտով Սարգսյանը 60 տարեկան է դառնալու (դա յուրօրինակ «մեսիջ»–հիշեցում էր իշխանական բուրգին՝ թանկարժեք նվերներ պատրաստելու մասով)։

Աստված, իհարկե, երկար տարիների կյանք տա Սերժ Սարգսյանին, և թող նա նշի ոչ միայն իր 60, այլ էլի մի քանի հոբելյանական ծննդյան տարեդարձեր (կորեացիների ականջը կանչի), բայց դա թող անի իշխանական համակարգից դուրս՝ Մելիք–Ադամյան փողոցի վրայի գրասենյակում (եթե ՀՀԿ–ում նրան թողնեն առանց պաշտոնի մտնել այնտեղ)։

Այս խորագրի վերջին նյութերը