Խմբագրական

13.05.2014 18:27


Հայաստանն ու Ղարաբաղը պատերազմի և խաղաղության արանքում

Հայաստանն ու Ղարաբաղը պատերազմի և խաղաղության արանքում

Ինչպես հայտնի է, ամերիկացի դիվանագետ Ուորլիքը ներկայացրել է ԱՄՆ քաղաքականությունը Ղարաբաղի խնդրի վերաբերյալ։ Նրա առաջարկած լուծման տարրերը վեցն են։

Առաջարկի էությունը հետևյալն է. ազատագրված 7 շրջաններից հայկական զինուժը դուրս է բերվում, ադրբեջանցի տեղահանվածները վերադառնում են իրենց նախկին բնակության վայրեր, Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ՝ հետագայում (կոնկրետ ժամկետ չի նշվում) կամարտահայտության միջոցով վերջնական կարգավիճակի ֆիքսման հնարավորություն ստանալով, Հայաստանն ու Ղարաբաղը ստանում են Լաչինի միջանցքով կապի հնարավորություն։ Այդ կապող հատվածը, ըստ Ուորլիքի, պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի անվտանգ անցում ապահովվի, բայց այն չի կարող ընդգրկել Լաչինի ողջ շրջանը:

Ուորլիքի ներկայացրած տարրերում առկա է նաև խաղաղապահների կետը։

«Կարգավորմամբ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը կներառի խաղաղապահ գործողություն: Չկա այնպիսի սցենար, որտեղ խաղաղությունն ապահովվի առանց լավ մշակված ու բոլոր կողմերի վստահությունը վայելող խաղաղապահ գործողության»,– համոզված է ամերիկացի դիվանագետը:

Եթե ավելի պարզ լեզվով «թարգմանենք» ամերիկացիների (նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների) առաջարկները, ապա այն ներկայացնում է «Տարածքների հանձնում՝ պատերազմի վերսկսման դիմաց» բանաձևը, որը աբսուրդ է ընդունելը։

Ճիշտ է, Ուորլիքն ու իր կոլեգա Հեֆերնը, ով պնդում է, որ հայերը պետք է դուրս գան, այսպես կոչված, գրավյալ տարածքներից, խոսում են խաղաղությունից, բայց փաստացի պատերազմ են քարոզում։ Դա Հայաստանի կապիտուլյացիայի առաջարկ է։

Իսկ եթե ամերիկացիներն անկեղծ են տևական խաղաղության հասնելու հարցում և հակամարտության կարգավորման տարրերը ներկայացրել են, որպեսզի հանրային քննարկումներ ծավալվեն, ու լուծումներ գտնվեն, ապա պետք է նկատել, որ հրամցվել է շատ վատ փաստաթուղթ, ես կասեի՝ անհեռանկար ու հում փաստաթուղթ, և ահա թե ինչու։

Ուորլիքի առաջարկների մեջ առկա է «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ» ձևակերպումը, սակայն հստակեցված չէ, թե հատկապես ո՞ր տարածքի մասին է խոսքը։ Ինչպես հայտնի է, անկախ Ադրբեջանը իրավական փաստաթղթով վերացրել է նախկին ԼՂԻՄ–ը։ Հետևաբար, թող նախ Ադրբեջանից ճշտեն, թե ինչն ինչոց է, ապա նոր միայն հայերին առաջարկեն անորոշ ապագայում այդ տարածքում ինքնորոշվել։ Դա մեկ։

Երկրորդը։ Ամերիկացի դիվանագետը մտահոգված է ադրբեջանցի տեղահանվածներով ու նրանց՝ Շուշի և այլ բնակավայրեր վերադառնալու խնդրով, սակայն որևէ կերպ չի անդրադառնում հայ փախստականներին, որոնք ադրբեջանական ագրեսիայի արդյունքում լքել են դաշտային Ղարաբաղը, ինչպես նաև Բաքուն, Կիրովաբադը, Սումգայիթն ու մյուս քաղաքները։ Հայ փախստականները շուրջ 360 հազարն են։ Այս մարդկանց իրավունքների մասին ինչու՞ է մոռացվել (ի դեպ, երբ պաշտոնական Բաքուն խոսում է ադրբեջանցի 1 միլիոն տեղահանվածների մասին, դա սուտ է, քանզի կոնֆլիկտի էսկալացիայից առաջ տեղի ունեցած մարդահամարի տվյալներով՝ այն տարածքում, որն այժմ ղարաբաղյան վերահսկողության տակ է գտնվում, բնակվել է մոտ 310 հազար ադրբեջանցի)։

Եվ ուրեմն, եթե համանախագահողները զբաղված են ադրբեջանցիների վերադարձի ու նրանց անվտանգության խնդրով, ապա թող նույն հոգատարությունը ցուցաբերեն նաև հայ փախստականների վերաբերյալ ու հստակ մեխանիզմներ ներկայացնեն, թե ինչպես են ապահովելու հայերի անվտանգությունը, ասենք, Բաքվում՝ մտքներում ունենալով այն, որ հայ սպա Գուրգեն Մարգարյանին ՆԱՏՕ–ի կազմակերպած միջոցառման շրջանակներում քնած ժամանակ կացնահարել էր ադրբեջանցին։ Դա տեղի էր ունեցել Հունգարիայում, իսկ թե ինչ կարող է լինել Բաքվում, արդեն լրացուցիչ բացատրության կարիք չունի։

Ֆաշիստական գաղափարախոսությամբ ու հայատյացության քարոզով աչքի ընկնող միլիտարիստական Ադրբեջանում հայերին որևէ երաշխիք չի կարող և չի ուզում տալ Ալիևը, ինչի՞ մասին է խոսքը։

Հաջորդը։ Ադրբեջանը երբեք չի թաքցրել, որ ցանկանում է գրավել ոչ միայն այսօրվա Ղարաբաղը, այլ նաև Հայաստանը։ Այդ իսկ պատճառով այդ պետությունը զինվում է, այդ թվում՝ Ղարաբաղի հարցում միջնորդ հանդիսացող ՌԴ–ից հարձակողական զենք գնելով։ Հետևաբար, անտրամաբանական կլինի մեր անվտանգության գոտին զիջելն ու Ադրբեջանին ավելի լավ դիրքերից պատերազմի վերսկսման հնարավորություն տալը։ Իսկ եթե խոստացվում է խաղաղապահ առաքելությամբ կանխել պատերազմը, ապա դա լուրջ չէ, քանզի մենք պետք է տարածաշրջանն ապառազմականացնենք և «մոդուս վիվենդի» գտնենք շահերի համադրման միջոցով։

Բացի այդ, փորձն այլ բան է հուշում և մի շարք հարցեր առաջացնում։

Ո՞ր երկրի զորքերն են խաղաղապահ առաքելություն իրականացնելու։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՞։ Այն երկրների, որոնք այսօր Ուկրաինայի հարցով իրար կոկորդ են կրծում ու վերադարձել են «սառը» պատերազմի ժամանակաշրջանին հատուկ հռետորաբանությանն ու գործողությունների՞ն։ ԱՄՆ–ն ու ՌԴ–ն, ԵՄ–ն ու ՌԴ–ն այսօր իրար դեմ սանկցիաներ են կիրառում, այդ ինչպե՞ս են նրանք իրար ուս ուսի տված խաղաղություն պահպանելու մի տարածաշրջանում, որտեղ նրանց շահերը հակադրվում են, այլ ոչ թե համադրվում։

Մի խոսքով, խաղաղապահների խոսակցությունն անլուրջ է։ Մանավանդ որ ներկայումս զինադադարը պահպանվում է մեր ուժերով։

Եթե հայերն ու ադրբեջանցիները հաշտության են գնում, ինչպես ռոմանտիկ կերպով ուզում են ներկայացնել միջնորդները, ապա ինչո՞ւ պետք է մեր արանքում խաղաղապահներ կանգնեն։

Ինչո՞ւ պետք է մենք մեր ձեռքով Լաչինից մի կածան թողնենք, որ հետո ադրբեջանցիների ձեռքում գերու կարգավիճակում թողնենք ղարաբաղցիներին։ Այդ ո՞ր երկրում են խաղաղապահները խաղաղություն բերել, որ պետք է Ղարաբաղում բերեն։

Սրանք հարցեր են, որոնք հստակ պատասխաններ են պահանջում, սակայն այդ պատասխանները չկան ու տեսանելի ապագայում չեն կարող լինել։

Ամերիկացիները Հայաստանում թույլ և քաղաքականապես անմեղսունակ իշխանություն են տեսել ու ցանկանում են շուտափույթ լուծում գտնել Ղարաբաղում, որպեսզի ստատուս քվոն փոխեն և իրենց աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական շահերն առաջ տանեն՝ դուրս մղելով ՌԴ–ին այս տարածաշրջանից և իրականացնելով էներգետիկ նախագծերը։ Նրանց քիչ է հետաքրքրում, որ դրա արդյունքում քարտեզի վրայից կարող են վերանալ Հայաստանն ու Ղարաբաղը։ Բայց ամերիկացիներն ու նաև մյուս համանախագահողները պետք է լավ իմանան, որ եթե Հայաստանի ներկայիս իշխանությունները ղումարբազային մտածողություն ունեն և քաղաքականապես անմեղսունակ են, ապա նրանք չեն ներկայացնում հայ ժողովրդին։ Ճիշտ է, առայժմ նրանք իշխանության են, ու դա նաև ՀՀ քաղաքացիներիս ու քաղաքական շրջանակների մեղքն է, բայց այս ամենը ժամանակավոր է։ Այսպես երկար չի շարունակվի։

Հայաստանն ունի հավերժ շահեր, և այդ շահերը ամեն ինչից վեր են, իսկ օրվա իշխանություններն՝ անցողիկ։

Եվ թող չփորձեն մեզ վախեցնել, թե զիջումների չգնալու դեպքում պատերազմ կլինի։ Այն առաջարկները, որոնք ներկայացվում են, ավելի են մոտեցնում պատերազմի վերսկսման ու մեր պարտության հավանականությունը։

Ղարաբաղի խնդիրը մոտ ապագայում հնարավոր չէ լուծել բանակցությունների միջոցով, քանզի դա ինտելեկտուալ խնդիր չէ, որ խելոք մարդիկ նստեն, լուծումներ գտնեն, իսկ ժողովուրդներն էլ ընդունեն այդ լուծումները։

Ղարաբաղի հարցն ուղղակիորեն առնչվում է մեր անվտանգությանը, իսկ այդ հարցում զիջումներ չեն կարող լինել։ Հատկապես որ Ադրբեջանը որևէ բանական փոխզիջման պատրաստ չէ։

Ղարաբաղի խնդրի լուծման բանալին գտնվում է Երևանում։ Կունենանք ժամանակակից պետություն, կկարողանանք խուսափել պատերազմից ու Ադրբեջանին խաղաղություն կպարտադրենք։ Չենք ունենա այդ պետությունը, տանուլ կտանք ամեն ինչ։

Չկա՛ առանձին վերցրած Ղարաբաղի հարց։ Ղարաբաղը Հայաստանի անվտանգության կարևորագույն բաղադրիչն է, իսկ Հայաստանը՝ Ղարաբաղի անվտանգության երաշխավորը։ Այս պարզ ճշմարտությունը պետք է հասկանան բոլորը, այդ թվում՝ հայաստանյան քաղաքական շրջանակները։

Ադրբեջանի համար Ղարաբաղը նվաճողականության ու հողի խնդիր է։ Ստալինի նվիրած Ղարաբաղի կորստով Ադրբեջանը չի կորցրել իր պետականությունը։ Իսկ ահա Հայաստանը կզրկվի պետականությունից, եթե ռազմավարական սխալ կատարի և անթույլատրելի զիջումների գնա Ղարաբաղի հարցում։

Ու թող մեզ չխաբեն, թե գնում ենք փոխզիջման հանուն խաղաղության։ Ո՞րն է Ադրբեջանի փոխզիջումը։ Այն, որ պատերազմ չի՞ սկսի։ Կրկնեմ՝ զիջումներով պատերազմն ավելի հավանական ենք դարձնելու։

Փոխզիջման գնում են ուժեղի դիրքերից, իսկ այսօրվա Հայաստանն այդպիսին չէ։ Ու չարժե ելնել այն կետից, որ վաղն ավելի ենք թուլանալու, և, հետևաբար, պետք է այսօր զիջենք, որ մի բան էլ մեզ մնա։ Չկա՛ նման տարբերակ. դա մոլորությո՛ւն է։ Համ էլ ինչո՞ւ ենք «բայղուշության կանխավարկածով» առաջնորդվում և կարծում, որ ամեն ինչ վատ է լինելու, ու հայերիս մոտ ոչինչ չի ստացվելու։ Անկախ պետություն ունենալը նաև մարտահրավեր է, և պետք է տղամարդավարի հաղթահարել այն։ Թե չէ, մեռնելը միշտ կա ու կա։ Ինչևէ։

Ուշագրավ մեկ հանգամանք՝ բոլշևիկյան ԽՍՀՄ–ի դեմ տասնամյակներով կռիվ տված ու Պուտինի այսօրվա քաղաքականությունը ստալինիզմի հետ համեմատող Արևմուտքը Ղարաբաղի հարցում պաշտպանում է Ստալինի արածները։

«Ժողովուրդների հոր» քայլի արդյունքում մենք վեց հազարից ավելի զոհի ու տասնյակ հազարավոր վիրավորների գնով վերականգնեցինք մեր իրավունքները Ղարաբաղում։ Հիմա ի՞նչ երաշխիք կա, որ նույնը չի կրկնվի, երբ աշխարհաքաղաքական նոր կատակլիզմներ լինեն։ Հո մենք դատապարտվա՞ծ չենք պարբերաբար զոհեր տալու և արյան գնով մեր հողի վրա ապրելու իրավունքը պաշտպանելու։

Ամփոփելով՝ նշեմ, որ ամերիկացիներին կամ դրսի ուժերին չարժե մեղադրել։ Խոշոր ուժերն ունեն իրենց շահերը, թող ունենան։ Դա իրենց իրավունքն է։ Մեր իրավունքն էլ մեր շահերը պաշտպանելն է։ Այնպես որ, եկեք բոլորս միասին լծվենք մեր երկրի ներսում իրավիճակ փոխելու գործին։

Բոլոր հարցերը լուծվում են Երևանում։

Հայաստանն ու Ղարաբաղը խաղաղության և պատերազմի արանքում են։ Խաղաղության հասնելու ճանապարհը զարգացող ու ժողովրդավարական Հայաստանն է։ Ա՛յդ ուղղությամբ է պետք աշխատել։ Մնացածը դատարկ խոսակցություններ են։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը