Մեկնաբանություն

31.01.2014 12:10


Եվրաբոնդերով դեպի ՄՄ

Եվրաբոնդերով դեպի ՄՄ

Տիգրան Սարգսյանի կաբինետի անդամները փորձում են ղեկավարությունից հետ չմնալ մաքսագերազանցիկության հարցում (եվրագերազանցիկ արդեն հասցրել են դառնալ)։

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հայտարարել է, որ ընթացիկ տարում կիրականացվի մաքսային և հարկային օրենսդրության համապատասխանեցումը Մաքսային միության օրենսդրությանը։ Սա այն Դավիթն է, ով հանդիսանում է վարչապետի սիրելի նախարարը, սանիկը և վերջապես՝ «ատկատային» հարցերի մենեջերը պետական գնումների ֆորմալ ու ոչ ֆորմալ գործընթացների ժամանակ։

Բացի մաքսայնացման «նորմատիվները» հանձնելը՝ Տիգրան Սարգսյանի սիրելի սանիկը հանձնել է նաև «եվրանորմատիվները»։ Նախորդ տարվա ամփոփումն անելիս՝ նա դրական է գնահատել այն, որ առաջին անգամ թողարկվել են արտարժույթով պետական պարտատոմսեր (եվրապարտատոմսեր)` 700 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 6,25 % եկամտաբերությամբ, 7 տարի ժամկետով:

Ըստ նախարարի՝ ստացվում է, որ եվրաբոնդ թողարկելն ու բարձր տոկոսների տակ մեր պետբյուջեն մտցնելը համարվում է դրական երևույթ։ Բայց որքան էլ եվրաբոնդ ձևակերպումը գեղեցիկ հնչի, այն պարտք է։ Պարտք, որը ՀՀ իշխանությունները վերցրել են բարձր տոկոսով, և որը վերցրել են ռուսական 500 միլիոն դոլար պարտքը փակելու համար։ Այսինքն, պարտքով պարտք են փակել, ընդ որում՝ թանկ գնով փող են ձեռք բերել, որպեսզի ավելի ցածր տոկոսադրույքով վերցրած պարտքը փակեն։

Ինչ մնում է ռուսական այդ վարկին, ապա դրա փոշիացման պատմությունը դեռ կհասցնի արժանանալ իրավապահների ուշադրությանը։

Փաստորեն, «բարեշրջիչներն» այն աստիճանի բան չունեն ներկայացնելու հանրությանը, որ դրսից պարտք վերցնելն ու անունը եվրաբոնդ դնելը արդեն հսկայական ձեռքբերում են համարում։ Այդ եվրաբոնդերով էլ շտապում են դեպի ՄՄ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը