Մեկնաբանություն

25.10.2013 11:18


Անբարոյականության ցուցահանդես–վաճառք

Անբարոյականության ցուցահանդես–վաճառք

Խառը ժամանակաշրջանում ենք ապրում։ Կեղտը ջրի երես է դուրս եկել։ ՕԵԿ–ը երկրի ղեկավարության կողմից հռչակված է բարոյական քաղաքական ուժ, իսկ այնպիսի վաստակավոր հաճախորդ, ինչպիսին Դավիթ Շահնազարյանն է, խոսում է բարոյական արժեքներից։

Դավիթ Շահնազարյանն առանձնահատուկ երևույթ է մեր քաղաքական դաշտում, քանզի հանուն սեփական կարիերայի ու իշխանատենչության՝ խաչ է քաշել իր ընտանիքի անդամի վրա՝ հայտարարելով, թե, իբր, պետական շահը վեր է ընտանեկան կապերից։ Թե ինչպիսի բարոյական նկարագրի տեր պետք է լինի նման մարդը, բացատրելու կարիք չկա։

Եթե մարդն ունակ է դեմ դուրս գալ իր դստեր ընտանիքի դեմ, ապա պատկերացնել կարելի է, թե ինչ կերպարի հետ գործ ունենք։ Պատահական չէ, որ Դավիթ Շահնազարյանի հայտնած քաղաքական մտքերն ամբողջությամբ համահունչ են թուրք–ադրբեջանական շահերին։ Ընտանիքի անդամին դավաճանողը հայրենիքը կհանձնի ու կհանձնի։ Սերժին հենց այդպիսիններն էլ պետք են։ Արամ Սարգսյանն իր եղբայր Վազգենի ուրացմամբ է քաղաքական կարիերա ուզում անել, իսկ Դավիթն էլ աղջկա ընտանիքին ու խնամիներին է դավաճանում՝ ակնկալելով Սերժի բարեհաճությունը։

Նկատենք, սակայն, որ ինչքան էլ Շահնազարյանը ջանք ու եռանդ չխնայի Սերժ Սարգսյանին ծառայելու և ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի դեմ գեղամյանություն անելու գործում, միևնույն է, ՀՀԿ ղեկավարը նրան մի քանի «զրո» պակաս է տալու։

Առավելագույնը, որ կարող է ակնկալել Շահնազարյանը, «անկախ» լրատվամիջոցների տաղավարներում և էջերում հայտնվելն է։ Նրա «պրեմիան» կարող է լինել հեռուստատեսային տաղավարում ելույթի հնարավորությունը։ Վե՛րջ։ Այլ բան նրան չեն տա, և խոր ֆրուստրացիան անխուսափելի է։

Սերժ Սարգսյանին հիմա պետք է անբարոյականության ցուցահանդես–վաճառք, որպեսզի այդ ամենի ֆոնին ինքը արթուրբաղդասարյաններից, արտաշեսգեղամյաններից ու դավիթշահնազարյաններից շահեկանորեն տարբերվի։

Բայց մեր հասարակությունը արթուրներից ու դավիթներից չի բաղկացած։ Դրանք մարգինալներն են, պարզապես բարձրացրած աղմուկն է «ռասկրուտկա» արվում իշխանամետ լրատվամիջոցներով, ու տպավորություն է ստեղծվում, թե անբարոյականության հաղթարշավ է։ Սակայն ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի։ Իշխանափոխությունից հետո սրանք դաշտից մաքրվելու են այնպես, ինչպես «տառականներն» են լույս տեսնելուն պես փախչում շրիշակների տակ։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Երեկ հայտնվելով «Ա1+»–ի տաղավարում՝ Դավիթ Շահնազարյանը բոցաշունչ ելույթ ունեցավ ու քարը քարի վրա չթողեց Մաքսային միությանը միանալու որոշումից, բայց ... պահանջեց ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի հրաժարականը։

Շահնազարյանը, նենգափոխելով Տեր–Պետրոսյանի վերջին ելույթում հնչեցված մտքերը, փորձեց այդպես բացատրել Սերժի հրաժարականը չպահանջելու իր որոշումը։

Փաստորեն, Տեր–Պետրոսյանն ու Ծառուկյանն են, ըստ Շահնազարյանի, մեղավոր Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միություն մտնելու որոշման համար։ Խե՜ղճ Սերժ Սարգսյան։ Նրան ճնշել են ներսից ու դրսից։ Եվ ահա Շահնազարյանն ուզում է փրկել Սերժ Ազատիչին չար ուժերից։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ։

Այս խորագրի վերջին նյութերը