Մեկնաբանություն

16.10.2013 11:10


Գյուլից մինչև Գյուլիստան

Գյուլից մինչև Գյուլիստան

Բաղրամյան 26–ին կցված «մտավորականների» ու «փորձագետների» ցուցակներում պարբերաբար վերադասավորումներ են լինում։ Կախված օրվա կուրսից՝ առաջ են մղվում «ռուսամետները», «արևմտամետները» և նույնիսկ թուրքամետները։

Տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտության փուլում մոդայիկ էր դարձել թուրքամետ լինելը։ Նախագահական նստավայրից արգելել էին հեռուստաընկերություններին թթու խոսք հնչեցնել Թուրքիայի հասցեին։ Ավելին՝ այնպիսի պրոթուրքական քարոզ էր գնում, որ պարզապես նողկանք էր առաջացնում։ Ու պետք չէ զարմանալ, որ ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի մարզաշապիկից անհետացավ Մասիսը, իսկ Հայաստան–Թուրքիա խաղի ժամանակ անջատվեցին Ծիծեռնակաբերդի լույսերը։

Սերժ Սարգսյանն այնքան էր տարված իր «նախաձեռնողականությամբ», որ շփոթության մեջ էր գցել հաստիքային «մտավորականներին», ովքեր չգիտեին, թե ում քծնել՝ Սերժի՞ն, թե՞ Գյուլին։

Ավելի «հեռատեսները» Սերժին քծնում էին «չերեզ» Գյուլ՝ «Երկուսը մեկում» ծրագրի շրջանակներում։

Ինչ մնում է «փորձագետներին» ու քաղաքական գործիչ կոչվածներին, ապա սրանք «ընդդիմադիր» դիրքերից նույնպես գովերգում էին ՀՀԿ «ճկուն» ղեկավարի «ֆուտբոլային» քայլերն ու կանխատեսում բեկում։

Կյանքը, սակայն, ցույց տվեց, որ «ֆուտբոլից» Հայաստանը միայն վնասներ ստացավ։ «Նախաձեռնող» իշխանությունը, ցավոք, հետևություններ չարեց։ Արդյունքում «արևմտամետ» Սարգսյանը «ֆուտբոլային դիվանագիտություն – 2» նախաձեռնեց՝ ԵՄ–ի հետ ասոցացման խաղերի մեջ մտնելով և արտաքին քաղաքականությունը ղումարբազության հետ շփոթելով։

Այդ փուլում Բաղրամյան 26–ում պահանջված դարձան «սութի» արևմտամետները, որոնք հասցրին այդպիսին դառնալ թուրքամետության փուլից հետո։ Դավիթշահնազարյանները և իգորմուրադյանները արևմտամետության քողի տակ ձայնակցում էին թուրք–ադրբեջանական քարոզչամեքենային և կատարում 5–րդ շարասյան ֆունկցիա։

«Անկախ» լրատվամիջոցներ «Lragir.am»–ն ու «1in.am»–ը գործնականում չէին տարբերվում «day.az»–ից կամ «1news.az»–ից (հիմա էլ չեն տարբերվում)։ «Ղարաբաղի հանձնում ԵՄ–ի հետ ասոցացվելու դիմաց». ահա՛ սրանց տարած գիծը, որի կյանքի կոչման դեպքում հարցականի տակ կհայտնվեր ինչպես ԼՂՀ–ի, այնպես էլ ՀՀ–ի գոյությունը, բայց դա տնաբույծ «արևմտամետներին» քիչ է հետաքրքրում։

Սրանք այնքան էին մտել «արևմտամետ» դերի մեջ, որ Ֆյուլեի կամ որևէ այլ եվրաչինովնիկի ասածները որպես աստվածաշնչյան ճշմարտություն էին ներկայացնում։

Թե ինչ բերեցին Հայաստանի գլխին «արևմտամետները» Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, բոլորին է հայտնի։ Սեպտեմբերի 3–ին ամեն ինչ ավարտվեց Կրեմլի նկուղում տեղի ունեցած ինքնանվաստացման ակտով։

Հիմա եկել է «ռուսամետների» ժամանակը։

Նկատենք, որ ինչպես թուրքամետության և «արևմտամետության» փուլում, այնպես էլ հիմա հաստիքային ու արտահաստիքային «մտավորականությունը» կրկին շփոթված է, և չգիտի, թե ում քծնել։ «Հարիֆներն» իներցիայով քծնում են Սերժին, իսկ ահա «հեռատեսները» (օրինակ՝ Զորի Բալայանը) առաջնորդվում են «Եթե մտնել, ապա ամենավերադասի՛ հետույքը» սկզբունքով, ու քսմսվում Պուտինին։

Ճիշտ պահին ճիշտ տեղերում լուսանկարվելու բացառիկ հատկանիշներ ունենալու շնորհիվ «Արցախի հերոսի» կոչում «կպցրած» Զորի Բալայանը քծնանքին պատմաքաղաքական տեսք տվեց՝ հիշելով Գյուլիստանի պայմանագիրը։

Ի դեպ, Զորիի նամակն իրարանցում առաջացրեց պալատական սազանդարների մոտ, և սրանք, իրար հերթ չտալով և միմյանց կոխկռտելով, նետվեցին «նավապետի» հետևից՝ մտավախություն ունենալով, որ հետ կմնան գաստրոարտադրանքի հետ միախառնվելու հաճույքից։

Սերժ Սարգսյանի նախաձեռնած ինքնանվաստացման շքերթը շարունակվում է։ «Աշխատավորական կոլեկտիվները» Գյուլից սկսեցին, Ֆյուլեով մտան ու Գյուլիստանով ավարտում են, քանզի բոլորն էլ հոգով Գյուլչիտայ են։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը