Կարծիք

27.08.2013 11:59


Անդրիաս Ղուկասյան

Անդրիաս Ղուկասյան

Պաշտոնատար անձանց՝ իրենց լիազորություններից դուրս կայացրած ապօրինի որոշումների դեմ քաղաքացիների անհնազանդությունը արդար է եւ օրինական։ Քաղաքացիների կողմից մայրաքաղաքի փողոցները փակելն անհրաժեշտ գործողություն է՝ հանրության շահի դեմ կատարվող ոտնձգությունները կասեցնելու համար։ Այդ, առանց բռնության իրականացվող բողոքի ակցիաները, բնավ ուղղված չեն ոստիկանների կյանքին, առողջությանը եւ արժանապատվությանը վնաս պատճառելուն։ Ուստի, ոստիկանությունը պարտավոր է հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերել քաղաքացիների խաղաղ բողոքների դրսեւորմանը եւ զերծ մնալ ուժի կիրառումից: Իրավունքի գերակայության սկզբունքին անվերապահորեն հետեւելը ոստիկանության կողմից բարի կամքի դրսեւորում չէ, այլ պարտականություն։ Յուրաքանչյուր ոք, ով պատրաստ չէ ենթարկվել այդ սկզբունքին, իրավունք չունի կրելու ոստիկանի բարձրագույն կոչումը։ Քաղաքացիական շարժումների դեմ այսուհետ ուժ կիրառելու սպառնալիքը իշխանական վերնախավի հեռահար նպատակներ հետապնդող քաղաքական որոշում է, որը, սակայն, չի կարող կասեցնել քաղաքացիական շարժման հետագա զարգացումն ու քաղաքացիների անհնազանդության դրսեւորումները իշխանությունների անօրինական որոշումների դեմ։ Քաղաքացիական շարժման հիմքն է հանդիսանում քաղաքացիների խորին համոզմունքը, ըստ որի՝ Հայաստանի կարեւորագույն խնդիրն է` վերացնել Սերժ Սարգսյանի գլխավորած քրեաօլիգարխիկ համակարգը։

Քաղաքացիական շարժման դեմ բռնություն կիրառելու որոշումը նաեւ կհարկադրի հանրությանը դիմել համաչափ ինքնապաշտպանական միջոցների՝ քաղաքացիների կողմից կամավոր իրավապահ մարմնի ստեղծմանը։ Հասարակական կարգը պահպանելու` ոստիկանության պարտականությունը իրացվելի է ոչ թե ուժի սպառնալիքով, այլ քաղաքացիական շարժման հետ համագործակցության ճանապարհով։ Այդ հնարավորությունը ոստիկանությունը կարող է ձեռք բերել՝ միայն թոթափվելով քրեական օլիգարխիայի քաղաքական պատվերները կատարելու բեռից:

Անդրիաս Ղուկասյան

Այս խորագրի վերջին նյութերը