Խմբագրական

17.07.2009 12:49


Պատերազմի և խաղաղության մասին

Պատերազմի  և խաղաղության  մասին

Նորություն ասած չեմ լինի, եթե պնդեմ, որ Արցախի հիմնահարցը՝  դա Հայաստանի Հանրապետության անվտանգությանն է վերաբերում։ Սա, թերևս, բոլորն են գիտակցում։ Պարզապես հանրության տարբեր շերտեր  խնդրի լուծումը  տարբեր կերպ են պատկերացնում։ Այդ պատկերացումների շրջանակում էլ ստեղծվել են տարատեսակ «կլիշեներ» և «շտամպեր», որոնց և ընդհանրապես արցախյան հարցին առնչվող որոշ դրույթների կուզենայի անդրադառնալ։

Եվ  այսպես. փաստ է, որ մեր հասարակությունը չունի միասնական մոտեցում Արցախի հարցում։ Ամեն մեկն ունի ի՛ր ճիշտը։ Ինչ մնում է քաղաքական ուժերին,  ապա այստեղ էլ հանդիպում ենք տարբեր «գույների»։ Մեր քաղաքական դաշտում ներկայացված են բոլորը՝ սկսած «ծայրահեղ խաղաղասերներից» մինչև «ծայրահեղ պատերազմապաշտները»։ Մի  ուժի համար, խնդրի լուծման առումով, բավարար կարող  է   լինել նույնիսկ     Արցախն  ազատագրված տարածքների  հետ միասին Ադրբեջանի կազմում թողնելը՝ անվտանգության երաշխիքների դիմաց, իսկ մյուսի համար՝ անվտանգության գիծը կարող է անցնել Քուռից մինչև Արաքս։ Մոտեցումների այս լայն դիապազոնն իր մեջ ներառում է արդեն մնացած բոլոր մոդելները։  

Հատկանշական է, որ հարևան  Ադրբեջանում, Հայաստանին բնորոշ, տեսակետների  այդ աստիճանի բազմազանություն չկա։ Այնտեղ նույնիսկ  մարգինալ  քաղաքական ուժերն Արցախը չեն տեսնում իրենց կազմից դուրս։ Միգուցե մի քանի  հոգանոց խումբ լինի,  որը Արցախի անկախությունն ընդունի որպես իրողություն և կողմ լինի դրան, բայց  այդ  սուբյեկտները բացարձակապես չեն արտահայտում ո՛չ քաղաքական ուժերի,  ո՛չ էլ հանրության լայն շերտերի տրամադրությունները։ Ի դեպ, Վրաստանո՛ւմ  էլ  չկան ուժեր, ովքեր Աբխազիան  և Օսիան պատկերացնեն   ՌԴ-ի կազմում և կողմ լինեն այն մոդելին ըստ որի՝ Ռուսաստանի հետ պետք է բարիդրացիական հարաբերություններ հաստատել՝ հողերի կորստյան փաստի հետ հաշվի նստելով։  Ինչևէ։ Վերադառնանք  Հայաստան։

Փաստորեն՝  տարածաշրջանի «ամենախաղաղասեր» հասարակությունը մեզ մոտ է, ուր, իմ տպավորությամբ, բազում քաղաքական ուժեր մրցավազքի են դուրս եկել՝ «Կտո բոլշե» թեմայով։ Ե՛վ իշխանական, և՛ ընդդիմադիր դոմինանտ շրջանակների մոտ կա տեսակետ,  որ պետք է որոշակի  տարածքային զիջումների գնալ։ Կարող են  հնչել տարբեր ձևակերպումներ, բայց  նրանց մոտ ակնհայտ է մեկ ընդհանուր բան. ազատագրված տարածքների մի մասը (քանակներն՝ ըստ ճաշակի)  պետք է տալ։ Մեկն  ուզում է  «գլուխը պրծացնել»  5 շրջանով, մյուսը՝ 6 կամ 7, բայց «տալն» ամեն դեպքում կա։ Այսինքն՝ «Աղդամը  մեր հայրենիքը չէ» կարգախոսը միավորում է ներքաղաքական կյանքում միմյանց նույնիսկ թշնամաբար տրամադրված ուժերին. մեկը կարող  է  դա բարձրաձայնել,  իսկ մյուսը՝ ոչ, բայց «խաղաղասիրության» էությունը դրանից չի փոխվում։ Ահա ա՛յս առումով է,  որ մեզանում կեղծ կատեգորիաներ են առաջացել և դա է պատճառը, որ  այդօրինակ խաղաղասիրությունը ես չակերտների մեջ եմ վերցնում։

Անշու՛շտ,  ՀՀ յուրաքանչյուր բանական և հասուն քաղաքացի  ուզում է,  որ խաղաղություն լինի և կարողանանք բոլոր հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատել։ Այս թեզի շրջանակում  Հայաստանում, իբր,  առաջացել են  2  հիմնական կուսակցություններ՝  «Պատերազմի»  և «Խաղաղության»։

Եթե  փորձեմ տարածված «կլիշեներով» ներկայացնել  իրողությունը, ապա կստացվի հետևյալ պատկերը. «Հողերը տանք և գնանք Արցախի խնդրի  արագ կարգավորման, որպեսզի խաղաղ ապրենք»,- պնդում են «Խաղաղության» կուսակցության ներկայացուցիչները։ Նրանք համոզված են, որ առանց Թուրքիայի և Ադրբեջանի հետ բաց սահմանների՝ Հայաստանը զարգանալու  շանս չունի։ Իսկ «Պատերազմի» կուսակցության ներկայացուցիչները համոզված  են,  որ Հայաստանը ոչ միայն տալիք չունի,  այլ՝ ընդհակառակը։

Իրականում այս 2 մոդելների պարագայում էլ, անկախ դրանց հեղինակների կամքից և «կուսակցական» պատկանելիությունից, Հայաստանը կարող է կանգնել պատերազմի վտանգի առջև։ Միգուցե պարադոքսալ   թվա, բայց  «Խաղաղության» կուսակցության մոտեցումներն ավելի շուտ  կարող են պատերազմի հանգեցնել, քան «Պատերազմի» կուսակցության դեպքում։

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն այս առումով շատ դիպուկ   ձևակերպում  է տվել։ «Այն մարդիկովքեր այսօր խոսում են շուտափույթ խաղաղության մասին՝ անուղղակիորեն կարող են դրդել շուտափույթ պատերազմի», - նկատել է քաղաքագետը։

Ես այսպես կձևակերպեի. ինքնամոռաց «խաղաղասերների» քայլերը կա՛մ բերում են պատերազմի, կա՛մ՝ 1915 թվի Ցեղասպանության։ Օրինակ, այն շրջանները, որտեղ 20-րդ դարասկզբին դիմադրություն եղավ՝ հայերն ազատվեցին երիտթուրքերի կազմակերպած ֆաշիզմից։ Ճիշտ է զոհեր եղան, բայց մեծ մասը ողջ մնացին։ Այլընտրանքը՝ բոլորի կոտորածն էր լինելու։ Պատկերացնու՞մ եք՝ Սասունի պաշտպանության ժամանակ խոսվեր այն մասին, թե եկեք թուրքերի հետ բարիդրացիական հարաբերություններ ունենանք ու տանք Սասունը, որպեսզի խաղաղ ապրենք։ Փառք Աստծո, այդպես չեղավ։ Ճիշտ է, Սասունն, ի վերջո, չպահեցինք, բայց գոնե մարդկային կյանքեր փրկվեցին։ Եթե այդ օրերին դիմադրություն չլիներ, ապա և՛ տարածքը կկորցնեինք, և՛մարդկանց։ Հիմա ո՞րն էր ճիշտը. «արկածախնդիր» պայքարը՞, թե «խաղաղասիրությունը»։ Ով պայքարում է՝ նա հաստատում է իր գոյության իրավունքը։ Սա՛ է իրողությունը։ Հետևաբար մեր քաղաքագիտական տերմինաբանությունը պետք է ձերբազատվի կեղծ «կլիշեներից», քանի որ  «Խաղաղության»  և «Պատերազմի» կուսակցությունների  իրական էությունը չի արտահայտվում այդ «կլիշեներում»։

Հայաստանը պետք է որդեգրի  իրատեսական քաղաքականություն, որը դուրս է «Պատերազմի»  և  «Խաղաղության» կուսակցությունների   «շտամպային»  մտածողությունից։ Մեր թիվ մեկ խնդիրն անվտանգությունն է և Հայաստանի շահերից չի բխում Արցախի խնդրի շուտափույթ կարգավորումը, քանի որ այսօր շրջանառվող բանաձևերով՝ լուծման գինը հենց  Հայաստանի անվտանգության կորուստն է։ Այսինքն ստատուս քվոն անհրաժեշտ է պահպանել, քանի որ այլընտրանքային լուծումներ չկան և անհասկանալի է, թե մենք ինչու՞ ենք շտապում։ Ցամաքային կապ,  անվտանգության երաշխիքներ և նման այլ ձևակերպումները՝ դատարկ խոսակցություններ են։ Դրանք,  ըստ էության, նշանակում են «Հող՝ թղթի դիմաց»։ Միջազգային երաշխիքներ մեզ 70 տարի առաջ էլ էին տվել։ Սովետական Միությունն էր այդ միջազգային երաշխավորողի դերը կատարում, որպեսզի պատերազմ չլինի։ Սովետը փլուզվեց ու արդյունքում մենք ավելի քան 6000 զոհ ու տասնյակ հազարավոր վիրավորներ ու խեղված ճակատագրեր ունեցանք։ Նույն Հարավսլավիայում էլ Սովետը երաշխավորի դեր էր ստանձնել։ Եվ ի՞նչ. Հարավսլավիան մի քանի կտորների բաժանվեց ու էլի հազարավոր զոհեր և վիրավորներ եղան։ Հիմա մենք սերունդներին նո՞ր պատերազմներ ենք ուզում ժառանգել՝ «միջազգային երաշխիքների» թղթերի տեսքով։ Նման թղթեր մեր ժողովուրդն իր պատմության մեջ  շատ է տեսել։ Հիշենք թեկուզ Սևրի պայմանագիրը. անիմաստ մի փաստաթուղթ,  որը մեզ խոստանում էր շուրջ 160 հազար քառակուսի կիլոմետր տարածք, բայց այժմ ապրում ենք դրանից 4 անգամ փոքր տարածքում և դեռ պայքարում ենք դրա համար։ Այնպես, որ պետք է  զերծ մնալ ծայրահեղություններից, չպահանջել, ասենք, Կիլիկիան, բայց  չպահանջել նաև շուտափույթ քայլեր Արցախի հարցում, այլ օգտագործել Հայաստանի ամբողջ պոտենցիալը, ստեղծել շուկայական և ազատ տնտեսություն, զարգացնել ժողովրդավարական   ինստիտուտները և  ձևավորել արդյունավետ պետական կառավարման համակարգ։ Նրանք, ովքեր  կպնդեն, թե դա հնարավոր չէ փակ սահմանների պարագայում՝ այդ մարդիկ ավելի վտանգավոր են Հայաստանի անվտանգության համար, քան  նրանք, ովքեր ցանկանում են նույնիսկ  Կիլիկիան  ազատագրել։ Ճիշտ է  2 մոտեցումն  էլ ծայրահեղական է, բայց Կիլիկիա ուզողը չի կարող մեր հանրության լայն շերտերին  իր հետևից տանել, ուստի այդ  առումով վտանգ  չկա։ Փոխարենը՝ այսպես կոչված խաղաղասերները կարող են լայն զանգվածների մոբիլիզացնել՝ «Տանքոր լավ ապրենք», կամ «Ղարաբաղի հարցը մինչև  չլուծվի՝  Սերգո ջանը  լավ  չի ապրի» կոչերի տակ, քանի որ մենք  դեռ  պետականաստեղծ  ազգ դառնալու նախնական փուլում ենք և  շատերը չեն ուզում ճիգեր գործադրել, այլ ուզում են անդարդ ապրել ու կարող են գայթակղվել կեղծ խաղաղասիրությամբ։

Ասեմ,  որ «Խաղաղության» կուսակցության կոչերին հետևելով՝ մեր  անդարդների կյանքն, իրականում,  վատանալու է։ Եթե այսօր թեկուզ  1 շրջան հանձնենք, ապա պատերազմի հավանականությունը կմեծանա։ Ով դա չի ընկալում՝ ոչ թե դավաճան է, այլ մոլորյալ։ Այնպիսի մոլորյալ, ինչպիսիք որ կային Կարսի անկման ժամանակ։ Այն օրերին էլ կային ուժեր, ովքեր ուզում էին խաղաղ ապրել։ Եվ ապրեցին, բայց ... ուրիշ տեղ կամ ընդհանրապես կործանվեցին։

Եթե  ժամանակին Գարեգին Նժդեհը չպահեր Զանգեզուրը, ապա այսօրվա Հայաստանը չէր լինի։ 20-րդ դարասկզբին էլ  կային «Խաղաղության» կուսակցության ներկայացուցիչներ՝ ի դեմս բոլշևիկների, ովքեր  արկածախնդրություն էին համարում Զանգեզուրի պայքարը, ովքեր բարոյալքեցին   բանակն  ու Կարսն առանց կրակոցի հանձնվեց, ովքեր «հանգիստ» կյանք էին խոստանում։ Այդ «խաղաղասերների» տեսանկյունից որ նայենք՝ հարց կառաջանա. արդյո՞ք «Պատերազմի» կուսակցության ներկայացուցիչներն էին Արամ ՄանուկյանըՍիլիկյանը  կամ Դրոն, ովքեր ռազմի դաշտում հաղթանակ տարան և մեզ կտակեցին անկախ  Հայաստան  ունենալու հնարավորությունը։ Կամ արդյո՞ք մենք սխալ արեցինք, որ հաղթեցինք արցախյան պատերազմում։  Իհարկե՝ ո՛չ, չսխալվեցինք։

Ի դեպ, արցախյան պատերազմի օրերին էլ կային քաղաքական գործիչներ, ովքեր արկածախնդրություն էին համարում Ադրբեջանի դեմ պատերազմելը՝ հիմնավորելով ասվածը դիմացինի քանակային գերակայությամբ։ Բայց ամբողջ խնդիրն այն էր, որ ագրեսոր կողմին բացարձակապես չէր հետաքրքրում քո նվնվոցը և «խաղաղ» ապրելու ձգտումը։ Մենք մեղավո՞ր էինք, որ հակահարված տվեցինք ազերիների բարբարոսությանը։ Ի՞նչ անեինք, մյուս երեսնե՞րս էլ դեմ տայինք։  Ագրեսորը քո հետ հաշվի կնստի (և նստեց) այն ժամանակ, երբ պատասխան հարված ստանա։ Սա՛ է կյանքի օրենքը։ Թե չէ այն «խաղաղությունն» ու «կայունությունը», որ  մեզ ոմանք ուզում են քարոզել՝ գերեզմանային է։ Գերեզմանում էլ ամեն ինչ «խաղաղ» է։ Ասված է. «Ինքնապաշտպանության  անկարող   ազգերը՝ դատապարտված  են  ոչնչացման»։ Ոչ մի ազգ չի ցանկանում պատերազմել։ Բայց այն ազգը, որը  չի  սիրում իր հաղթանակը՝ ինքն իրեն դատապարտում է  ինքնաոչնչացման, և դա արդեն քաղաքական էֆտանազիա է։  Միթե՞ Արցախի հարցն է մեզ խանգարում, որպեսզի մեր երկրում տիրող իրավական «բեսպրեդելը» վերացնենք։ Համոզված եմ, որ ոչ։ Բոլոր խնդիրների պատճառները մեր ներսում պետք է փնտրենք և ներսում լուծումներ գտնենք։ Իսկ եթե մտածենք,  թե Թուրքիան կամ Ադրբեջանը մինչև սահմանները չբացեն՝ չենք զարգանա, ապա այդ մտածողությամբ հաստատ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ նորմալ հարաբերություններ չենք հաստատի  ու  ինքներս մեզ կզրկենք առաջընթացի հնարավորությունից՝ դառնալով հաշմանդամ հասարակություն։ Ֆաշիստական Գերմանիային մինչև ծնկի չբերեցին՝ գերմանացիների հարևան ազգերը բարեկամներ չդարձան նույն այդ գերմանացիներին։ Մեր պարագայում էլ նույնն է. մինչև, որ մեր անվտանգության երաշխիքներն ինքներս չստեղծենք՝ Ադրբեջանը չի գա հաշտության։ Պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանն ու Թուրքիան դեռ չեն ճանաչել մեր պետության սահմանները։ Այսինքն չեն բացառել ագրեսիան։ Իսկ որպեսզի դա չլինի՝ կայուն երաշխիքներ են պետք։ Հայաստանի արևելյան շրջաններում առկա ստատուսքվոն՝ հենց այդ երաշխիքն է։ Միա՛կ երաշխիքը։ Ոչ մի միջազգային խաղաղապահ չի կարող տալ համարժեք երաշխիք, ինչպես որ չի տվել Սերբիայում, Բոսնիայում կամ այլուր։ Եվ հետո, անհասկանալի է, թե ինչու՞ են ուզում միջազգային զինված ուժեր տեղաբաշխել այնտեղ, ուր ուզում են խաղաղություն հաստատել։ Դա արվում է, որպեսզի կողմերը չկռվե՞ն։ Այդ դեպքում էլ ի՞նչ հաշտության մասին է խոսքը։ Իսկ կռիվ հիմա էլ չկա, քանի որ ռազմական հավասարակշռությունն է այդպիսին։ Նժդեհագետ (ավելի ճիշտ կլիներ ասել՝ նժդեհապաշտ)  Գարեգին Ղազարյանն ազատագրված տարածքներին տվել է «խաղաղության ինքնաերաշխիքներ» անվանումը։ Կարծում եմ շատ ճիշտ  ձևակերպում է։ Զարմանալի է, որ Ալիևի ռազմատենչ հայտարարությունների ֆոնին դեռ գտնվում են մարդիկ, ովքեր ասում են, թե արագ կարգավորման պետք է գնալ։ Իսկ երբ հիշեցնում ես Ալիևի հայտարարությունների մասին՝ անմիջապես դառնում են Ադրբեջանի նախագահի փաստաբանն ու շուտասելուկի պես պատասխանում, թե դա ներքին օգտագործման համար է։ Մի օր չեղավ մերոնք ներքին օգտագործման համար հայտարարեին, թե, ասենք, Կիրովաբադը դա նախկին Գանձակն է ու մինչև այն չհայտնվի Հայաստանի կազմում՝ Ադրբեջանի հետ հաշտության չենք գա։ Միևնույն է մեր «խաղաղասեր» իմիջը չի տուժի դրանից՝ «ներքինը» մնում է «ներքին»։ Պարզապես դժվար թե Ադրբեջանում գտնվեն քաղաքական ուժեր, որոնք իրենց ժողովրդին համոզեն, թե դա Հայաստանի ներքին օգտագործման համար է։  Ընդհակառակը՝ անմիջապես վայնասուն կբարձրացնեն։ Այնպես, որ լավ կլինի մեր «խաղաղասիրությունը»՝ ուրիշների «կռվարարությամբ» չարդարացնենք։

Նկատենք, որ խաղաղության և պատերազմի մասին մեզ մոտ առկա կեղծ «շտամպերը» ձևավորել են անկախ  պետության բացակայության պայմաններում՝ դրսևորվելով կղերապահպանողականության կամ հեղափոխականության տեսքով։ Երևույթը բնական է։ Պատճառը՝ պետության բացակայությունը։ Այժմ,  երբ կա անկախ պետություն, մենք պետք է գնանք իրատեսական, ծայրահեղություններից զերծ ճանապարհով և ձևավորենք պետական մտածողության կրող քաղաքացի և քաղաքական էլիտա։ Այսինքն, պատկերավոր ասած,  չպահանջենք Կիլիկիան, բայց նաև չասենք, որ «Աղդամը մեր հայրենիքը չէ»։ Ես չեմ տեսել մի թուրք, ով ասի թե Կարսը մեր հայրենիքը չէ, չնայած զուտ մեր ներքին պատճառներով այն կորցրինք և այն ժամանակ Աթաթուրքը չէր էլ վիճարկում Կարսի՝ Հայաստանի մասը լինելու հանգամանքը։ Բայց վերցրին ու հիմա կարո՞ղ ենք Կարսը պահանջել։ Իհարկե՝ ո՛չ։ Դա արդեն, իրոք, արկածախնդրություն կլինի։

Դե ուրեմն, եկե՛ք  սիրենք այն ինչ մերն է, եկեք բնակեցնենք  Արցախի ողջ տարածքը, եկեք քաղաքակիրթ Հայաստան կառուցենք ու կտեսնենք, որ Ադրբեջա՛նն էլ, Թուրքիա՛ն  էլ  կձգտեն մեզ հետ նորմալ  հարաբերություններ հաստատել։ Ես հավատում եմ այդ գաղափարին։ Համոզված եմ իմ խոսքերի ճշմարտացիության մեջ։  Հիմա ջրերը պղտորված են։ Բայց ամեն ինչ կկարգավորվի։ Գալու է նաև մաքուր ջրերի փուլը։

Անդրանիկ Թևանյան       

Հ.Գ Հուլիսի 17-18-ին Մոսկվայում կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպման շրջանակներում հնարավոր են մի քանի սցենարներ։

Սցենար 1-ին։ Ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվում և որևէ շրջանակային համաձայնության կողմերը չեն գալիս և փաստացի գնում են ստատուս քվոն պահպանելու ուղղությամբ։

Սցենար 2-րդ։ Սարգսյանն ու Ալիևը փաստաթուղթ են ստորագրում։ Նման մտավախություն կա, քանի որ Սերժ Սարգսյանը ցույց է տվել, որ թուղթ ստորագրելու համար խելքը իրենը չէ։ Այդպիսի զարգացումների դեպքում՝ Հայաստանում կարող է ստեղծվել ֆորսմաժորային իրավիճակ, որը իշխանությունների համար հղի կլինի շատ կանխատեսելի հետևանքներով։   Նկատենք, որ այդպիսի սցենարային զարգացման նախապատմությունային ամբողջ նրբությունն այն է, որ եթե Ալիևը համաձայնվեց, ապա Սարգսյանին դժվար է լինելու հետ կանգնել իր «նախաձեռնողականությունից» և արձանագրել «ֆուտբոլային դիվանագիտության» ֆիասկոն, որի շրջանակներում ՀՀ նախագահը սկզբնական փուլում առաջարկել էր Թուրքիայի նախագահ Գյուլին Արցախի հարցում  օժանդակել կողմերին։ Թուրքերն ասեցին հիմա էնպես կօժանդակենք, որ «հիշեք հոր հարսանիք»։ Էդ հիմա է, որ Սերժ Սարգսյանն առիթը բաց չի թողնում թուրքերին մեղադրելու և պայմանավորվածությունների խախտման մասին բարձրաձայնելու համար։ Բացեք «ֆուտբոլային» օրերի մամուլն ու կտեսնեք, թե ինչպիսի՜ մթնոլորտ էր տիրում մեզ մոտ՝ Թուրքիայի նախագահի գալստյան կապակցությամբ։ Սերժ Սարգսյանի մեկ տարին ամփոփող տեսանյութերում Գյուլի հասցեին ոչ պակաս քծնանք կար, քան Ս. Սարգսյանի։ Տեղի ունեցածը ներկայացվում էր որպես «դարի» կամ, ինչպես հետագայում որակվեց՝ Նոբելյան մրցանակին արժանի քայլ։ Բոլոր նրանք, ովքեր ահազանգում էին, որ այդկերպ հայ-թուրքական հարաբերությունները չեն բարելավվելու, այլ հակառակն է լինելու՝ ընկալվում էին որպես Սերժի չուզողներ ու ծայրահեղականներ։ Մանավանդ, որ այդ օրերին իշխանությունն ու «փողոցային» ընդդիմությունը լիակատար փոխըմբռնման մեջ էին։ 

Սցենար 3-րդ։ Ալիևը համաձայնվում է թուղթ ստորագրելուն, բայց Սարգսյանը հրաժարվում է դա անել։ Այդ դեպքում մենք կստանանք նոր «Լիսաբոն» և Սերժ Սարգսյանը կհայտնվի նույն կարգավիճակում, ինչ որ այսօր իր հրաժարականը պահանջող և այն օրերի նախագահ Տեր-Պետրոսյանը։ 

Հիշեցնեմ, որ 1996 թվականի դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած Լիսաբոնյան գագաթնաժողովում, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը վետոյի  իր իրավունքը կիրառեց,  առաջարկվում էր ընդունել  Ադրբեջանի  տարածքային ամբողջականությունը՝ Ադրբեջանական ՍՍՀ-ի քարտեզով։ Այն ժամանակ Տեր-Պետրոսյանը մենակ մնաց համաշխարհային հանրության դեմ դիմաց։ Իսկ լիսաբոնյան ժամանակահատվածին նախորդել էին Հայաստանի նախագահական «ընտրությունները»։ Ի դեպ, Լիսաբոնից հետո իշխանական համակարգն արդեն վերջնականապես փլուզվեց, ինչն էլ հետագայում հանգեցրեց իշխանափոխության։

Հիմա էլ պատկերը հայելային է. նախագահական  խայտառակ ընտրություններ, մայրաքաղաքում հայտնված տանկեր և մեկ փուլով իշխանության եկածների՝ Արցախի խնդրի կարգավորման շուտափույթ լուծման պատրաստակամություն։ Պակասում է միայն «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը»-2 հոդվածը, բայց այլ հեղինակի կատարմամբ։ Այս սցենարի դեպքում էլ ներքաղաքական  զարգացումները կբերեն իշխանությունների համար շատ կանխատեսելի  արդյունքների։

Ամփոփենք. քանի որ Սարգսյանն այս ամենին լավ տեղյակ է և իր հիմնական խնդիրն իշխանությունը պահելն է, ապա նա, թերևս, կգնա 1-ին սցենարով։  Որևէ բան չստորագրելու մասին նա Գյումրիի այցելության ժամանակ արդեն հայտարարել է։

2-րդ և  3-րդ սցենարների դեպքում շատ հավանական է այն, ինչի հետ կապված Հայաստանում իշխանության են գալիս կամ իշխանությունից զրկվում։ Արցախը՝ դա բաց նյարդ է։ Ով կպավ՝ ուրեմն կպնում է Հայաստանի ապագային։

Այս պահին ՀՀ-ի ու անձամբ նախագահի համար միակ ընդունելի տարբերակը առաջին սցենարն է։ Հետո արդեն կարելի է մտածել ներքին կյանքը փոխելով՝ Հայաստանը զարգացնելու մասին։ Սերժ Սարգսյանի հետ կլինի դա, թե  առանց նրա՝ երկրորդական կարևորության հարց է։ Եթե համակարգի փոփոխության խնդիր դրվի, ապա մնացած բոլոր կետերը դրանից կածանցվեն՝ ինչպես 88-ին։ Կարող է հարց առաջանալ, թե ինչպե՞ս փոխենք համակարգը, եթե իշխանություն չունենք։ Ասեմ, որ նախ պետք է տիրել գիտակցությանը, հետո՝ «մարմնին»։ Նույն 88-ին «Ղարաբաղ» կոմիտեն ֆորմալ իշխանություն չուներ, բայց փաստացի իշխանությունն ինքն էր, իսկ հետո արդեն «թղթի» վրա դա ձևակերպվեց։

Մի համեմատական օրինակ էլ բերեմ։ Հին ժամանակներում կային դինոզավրեր։ Մարդիկ դրանց դեմ չէին կարողանում պայքարել։ Եվ չէին էլ կարողանա, եթե գլոբալ փոփոխություններ չլինեին։ Բնակլիմայական պայմանները փոխվեցին և դինոզավրերն անհետացան։ Մեզ մոտ էլ, որ հանրային մթնոլորտը փոխվի՝ չենք էլ զգա, թե քաղաքական դաշտի  «դինոզավրերն» ինչպես կանհետանան մեր կյանքից։

Հ.Գ.-2: Նյութն արդեն հրապարակված էր, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Մոսկվայում որևէ փաստաթուղթ չեն ստորագրել։

Այս խորագրի վերջին նյութերը