Մեկնաբանություն

18.06.2013 13:19


Եկել է Տարոն Մարգարյանին «փչացնելու» ժամանակը

Եկել է Տարոն Մարգարյանին «փչացնելու» ժամանակը

Սերժ Սարգսյանն այնքան էր անհանգստացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքնեով և այնքան ինքնամոռաց էր տրվել Տարոն Մարգարյանի օգտին տոկոսներ «խփելու» գործին, որ ԿԸՀ–ի տվյալներով վերջինիս վարկանիշն ավելի բարձր ստացվեց, քան ՀՀԿ ղեկավարինը։

Բաղրամյան 26–ում այնքան էին վախեցած Երևանի կառավարման լծակները կորցնելու հեռանկարից, որ ստիպված փչեցին Տարոնի «փուչիկը»՝ տարածելով, թե նա վերջին քսան տարվա ընթացքում մայրաքաղաքի ամենաարդյունավետ ու լավ ղեկավարն է։

Պարզ է, որ Տարոնի համար չէին ոստիկանությունը, թաղային խուժանն ու «թիթեռնիկներն» ուս–ուսի տված ձայն ապահովում։ Բայց փաստն այն է, որ Տարոնը պաշտոնական տվյալներով Երևանում ավելի շատ ձայն հավաքեց, քան դրանից մի քանի ամիս առաջ տեղի ունեցած նախագահական «ֆեյք» ընտրություններում գրանցվել էր Սերժի օգտին։

Հիմա ամեն ինչ մնացել է հետևում և ինչպես կանխատեսվում էր՝ «անկախ» լրատվամիջոցները սկսել են Տարոնի «փչացման» գործընթացը։

Հարկ է նկատել, որ Տարոնի «փչացման» գործով զբաղվող իշխանամետ լրատվամիջոցներն այնքան «կացնային» մեթոդով են աշխատում, որ պարզապես նողկանք է առաջացնում։

Այդպիսին է Սերժ Սարգսյանի կառավարման ոճը։ Նա մի կողմից բոմժերի ու թաղային խուժանի օգտագործմամբ քաղաքապետ է վերանշանակում Տարոնին, իսկ մյուս կողմից էլ՝ լրատվամիջոցներով տարածում է, թե Տարոնը ներկայացնում է երեւանյան լյումպենը, որն այդպես էլ չդարձավ երեւանցի, սակայն նաեւ կորցրեց իր արմատները, եւ վերածվեց անդեմ ու գորշ զանգվածի:

Տարոնին «փչացնելու» համար «անկախ» լրատվամիջոցները նույնիսկ գովեստի խոսքեր են շռայլում Երևանի նախկին քաղաքապետներ Երվանդ Զախարյանի, Գագիկ Բեգլարյանի ու Կարեն Կարապետյանի հասցեին։ Եվ դա այն դեպքում, երբ նույն այդ լրատվամիջոցները որպես գործիք օգտագործվեցին, օրինակ, Բեգլարյանի դեմ կազմակերպված «մուտիլավկայի» ժամանակ։ Եթե հիշում եք, գրում էին, թե Բեգլարյանը անընդունելի և անհանդուրժելի պաշտոնյա է։ Հիմա արդեն Բեգլարյանին քծնելը ընդունելի և հանդուրժելի է դարձել, քանզի դա է պահանջում բարձր ղեկավարությունը։

Հասկանալի է, որ դրանց պռոշները չի ճաքում Զախարյանի, Բեգլարյանի կամ Կարապետյանի համար։ Խնդիր է դրված «ջրել» «Տարոնը վերջին քսան տարվա ամենալավ քաղաքապետն է» թեզը, որը շրջանառության մեջ էր դրվել նախագահական նստավայրի կողմից։ Ահա այդ թեզը պայթեցնելու համար էլ «անկախ» լրատվամիջոցները դարձել են Գագիկ Բեգլարյանի ու մյուսների «վկաները», քանզի պատվերն է այդպիսին։

Չկասկածե՛ք, եթե վաղը «քսի» տան նույն Բեգլարյանի վրա, ապա սրանք միանգամից կմոռանան, որ գրել են, թե «Գագիկ Բեգլարյանն, օրինակ, ներկայացնում էր բնիկ երեւանյան մշակույթի ավանդական շերտերից մեկը, որը գալիս էր հին ժամանակներից դրված աշխարհայացքից ու ավանդություններից» ու կանցնեն հարձակման։

Դե, իսկ Տարոնը պետք է համակերպվի այդ վիճակի հետ։ Ուրիշ բան նա չի էլ կարող անել, քանզի քաղաքականապես անմեղսունակ է և ինքնուրույնությունից զուրկ։

Տարոնը պետք է համակերպվի իր «փչացման» հետ, քանզի դա այն գինն է, որը նա վճարում է «զորավարի» զգոն հայացքի ներքո գործող բոմժերի ու փողոցային խուժանի օգնությամբ Սերժ Սարգսյանից բարձր տոկոս հավաքելու համար։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը