Մեկնաբանություն

18.06.2013 11:52


Ստի ոտքերը կարճ են

Ստի ոտքերը կարճ են

Եվ այսպես, բացահայտվեց «արևմտամետ» Սերժ Սարգսյանի հերթական սուտը և հերթական գործարքը՝ կնքված պետության ու ՀՀ քաղաքացիների շահերի հաշվին։ Դա այն գինն է, որը մենք վճարում ենք այս իշխանությունների վերարտադրման դիմաց։

Ինչպես հայտնի է, ինքնաասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե գազի գնի բարձրացման մասին խոսակցությունները հերյուրանքն են, և այդ լուրերը տարածում են մարդիկ, ովքեր ուզում են, որ ամեն ինչ վատ լինի, և մթնոլորտը գաղջանա։

Ընտրական գործընթացների ավարտից օրեր անց, սակայն, պարզվեց, որ այդ վատ մարդիկ գտնվում են իշխանության ներսում։ Գազը թանկացավ, որն իր հետևից բարձրացնելու է նաև էլեկտրաէներգիայի, ջրի ու այլ ապրանքների և ծառայությունների գները։

Իշխանությունները հերքում էին նաև այն լուրերն, ըստ որի՝ իրենք պատրաստվում են «Հայռուսգազարդի» 20–տոկոսանոց հայկական մասնաբաժինը զիջել ռուսական «Գազպրոմին»։

«Նման բան չկա»,– պնդում էին համապատասխան պաշտոնյաները։

Սակայն, ինչպես ասում են, ստի ոտքերը կարճ են լինում։ «Գազպրոմի» կառավարման խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլերն ու Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը նախօրեին Մոսկվայում քննարկել են «ՀայՌուսգազարդ» ընկերությունում ռուսական «Գազպրոմի» մասնաբաժնի ավելացման հարցը՝ 80%-ից հասցնելով 100%-ի։: Այդ մասին տեղեկացնում է «rbc.ru»-ն:

Ահա այսպես, «անկախ» լրատվամիջոցների կողմից արևմտամետ հռչակված և եվրաինտեգրացիայի համար իբր ուշքը գնացող Սերժ Սարգսյանը հերթական քայլն է անում ՀՀ–ի տնտեսաքաղաքական վասալացման ուղղությամբ։ Սկզբում 49 տարով ռազմաբազաների ներկայությունը Հայաստանում երկարաձգելու պայմանագիրն էր։ Հիմա էլ «Հայռուսգազարդի» հանձնումը։

Այս պայմաններում ծիծաղելի է դառնում վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությունը, թե կառավարությունը կսուբսիդավորի գազի թանկացման 30 տոկոսը։ Փաստորեն, հարսի բարեմասնություններով ուզում են փեսուն լավություն անել։

Ըստ ռուսական աղբյուրների՝ Ալեքսեյ Միլերն ու Արմեն Մովսիսյանը քննարկել են նաև Հայաստանի սպառողների համար ռուսական գազի գնագոյացման հարցը: Պարզ է, որ «սուբսիդավորում» կոչվածը լինելու է Հայաստանին պատկանող ակտիվների հաշվին։ Այնպես որ, իրականում ոչ մի սուբսիդավորում էլ չի լինելու, այլ լինելու է մեկ տարվա լուծում, որից հետո կրկին կանգնելու ենք գազի գնի է՛լ ավելի բարձրացման խնդրի առաջ։ Բայց այդ հարցը չի հետաքրքրում օրվա կուրսով ապրող և խոպանչու հոգեբանությամբ երկիրը կառավարող Սերժ Սարգսյանին և Տիգրան Սարգսյանին։

Նրանց հետաքրքրում է բյուջետային միջոցների «ատկատն» ու «տենդերը»։ Ու որպեսզի այդ ամենը հանգիստ մարսեն, ստեղծել են գեբելսյան քարոզչամեքենա, որը հասարակության դեմ պայքարի և իշխանությունների բոլոր ձախողումներն այլոց վրա բարդելու գործիք է դարձել։ Ասել է թե՝ երկրում ստեղծված իրավիճակի համար ոչ պակաս պատասխանատվություն են կրում «անկախ» լրատվամիջոցները, վարձկան փորձագետները և հաճախորդ քաղաքական գործիչները, որոնք ստի ու կեղծիքի տարածման միջոցով փաստաբանություն են անում պետության շահերի հաշվին իշխանությունը երկարաձգող Սերժ Սարգսյանի և Տիգրան Սարգսյանի համար։

Մեկ բան պետք է իմանան բոլորը. գալու է պատասխան տալու ժամանակը։ «Խեղճ Սերժն ի՞նչ կարող է անել, չար Ռուսաստանն է նրան ճնշում, իսկ ԲՀԿ–ն ու ՀԱԿ–ն էլ խանգարում են նրան հակաօլիգարխիկ պայքար մղել» տիպի հեքիաթները և ուղեղներ լվանալուն միտված «մուտիլովկաները» չեն փրկելու։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Սերժ Սարգսյանը որպես երկրի ղեկավար իրեն պահում է բոլշևիկյան գործիչների պես։ Նրանք էլ էին սիրում հանուն իշխանության հանձնել պետական շահերը, և դա անել ժողովրդի թիկունքում։ Վառ օրինակը Բրեստլիտովսկյան պայմանագիրն էր։

Մեր տնաբույծ բոլշևիկներն էլ են սիրում հանուն իշխանության «ֆուտբոլային» դիվանագիտություն խաղալ և վաճառքի հանել ՀՀ անկախությունը։

Ինչպես որ գազի գնի բարձրացման հետ կապված հարցում էին իշխանությունները ստում, թե նման բան չկա, այնպես էլ տխրահռչակ հայ–թուրքական գործընթացի ժամանակ էին պնդում, թե թուրքական նախապայմաններ չկան։ Ինչպես կյանքը ցույց տվեց՝ կային։ Այն էլ ինչպիսի նախապայմաններ։ Արդյունքում՝ Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում հայկական կողմը, թուրքական կողմի ակտիվ միջամտությամբ, այնպիսի զիջումների գնաց, որ վերջում ստիպված եղավ վիժեցնել բանակցային գործընթացն ու նետվել Ռուսաստանի գիրկը։ Վերջիններս էլ, զգալով, որ գործ ունեն հանուն իշխանության ամեն ինչ հանձնելու պատրաստ հաճախորդի հետ, կթում են նրան «պո պոլնոյ պռագռամմե», բայց տուժում ենք մենք՝ ՀՀ քաղաքացիներս։ Այսինքն՝ Սերժի իշխանությունն ու ՀՀ շահերն անհամատեղելի են։

Ի դեպ, ՀՀ սահմանադրության մեջ հատուկ հոդված կա, ըստ որի՝ Հանրապետության Նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար: Սա՝ իմիջիայլոց։ Հիշեցման կարգով։

Այս խորագրի վերջին նյութերը