Մեկնաբանություն

17.06.2013 01:52


Ռուբիկ Վարդանյանի բիզնես–մշակույթը

Ռուբիկ Վարդանյանի բիզնես–մշակույթը

Ուշագրավն այն է, վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցած փողերի լվացման պատմության մեջ ներգրավված է «Ամերիաբանկը», որի սեփականատերն է ՌԴ քաղաքացի հանդիսացող գործարար Ռուբիկ Վարդանյանը։

2008–ից հետո Ռուբիկը դարձել է այս իշխանության բիզնես–գործընկերը։ Նրա համար հարկային արտոնություններ են ապահովում, և ինչպես պարզվեց՝ նրան պատկանող բանկով օֆշորներում փողեր են պտտեցնում ու «քցում» հայաստանյան գործարարներին, մասնավորապես՝ Փայլակ Հայրապետյանին։

Իսկ ուշագրավ է այս ամենն այն պատճառով, որ իշխանամետ լրատվամիջոցները Ռուբիկ Վարդանյանին ներկայացնում էին իբրև բարձր որակի բիզնես մշակույթի կրողի։

Մինչև հիմա էլ նույն շրջանակները մի միֆ են տարածում, թե բա չեք ասի, Վարդանյանը միջազգային բիզնես մշակույթի կրող է, ժամանակակից մտածողություն ունի, և Հայաստանի ներսում կապիտալի բալանսը փոխելու համար նրան պետք է Դիլիջանում բացվելիք օտարալեզու դպրոցի կառուցման համար հարկային արտոնություններ տալ, որպեսզի հակաօլիգարխիկ պայքարն արդյունավետ լինի։

Թե նմանատիպ դեմագոգիկ ու գավառամիտ դատողություններով քանի հայ քաղքենու կհամոզեն գեբելսյան քարոզչամեքենայի «վինտիկները», արդեն էական չէ։ Էականն այն է, որ ազատ շուկայից ու քաղաքացիականությունից խոսողներն իրականում բոլշևիկյան մտածողության կրողներն են և դրական են գնահատում կառավարության հակամրցակցային ու կոռուպցիոն մեծ ռիսկեր պարունակող նախաձեռնությունը, իսկ պարզ թալանն էլ արդարացնում են «բալանսի» մասին դատարկագույն ձևակերպումներով։

Ինչ վերաբերում է Ռուբիկ Վարդանյանի՝ միջազգային բիզնես մշակույթի կրող գործարար լինելուն, ապա մարդու մասին պետք է դատել նրա գործերով։ Իսկ գործերը ցույց են տալիս, որ գործարար Փայլակ Հայրապետյանին «քցելու» պատմության մեջ առանցքային դերակատարում է ունեցել «Ամերիաբանկը»։ Վե՛րջ։ Մնացածը լիրիկա է։ Համ էլ՝ ասա ով է ընկերդ, ասեմ ով ես դու։ Իսկ Ռուբիկի ընկերները Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանն են՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։

Թե ինչպես է ռուսաստաններում բիզնես վարում Ռուբիկ Վարդանյանը, հետաքրքիր չէ, քանզի դրսում քահանա, ներսում սատանա տարբերակը հայաստանցուն օգիտ չի կարող տալ։ Փաստն այն է, որ Վարդանյանը Հայաստանում իրեն պահում է ոչ թե որպես բարձրակարգ բիզնես մշակույթի կրող, այլ այնպես, ինչպես հայ խոպանչին Ռուսաստանում՝ շըփ–թըփ, արագ փող աշխատել ու թռնել։

Եթե ընդունենք այն թեզը, ըստ որի՝ Վարդանյանը միջազգային բիզնես մշակույթի կրող է, ապա պետք է հաշվի առնել, որ միջազգային բիզնես մշակույթն իր մեջ նաև բացասական կողմեր ունի։ Մասնավորապես՝ միջազգային շուկայում լայն տարածում է գտել օֆշորային մեքենայություններով զբաղվելը։ Եթե այդ մշակույթն է իր հետ Հայաստան բերել «Տրոյկա դիալոգի» հիմնադիրը, ապա դա սովորական խաչագողություն է։ Այն տարբերությամբ, որ հայ խաչագողերը, որպես կանոն, դրանով զբաղվում էին դրսում՝ արտագնա «գաստրոլների» ժամանակ։ Ռուբիկինը «ներգնա» խաչագողություն է։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը