Մեկնաբանություն

15.06.2013 12:05


Հայաստանի «օֆշորային» գոտիներն ու «սև խոռոչները»

Հայաստանի «օֆշորային» գոտիներն ու «սև խոռոչները»

Ռուսաստանաբնակ գործարար Ռուբիկ Վարդանյանի համար Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունը հարկային արտոնություններ է պահանջում՝ Դիլիջանում օտարալեզու դպրոց կառուցելու համար։ Խորհրդարանին առաջարկվում է շինարարության ու ներկրումների հարցում արտոնյալ պայմաններ ապահովել Ռուբիկի համար։ Սկզբում տարածքը մուշտարի աչքով չափեց Սերժ Սարգսյանը, ապա կառավարությունը մտավ ԱԺ։

Վերջին հինգ տարվա ընթացքում հարկային արտոնություններ տրամադրվել են մեկ էլ Հայ առաքելական եկեղեցուն։ Հարկերից ազատվել են եկեղեցուն պատկանող սննդի, արտադրության և ծառայություններ մատուցող օբյեկտները, որոնք, ինչպես ինքներդ եք գլխի ընկնում, բացառապես հոգևոր պահանջմունքների բավարարմամբ են զբաղվում։

Փաստորեն, Հայ առաքելական եկեղեցու և փողատեր Ռուբիկ Վարդանյանի համար «օֆշորային» գոտիներ են ստեղծվում, ինչը շատ խորհրդանշական է. փողը և եկեղեցին այս իշխանության մեծ բարեկամներն են։ Փողով նրանք իշխանություն են վերցնում ու իշխանությամբ բազմապատկում փողերը։ Դե, իսկ եկեղեցին «լեգիտիմացնում» է իշխանության աշխարհիկ մեղքերը։

Այս իշխանությունը հավատում է միայն փողին ու եկեղեցուն։ Իսկ ինչո՞ւ չպետք է հավատա, եթե այդ հավատքը նպաստում է իշխանավորների անձնական եկամուտների աճին։ Ասել է թե՝ Սերժ–Տիգրան զույգը, մեծ հաշվով, ինքն իր համար է հարկային դրախտ ապահովում։ Ռուբիկն ու եկեղեցին պարզապես «օրթախի» կարգավիճակ ունեն։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս իշխանությունը ոչ մի բան առանց սեփական շահի, «ատկատի» ու «նակատի» չի անում, կարելի է միայն ենթադրել, թե ինչու են Հայաստանում «սև խոռոչներ» ստեղծվում՝ «օֆշորային» արտոնություններից օգտվող կառույցների և «միջազգային» կենտրոնների տեսքով։

Տիգրան Սարգսյանի կիպրոսյան «վոյաժները» և 10–միլիոնանոց օֆշորային «վարկաբեկումները» պարզապես մանր չարաճճիություններ են հայաստանյան «օֆշորային» գոտիներում լվացվող փողերի համեմատ։

Ի դեպ, մեր տնտեսության յուրօրինակ «սև խոռոչի» է վերածվել պետական բյուջեն։ Վերահսկիչ պալատի բացահայտած 70 մլրդ–ի չարաշահումները ցույց են տալիս, որ բարեշրջումներից, մտածողության հեղափոխությունից և արևմտյան արժեքներից խոսողները պարզապես «քյարթու» թալանչիներ են, ովքեր, թաքնվելով տերտերական առոգանությամբ հնչեցվող ելույթների տակ, պարզապես մսխում են այն, ինչ ընկնում է ձեռքների տակ։ Իսկ սրանց ձեռքի տակ հիմա շատ բան է հայտնվել։ Մի ամբողջ պետություն։ Ու եթե այսպես երկար շարունակվի, ապա Հայաստանն ամբողջությամբ կվերածվի «սև խոռոչի» և «օֆշորային» գոտու՝ ազատված ոչ միայն հարկերից, այլև բնակչությունից։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը