Մեկնաբանություն

13.06.2013 12:35


Դու անմեղ ես, քո աչքերն են մեղավոր

Դու անմեղ ես, քո աչքերն են մեղավոր

Վարչապետի օֆշորային պատմությունը կամ ինչպես ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը բնորոշեց՝ «օֆշորգեյթը», այն դեպքերից է, երբ փորձված աղվեսը զույգ ոտքով է թակարդն ընկնում։ Բայց դե, Տիգրան Սարգսյանին իր վերադասն իրավունք չունի կշտամբել, թե բա՝ ա՛յ միամիտ լոռեցի, չէի՞ր կարող մեկ ուրիշի անունով գրանցել օֆշորային ֆիրման, որ այսպիսի պատմությունների մեջ չընկնեինք։ Տիգրանն ի՞նչ իմանար, որ ԵՄ–ն որոշելու է օֆշորային գոտիներում ռուսական կապիտալի տերերին ի հայտ բերել, և դրա հետևանքով «քաշվելու» է նաև ինքը։ Ռուսական մի հայտնի ասացվածք կա. «Լես ռուբյատ, շեպկի լետյատ»։ Հիմա Տիգրանը «շեպկան» է։

Որքան փորձում է արդարանալ Տիգրանը, այնքան ավելի է համոզում, որ ինքը, Կճոյանը և Աշոտ Սուքիասյանը գործարար Փայլակ Հայրապետյանին «քցելու» գործում գործընկերներ են, իսկ «Ամերիաբանկին» էլ ներգրավել են որպես «քցման» գործիք։ Բանկը շատ լավ տեղյակ է եղել, թե ինչն ինչոց է և ինչ է կատարվում։ Քանզի դժվար է պատկերացնել, որ բանկը, որի ղեկավար Ռուբիկ Վարդանյանը Տիգրանի ընկներն ու գործընկերն է, և ում համար օրերս կառավարությունը հարկային արտոնություն ապահովող օրինագիծ էր ներկայացրել ԱԺ, միլիոնավոր դոլարների գումար է փոխանցել ու չի նկատել, որ Տիգրան Սարգսյանին է փոխանցում։

Այդ ինչպե՞ս է պատահել, որ բանկը մի քանի փուլով գումարներ է փոխանցել օֆշորային կազմակերպությանը և հետ փոխանցումներ ստացել նույն այդ կազմակերպությունից ու չի հետաքրքրվել, թե ովքեր են այդ չարագործները, ովքեր ՀՀ աշխարհիկ ու հոգևոր ղեկավարության անունից միլիոններ են պտտեցնում։

Եվ ուրեմեն, վարչապետը կարող է իր արդարացումները ներկայացնել միայն մանկապարտեզում, այն էլ՝ մսուրային խմբին։ Որքան էլ նա անմեղ ձևանա, միևնույն է՝ աչքերը մատնում են այնպես, ինչպես մաֆիա խաղի մեջ «սև» խաղացողինը։ Տվյալ դեպքում Տիգրանը ստուգված «սև» է, և եթե մնում է խաղի մեջ, ապա միայն այն պատճառով, որ «սևերի» դոնը՝ Սերժ Սարգսյանը, խաղի կանոնների կոպիտ խախտումով ձևավորել է հնազանդ խորհրդարան և հնարավորություն ստացել խաղի մեջ պահել վաղուց «պալիտ» եղած վարչապետին։ Բացի այդ՝ Սերժը վարչապետին ատամներով պահում է, քանզի հազիվ թե վերջինս օֆշորներում միայնակ «ֆռֆռացած» լիներ։

Երեկ ԱԺ–ում վարչապետը փորձում էր արդարանալ «Բա փողն այդպե՞ս են լվանում» թեմայով և որպես ալիբի էր ներկայացնում այն, որ ինքը օֆշորային այդ կազմակերպության գրանցման օրը եղել է Պրահայում՝ լրագրողների տեսադաշտում։

Փաստորեն Տիգրանը փող լվանալու 300 համեմատաբար ազնիվ ձևեր գիտի ու փորձում է մեզ համոզել, թե ինքն այդպես չէր անի, և հետևաբար՝ անմեղ է։ Նկատենք, որ վարչապետի արդարացման այդ ձևը նույնն է, թե հանցագործը հայտարարի՝ մամայիս արև, ես անմեղ եմ, ու արդար դատարանը հավատա այդ երդմանն այն դեպքում, երբ կա հակառակն ապացուցող փաստ։

Եթե վարչապետն այս ձևով արդարացվի, ապա Հայաստանի բոլոր տնտեսական հանցագործություններով զբաղվողները կարող են յուրօրինակ ինդուլգենցիա ստանալ ու հանգիստ խախտել օրենքը՝ վերջում հայտարարելով, թե իրենք տեղյակ չեն եղել, ու ինչ–որ մութ ուժեր են իրենց անունից ապօրինի գործարքներ կնքել։

Ինչ վերաբերում է օֆշորային կազմակերպության գրանցման օրը Պրահայում լինելը որպես ալիբի ներկայացնելուն, ապա այստեղ վարչապետը հակասում է ինքն իրեն։ Նա մի կողմից պնդում է, որ օֆշորային գոտում շատ հեշտ կարելի է գրանցվել, ու դա հնարավոր է անել այլոց անունից, իսկ մյուս կողմից էլ իր Պրահայում լինելն է ներկայացնում որպես ապացույց այն բանի, թե ինքը չէ օֆշորային գոտում գրանցված կազմակերպության բաժնետերը։ Մի հատ կողմնորոշվեք, պարո՛ն Սարգսյան, հիմա օֆշորում կազմակերպություն գրանցելը անպայման ենթադրո՞ւմ է գրանցողի ֆիզիկական ներկայություն, թե՞ օֆշորում ֆիրմա կարելի է բացել, ասենք, Պրահայից, այն էլ՝ ուրիշի անունից։

Հարցի քաղաքական կողմի մասին։

Վարաչպետը կարծում է, թե այս ամենը տեղի է ունեցել իրեն վարկաբեկելու և բարի համբավը արատավորելու համար։ Եթե հավատանք Տիգրանի այս պնդումներին, ապա ստացվում է, որ նրա չուզողները շատ թանկ տարբերակ են ընտրել վարկաբեկման համար։ Հերիք չէ՝ նրա անունով օֆշորում ֆիրմա են գրանցել, դեռ մի բան էլ նենգություն են ունեցել 10 մլն դոլար փոխանցել այդ ֆիրմայի հաշվին, հետո այդ հաշվից փոխանցել Հայաստանում գրանցված մեկ այլ ընկերության հաշվի համարին։ Համ էլ ինչպե՞ս կարող է օֆշորային կազմակերպությունն առանց իր տիրոջ (տվյալ դեպքում՝ «դավադրաբար» սեփականատեր դարձած Տիգրան Սարգսյանի անունից) համաձայնության Հայաստան փոխանցել գումարներ։ Լավ, ասենք՝ գումար ստանալու համար սեփականատիրոջ ցանկությունը պետք չէ, բայց փոխանցում կատարելն առանց տիրոջ հրահանգի ինչպե՞ս է հնարավոր։ Ու այդ ամբողջ գործընթացին մասնակից «Ամերիաբանկը» էշի ականջում քնած է եղել, իսկ ԿԲ–ն էլ չի ֆիքսել, որ իր նախկին ղեկավարի անունն է շոշափվում օֆշորի հետ։ Ա՛յ, ա՛յ ա՛յ...

Պարո՛ն Սարգսյան, արդյոք դուք մի քանի զրո չե՞ք բարձրացնում ձեր գինը։ Այդ ո՞ր մի հիմարն է որոշել Ձեզ վարկաբեկելու համար 10 մլն դոլար ծախսել։ Այն էլ այնպես ծախսել, որ ձեր անձնական եկամուտներն աճեն։ Կարո՞ղ են արդյոք ՀՀ շարքային քաղաքացիներն էլ այդ ձևով վարկաբեկման ենթարկվել՝ հընթացս դառնալով միլիոնատեր։

Եվ ամենակարևորի մասին։ Գործարար Փայլակ Հայրապետյանը պնդում է, որ ադամանդագործության հետ կապված բիզնես–քննարկումը տեղի է ունեցել վարչապետի բարձր հովանու ներքո, իսկ Աշոտ Սուքիասյանն էլ սերտ կապեր ունի ինչպես Տիգրան Սարգսյանի, այնպես էլ Նավասարդ Կճոյանի հետ։ Բացի այդ՝ «Ամերիաբանկը» վարկը տրամադրել է վարչապետի միջնորդությամբ և հետագայում էլ փոխանցումներ կատարել օֆշորային կազմակերպությանը՝ չհետաքրքրվելով, թե ինչ ընթացքի մեջ է բիզնես պլանը։ Փոխանակ այս հարցերին անդրադառնալու՝ Տիգրանը ինչ–որ հեքիաթներ է պատմում իր բյուրեղյա մաքրության մասին։ Այնպես որ, նրա հետ ամեն ինչ պարզ է։ Այլ հարց է, որ Բաղրամյան 26–ը որևէ ընթացք չի տա այս գործին։

Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը սիամական երկվորյակներ են դարձել, և մեկի հեռացումն անմիջապես կփլի այն օլիգարխիկ համակարգը, որը կառուցվում է ՀՀԿ ղեկավարի «ռազմերով»։

Գնդակն այժմ քաղաքական ուժերի և հասարակության դաշտումէ։ Ակնհայտ է, որ այս իշխանության հետ այլ լեզվով պետք է խոսել։ Առայժմ այդ լեզուն կարճ է, բայց այլ տարբերակ չկա, քան այն երկարացնելը, քանզի, ինչպես ասում են, հետևում Երևանն է։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը