Մեկնաբանություն

11.06.2013 16:28


Մարգարյանի երդումն ու Կճոյանի օրհնանքը

Մարգարյանի երդումն ու Կճոյանի օրհնանքը

Թաղային խուժանի, ոստիկանության, ընտրաստրուկների, «1in.am»–ների ու կարճփեշավոր «աղջկերքի» միջոցով քաղաքապետ վերանշանակված Տարոն Մարգարյանն այսօր երդվեց։ Երդվեց ու վերջում էլ ստորագրեց։

Նրա վզից քաղաքապետի շղթան կախ տվեց, թերևս, այդ գործը անելու համար ավագանու մշտական մանդատի տեր դարձած Մարտին Վարդազարյանը։

Տարոնի վերանշանակումն օրհնեց օֆշորային պատմության մեջ ներգրավված և ՀՀԿ–ական միջոցառումների «հոգևոր» կողմն ապահովող Նավասարդ Կճոյանը, ինչը շատ խորհրդանշական էր։ Քանզի Տարոնն ինքը որպես քաղաքապետ հայտնվել է Բաղրամյան 26–ի յուրօրինակ օֆշորային գոտում, այսինքն՝ ազատված է ամեն ինչից, այն է՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից։

Երդման արարողությանը մասնակցում էր ԿԸՀ տվյալներով Տարոնից ավելի ցածր վարկանիշ ունեցող Սերժ Սարգսյանը։ Վերջինս, ինչպես հայտնի է, իր թևավոր դարձած «Սիրուն չէ» ձևակերպմամբ «օֆշորում» թողեց Տարոնին, ով այդպես էլ չի կարողանում դուրս գալ ստվերից։

Պարզ է, որ Տարոնը ժամանակավոր է Սերժի համար։ Թե երբ կգա նրա «Դոմինգոն», դժվար է ասել։ Ամեն ինչ կախված է «ատկատները» կանոնակարգելու և «տենդերները» համապատասխան ձևով կազմակերպելու քաղաքապետի կարողությունից։ Եթե չափն անցավ ու նախագահական նստավայրի սահմանած դրույքաչափերը խախտեց, ապա նույնիսկ տեղական նշանակության աստղիկների երգն էլ բավական կլինեն Տարոնի երգը երգացնելու համար։

Մնացած առումներով ամեն ինչ մնում է նույնը։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Ինչպես տեղեկացրել էինք, ԲՀԿ–ն քաղաքական որոշում էր կայացրել չմասնակցել Տարոն Մարգարյանի երդման արարողությանը։ Այդպես էլ եղավ։ Խոսքը վերաբերում էր ԱԺ ԲՀԿ խմբակցությանը, որը հրավիրված էր, բայց չմասնակցեց։

Ինչ վերաբերում է ԲՀԿ ավագանու անդամներին, ապա նրանք մասնակցեցին երդման արարողությանը, ինչը սխալ որոշում էր և հավածի տակ դրեց ամբողջ կուսակցությանը։ Ավելորդ շուն հաչեցնելու կարիք չկար։ Առանց այն էլ լրատվական ու քաղաքական դաշտի «դհոլներն» առիթ են փնտրում ԲՀԿ–ի դեմ պայքարելու միջոցով իրենց «թունդ հեղափոխական» կերպարը ցույց տալու և իշխանության «ողջախոհ» թևին ծառայելու համար։

Նկատենք, սակայն, որ տվյալ դեպքում մեղքը ԲՀԿ–ինն է, քանզի ինքնահոսի է մատնել ավագանու անդամների որոշումը, ինչը լուրջ բացթողում էր։ Իսկ թամարապողոսյաններին հաց մի տուր, թող որ իշխանավորներին ծափ տան։

Այս խորագրի վերջին նյութերը