Մեկնաբանություն

27.05.2013 23:05


Վարչապետ ես նշանակվել, որ ի՞նչ անես

Վարչապետ ես նշանակվել, որ ի՞նչ անես

Վերանշանակված վարչապետ Տիգրան Սարգսյանը հյուրընկալվել էր «Արմենիա» հեռուստաընկերությունում։ Մոտ մեկ ժամ տևած հարցազրույցի ժամանակ նա, ըստ էության, ոչինչ չասաց։ Եվ չէր էլ կարող ասել։ Միջազգային կենտրոնների թեմայով Տ. Սարգսյանի «պոնտերին» բոլորը ծանոթ են, և հետևաբար՝ նյուվասյուկիստական բլեֆներն այլևս չեն անցնում։ Դե, իսկ արտագաղթի մասին կրկին կեսկատակ–կեսլուրջ խոսելն արդեն լրիվ այլ կերպ կընկալվեր, քանզի վերջին հինգ տարում շուրջ 300 հազ. ՀՀ քաղաքացի համալրեց «Հայկական աշխարհը»։

Եվ այսպես, բազում խնդիրներ ունեցող Հայաստանի վարչապետն ասելիք չուներ։ Ավելի ճիշտ ուներ, բայց դրանք հետաքրքիր կարող էին լինել լրագրողական ու քաղաքական նեղ շրջանակների, բայց ոչ հանրության լայն շերտերի համար։

Տիգրան Սարգսյանի բուն ասելիքը հետևյալն էր. ես լավ վարչապետ եմ, իսկ ոտքերս ու ձեռքերս, հակառակ Վազգեն Մանուկյանի պնդումների, կապված չեն։

Ոտքերի ու ձեռքերի մասով վարչապետի հետ կարելի է համաձայնել, քանզի 2008թ. սկսած՝ Տիգրան Սարգսյանի կառավարությունը ԱԺ–ի կողմից չի հանդիպել որևէ խոչընդոտի։ ՀՀԿ–ական մեծամասնությունը դակել է գործադիր մարմնի ներկայացրած բոլոր օրինագծերը, իսկ Տիգրան Սարգսյանն ունեցել է և ունի «քարտ–բլանշ» Սերժ Սարգսյանից։ Վարչապետն արել է ինչ ուզել է, երբ ուզել է և ինչքան ուզել է։ Այնպես որ, Մանուկյանն իզուր է անհանգստանում ՀՀԿ–ական դարձած իր նախկին կուսակցի, ավելի ճիշտ՝ նրա ձեռքերի ու ոտքերի համար։

Եթե Տիգրան Սարգսյանի ոտքերի ու ձեռքերի հետ ինչ–որ բան էլ պետք է անել, ապա դա կապելն է (բառիս փոխաբերական իմաստով, իհարկե), քանզի մենք արդեն գիտենք, թե ինչ է ստացվում այն դեպքում, երբ վարչապետի վերջույթներն ազատ են լինում։

Ինչ վերաբերում է լավ վարչապետ լինելու մասին տիգրանսարգսյանական ինքնագովեստին, ապա նա, թերևս, մինչև վերջ չի բացվել։ Նա, իրոք, լավ վարչապետ է, բայց միայն Սերժ Սարգսյանի համար։ Սերժն այլ չափանիշներով է գնահատում իր ենթականերին, ու դրա համար էլ Տիգրանը մնում է աթոռին։ Վերջինս փայլուն կերպով կատարում է գերկենտրոնացված տնտեսաքաղաքական համակարգ ստեղծելու և սեփականությունը վերաբաշխելու գործիքի դերը։ Ելնելով այդ ամենից՝ գրեթե 100–տոկոսանոց ճշգրտությամբ կարելի է պնդել, որ քանի Սերժը նախագահի աթոռին է, Տիգրանը կմնա վարչապետ։ Նրանք մեր քաղաքական դաշտի սիամական երկվորյակներն են։

Ոչինչ չի միավորում մարդկանց այնպես, ինչպես համատեղ գործած հանցանքը և համատեղ ձախողվածությունը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը