15.05.2013 14:26


Նաիրա Զոհրաբյան. «ԲՀԿ-ն, այո, պատրասվում է խաղաղ, օրինական ճանապարհով դառնալ իշխանություն»

Նաիրա Զոհրաբյան. «ԲՀԿ-ն, այո, պատրասվում է խաղաղ, օրինական ճանապարհով դառնալ իշխանություն»

ԲՀԿ խմբակցության քարտուղար Ն. Զոհրաբյանի հարցազրույցը «Zham.am»-ին

-Տիկին Զոհրաբյան, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկանի երեկ արած որոշ ձեւակերպումներ` կուսակցության ընդդիմություն լինել-չլինելու մասին մամուլում բուռն քննարկումների թեմա է դարձել: Ի վերջո, ի՞նչ նկատի ուներ Գագիկ Ծառուկյանը:

-Ակնհայտ է երկու բան` Ծառուկյանի որոշ մտքեր հանվում են համատեքստից եւ փորձ է արվում դրանց հիմա վրա կառուցել գոյություն չունեցող քաղաքական սցենարներ: Եւ երկրորդ` անթաքույց է խիստ կոնկրետ շրջանակների հորթային պրիմիտիվ հրճվանքը` իրենց կանխատեսմամբ` ԲՀԿ-ի թուլացման, կամ մարգինալացման վերաբերյալ: Միանգամից ասեմ` թիթեռի կյանք ունեցող հրճվանք եւ իրականության հետ կապ չունեցող կանխատեսումներ են, եւ պատրաստ եմ, որպես խմբակցության քարտուղար, կետ առ կետ տալ հստակ պարզաբանումներ:

Նախ` բազմիցս ասել ենք եւ հիմա եւս կրկնում եմ, որ ընդդիմություն եզրույթը մեզանում վաղուց արդեն լուրջ հստակեցման կարիք ունի: Վերջին ընտրությունները եւս ապացուցեցին մեր ասածի ճշմարտացիությունը: Այո՛, մենք չենք լինելու ընդդիմություն, որը իր «ընդդիմադիր» գործունեությունը համաձայնեցնում է իշխանության հետ, այո՛ մենք չենք լինելու ընդդիմություն, որի «ընդդիմադիր» ճառերը գրվում են հայտնի շենքերում:

Այո՛, մենք չենք լինելու ընդդիմություն, որը մշտապես օգտվում է իշխանության ստվերային բարեհաճությունից: Այո՛, մենք չենք լինելու ընդդիմություն, որը խիստ կոնկրետ հարցերի շուրջ օրվա տարբեր ժամերի ունի տարբեր տեսակետ` կախված իշխանական տարբեր հոսանքներից: Այո՛, մենք չենք լինելու ընդդիմություն, որը ժողովրդին մի բան է ասում, բայց իշխանական կուլիսներում շրջելուց հետո` տրամագծորեն հակառակ քայլեր անում: Այո՛, մենք չենք լինելու ընդդիմություն, որը հազարավոր մարդկանց կարող է տանել հնարավոր առճակատման ու գնալ Ծիծեռնակաբերդ: Մենք չենք պատրաստվում լինել նաեւ դավիթշահնազարյանների, արամսարգսյանների, մակեյանների, գիմիշյանների եւ նմանների պես ընդդիմություն: Այո՛, մենք չենք լինելու ընդդիմություն, որի առավելագույն պոտնցիալը մեկ տասնյականոց հանրահավաքն ու դրան ոչ համարժեք բոցաշունչ ճառերն են: Մենք չենք պատրաստվում նաեւ լինել ընդդիմություն, որին մեկ մեդալով, մեկ գովասանագրով, կամ մեկ պաշտոնով սարքում են մոլի իշխանամետ: Վառ օրինակը` սպորտի ներկայիս նախարարը 10 տարի շարունակ, Լոս Անջելեսում զբաղված էր Հայաստանի հանրապետությունը փնովելով եւ վարկաբեկելով, այրում էին նկարներ, դրոշներ, այնուհետ` մոլի ընդդիմադիրից մեկ օրում դառնում մոլի իշխանամետ: Այո, նման ընդդիմություն մենք չենք եղել ու հաստատապես չենք լինելու:

-Այդուհանդերձ, ո՞րն է ԲՀԿ-ի ներկայիս քաղաքական կարգավիճակը:

-Այստեղ եւս կլինեմ առավելագույնս հստակ: ԲՀԿ-ն ունի ծրագրային եւ գաղափարական խորը տարաձայնություններ ներկայիս կառավարության տարվող քաղաքականության հետ: Եւ հենց ա՛յդ պատճառով ԲՀԿ-ն հրաժարվեց մաս կազմել իշխող քաղաքական կոալիցիայի:

Մենք ֆիքսում ենք մեր քաղաքացուն հուզող խնդիրներն ու ներկայացնելու ենք այլընտրանքային ծրագրեր եւ մեխանիզմներ, որոնք տարբերվում են այսօր տարվող քաղաքականությունից: Ես ուզում եմ մեկ անգամ եւս կրկնել ԲՀԿ հայտնի համագումարում Ծառուկյանի հնչեցրած առանցքային ձեւակերպումներից մեկը` ԲՀԿ-ն կողմ է առավել լայն` հասարակական-քաղաքական, իրական համախմբման: Մենք պատրաստվում ենք խորացնել եւ նոր մակարդակի տեղափոխել ԲՀԿ-ի համագործակցությունը գործընկեր քաղաքական ուժերի հետ, դրանք դնել իրական ծրագրային հենքի վրա: Եւ վերջապես` ԲՀԿ-ն, այո, պատրասվում է խաղաղ, օրինական ճանապարհով դառնալ իշխանություն:

Այս խորագրի վերջին նյութերը