Մեկնաբանություն

23.04.2013 11:23


«Կապված ձեռքերով» վարչապետի արկածները

«Կապված ձեռքերով» վարչապետի արկածները

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը գործող նախագահից պահանջում է ազատել Տիգրան Սարգսյանի ձեռքերը, նրան տալ հնարավորություն և նոր միայն պահանջել։ Ըստ Մանուկյանի՝ ստացվում է, որ վերջին հինգ տարում վարչապետը կաշկանդված է եղել։

Վ. Մանուկյանի թիմակից Արթուր Բաղդասարյանը, օրինակ, հակառակ կարծիքին է։ ՕԵԿ ղեկավարը պնդում է, որ վարչապետի ձեռքերն ամենևին կապված չեն եղել, և որ նա ինչ ուզել, արել է։

Մինչ ՀՀԿ ղեկավարի թիմակիցները կփորձեն իրար հետ պարզել Տիգրան Սարգսյանի ձեռքերի ազատության հարցը, եկեք զուտ թվերով գնահատենք «Հայկական աշխարհի» ճարտարապետի գործունեության առաջին շրջանը, որն անվանվել էր «երկրորդ սերնդի» բարեփոխման փուլ։

Սկսենք ամենացավոտ հարցից՝ արտագաղթից։

Տիգրան Սարգսյանն իր պաշտոնավարման սկզբում հայտարարեց, որ կարևոր չէ, թե որտեղ կապրեն ու կարտադրեն հայերը, ինչպես նաև համոզմունք հայտնեց, որ Հայաստանին ապրանքային արտադրություն պետք չէ։ Ըստ նրա՝ կարևորը «Հայկական աշխարհի» գաղափարն է, որի շրջանակներում ամբողջ աշխարհով մեկ ցրված հայերը կապրեն մեկ ընդհանուր ցանցային համակարգում։ Առաջին հայացքից վատ գաղափար չէ և տեսականորեն նույնիսկ կարող է գրավիչ լինել, սակայն գործնականում դա «Հայաստանն առանց հայերի» տխրահռչակ ծրագրի «բարեշրջված» տարբերակն է։

Պետք է արձանագրել, որ «Հայկական աշխարհ» կառուցելու հարցում Տիգրան Սարգսյանը մանիակային հետևողականություն ցուցաբերեց։ Մարդը ասաց և արեց։ Արդյունքում՝ 2008-2013թթ. Հայաստանից արտագաղթել է ավելի քան 250 հազ մարդ՝ համալրելով «Հայկական աշխարհը»։

Անցենքն մյուս ցուցանիշներին։

Կառավարության 2008-2012թթ. ծրագրով մասնավորապես խոստացվել էր՝

–ՀՆԱ տարեկան 8-10 տոկոս իրական աճ,

–ներդրումների տարեկան ծավալների առնվազն 10 տոկոս աճ,

–ոչ գյուղատնտեսական զբաղվածության 10 տոկոս աճ,

–աղքատության էական հաղթահարում՝ արդյունքում ապահովելով 11,2 տոկոսից ցածր ընդհանուր աղքատության և 1,6 տոկոսից ցածր ծայրահեղ աղքատության մակարդակ։

Այսօր կարելի է փաստել, որ բոլոր խոստումները ոչ միայն չեն իրականացվել, այլև արձանագրվել է հետընթաց։ Եվ դա՝ պաշտոնական թվերով։

Նախ հիշեցնենք, որ 2009թ. մենք ունեցանք 14,4% տնտեսական անկում (ՀՀ դրամով հաշված), որը աշխարհում վերջից երկրորդ ցուցանիշն էր։ Դոլարային հաշվարկով անկումն ավելի քան 35 տոկոս էր, իսկ դա մի քանի անգամ գերազանցում էր համաշխարհային տնտեսական անկման միջին ցուցանիշը։ Ասել է թե՝ այն արդարացումները, թե միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով է Հայաստանում այսպիսի արդյունք գրանցվել, չի դիմանում ոչ մի քննադատության։ Բացի այդ՝ Հայաստանի կառավարությունը հսկայական ֆինանսական միջոցներ էր ներգրավել և ֆինանսական ճեղքվածքի խնդիր չուներ, եթե իհարկե՝ պարտքով վերցրած գումարներն արդյունավետ օգտագործվեին։ Ուրեմն՝ տնտեսական անկումը մեզանում առավելապես ներքին պատճառներ ունի և պայմանավորված է վատ կառավարմամբ ու տնտեսական քաղաքականության փիլիսոփայությամբ։

Կենտրոնացվածության մեծացմանը միտված նեոբոլշևիկյան տնտեսական քաղաքականության հետևանքով հինգ տարքում Հայաստանի տնտեսության ծավալները գրեթե նույնն են մնացել։ Չարիք հայտարարված շինարարության ոլորտի տեսակարար կշիռը ՀՆԱ կառուցվածքում նվազել է, բայց ոչ թե խոստացված դիվերսիֆիկացիայի հետևանքով, այլ պարզապես շինարարության ոլորտի անկման։

Ինչ վերաբերում է ներդրումների, գործազրկության և աղքատության հետ կապված խոստումներին, ապա ունենք ճիշտ հակառակ արդյունքները։ Ներդրումների ծավալների երկնիշ կրճատում և աղքատության երկնիշ աճ է գրանցվել։ Այդ պայմաններում բնական է, որ գործազրկությունը պետք է մեծանար։ Եթե այս ամենին ավելացնենք նաև այն, որ 2008-2013թթ. գներն աճել են ավելի քան 25 տոկոսով, ապա «կապված ձեռքերով» վարչապետի գործունեության հետևանքներն ավելի ամբողջական կդառնան։

Ուշագրավ մեկ հանգամանք. երկրի բնակչության մի ստվար հատված արտագաղթել է, Հայաստանում մնացածների 1/3ն աղքատ է, տնտեսությունը տեղում դոփում է, բայց փոխարենը մի քանի անգամ ավելացել են Տիգրան Սարգսյանի անձնական եկամուտները։ Խոսքս հայտարարագրվածի մասին է։ Իրականում նա շատ ավելի մեծ գումարների է տիրապետում, այլապես հնարավորություն չէր ունենա Րաֆֆի Հովհաննիսյան խաղացնել և լրատվամիջոցներ պահել։

Փաստորեն, որքան խանգարել են կապված ձեռքերը վարչապետին պետական կառավարման ոլորտում, նույնքան օգնել են անձնակա՛ն բարեկեցության մակարդակի բարձրացման հարցում։

Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ կկատարվի Հայաստանի տնտեսության հետ, և քանի անգամ կաճեն վարչապետի անձնական միջոցները, եթե Վազգեն Մանուկյանի շուրթերով հնչեցված նրա ցանկությունն իրականություն դառնա։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը