Լրահոս

19.04.2013 13:32


Հայրիկյանի դեմ մահափորձի գործը կուղարկվի դատարան

Հայրիկյանի դեմ մահափորձի գործը կուղարկվի դատարան

«Փաստինֆո» գործակալության տեղեկություններով՝ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված մահափորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում կողմերն արդեն ավարտել են գործի նյութերին ծանոթանալը, և առաջիկա օրերին քրեական գործը կուղարկվի դատարան։

Հիշեցնենք, որ 2013 թվականի հունվարի 31-ին` ժամը 23:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի 7-րդ մուտքի դիմաց անհայտ անձը հրազենից կրակոցներ է արձակել տուն վերադարձող ՀՀ Նախագահի թեկնածու, Ազգային Ինքնորոշում Միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի վրա ու դիմել փախուստի: ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում 01.02.2013թ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածի հատկանիշներով` Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան ապօրինաբար կյանքից զրկելու փորձ կատարելու դեպքի առթիվ: Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով նրան ապօրինաբար կյանքից զրկելու փորձ կատարելու կասկածանքով 2013թ. փետրվարի 7-ին ձերբակալվել են նախկինում 2 անգամ դատապարտված Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը: Ձերբակալված Խաչիկ Պողոսյանի բնակարանից հայտնաբերվել է «Նագան» տեսակի թմբուկավոր ակոսափող հրազեն հանդիսացող ատրճանակը:Փետրվարի 10-ին Խաչատուր Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Սամվել Հարությունյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Իսկ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը մեղադրվում է 34-38-305-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու մեջ՝ Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրա սպանությունը կազմակերպելու փորձ անելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը