Մեկնաբանություն

07.03.2013 14:24


Ալո՜, զորավա՞րն է, իրավատե՛րն է անհանգստացնում (տեսանյութ)

Ալո՜, զորավա՞րն է, իրավատե՛րն է անհանգստացնում (տեսանյութ)

«Բարևի» հեղափոխությունը շարունակում է իր հաղթարշավը և մտել է վճռական փուլ։ Գործում ներգրավված է նաև զորավարը (զորավար Անդրանիկը, երևի, գերեզմանում շուռ եկավ)։ Այսպես որ գնա՝ նախընտրական փուլում արձանագրված հովվերգական մթնոլորտը կարող է կատաղի առճակատում թվալ հետընտրական փուլի համեմատությամբ։

Սա հիմա կոչվում է «նոր տեխնոլոգիա» և հայկական գանդիզմ (մի քիչ ուրիշ բառ կգրեի գանդիզմի փոխարեն, բայց որոշել եմ բարիի մեջ մնալ)։

Հայկական գանդիզմի առանձնահատկությունն այն է, որ իշխանությունն ու ընդդիմությունը համատեղ են գործում և միասնական ջանքերով են պայքարում անընդունելի ու անհանդուրժելի երևույթների դեմ։ Ընդդիմությունը չի թաքցնում, որ հեղափոխություն է անում, իսկ իշխանությունը չի թաքցնում, որ աջակցում ու գուրգուրում է այդ հեղափոխությանը կամ առնվազն չի խանգարում բացահայտված հեղափոխականներին։ Կողմերը «ջան» են ասում ու «ջան» լսում։ Այսինքն՝ գործում է հայկական  «win-win» տարբերակը, որի շրջանակներում հաղթողն ու պարտվողը ոչ թե «չոռ–չոռ» են խաղում, այլ «ջան–ջան»։

«Ջան–ջան» տարբերակում ժողովրդին, բնականաբար, արդեն արգելվում է «Սերժի՛կ, հեռացի՛ր» և «Րաֆֆի, նախագա՛հ» գոռալը։ Այլևս ոչ մի անուն, միայն Հայաստան։ Այլևս ոչ մի կուսակցություն, միայն քաղաքացիականություն։ Մի խոսքով՝ «գանդիզմ»։

Ճիշտ է, Իջևանում ոստիկանության չար աշխատակիցները փորձեցին որոշ խոչընդոտներ առաջացնել և խափանել բարևարշավը, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը բջջային հեռախոսով անմիջապես կապվեց իր զորավարի՝ բարի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ և հարթեց խնդիրը։ Րաֆֆին ու Վովան տեղում կանխեցին մութ ուժերի դավադրությունը, և իրավատերը շարունակեց բարև տալ անցորդներին։

Դատելով ամենից՝ զորավար–ոստիկանապետը «on line» ռեժիմով հետևում է՝ անմիջապես միջամտում։ «Ժառանգության» ղեկավարին նույնիսկ հատուկ հեռախոսահամար են տվել, որպեսզի նա Լիսկայի դեմ պայքարում բարդությունների հանդիպելիս զանգահարի զորավարին և օգնություն խնդրի։ Զորավարն էլ իր հերթին ականջը հեռախոսից չի կտրում, որպեսզի ակնթարթային արագությամբ արձագանքի իրավատիրոջ ցանկացած խնդրանքին։

Փաստորեն, կարող ենք արձանագրել, որ հեղափոխությունը գտնվում է հուսալի ձեռքերում, և ժողովրդի հաղթանակն անխուսափելի է։ Ազատամարտի ռահվիրան, զորավարն ու իրավատերը համատեղ ջանքերով պայքարում են կարգազանց ոստիկանների ու ընտրակեղծարար մարզպետների դեմ։ Աշխատանքի բաժանումն ակնհայտ է. իրավատերը «non-stop» ռեժիմով շրջում է մարզից–մարզ, որպեզի Երևանում հանկարծ կրիտիկական զանգված չհավաքվի, զորավարը հեղափոխականների ճանապարհորդությունն է հսկում ու պատասխան տալիս իրավատիրոջ անվտանգության համար, իսկ ազատամարտի ռահվիրան պատրաստվում է ապրիլի 9–ի երդմնակալության արարողությանը։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Սաղ հեչ։ Էս ամեն ինչից հետո «բարև» բառն էլ է «խուրդվելու»։ Սերժի օրոք իրենց իմաստը կտրուկ փոխեցին «երկխոսություն», «նախաձեռնողականություն», «հանդուրժողականություն», «բարի» և «բարեփոխում» բառերը՝ դրականից վերածվելով բացասականի։ Հիմա նույնը սպասվում է «բարևին»։ Ափսոս է հայոց լեզուն։

Այս խորագրի վերջին նյութերը