Մեկնաբանություն

26.02.2013 16:46


Րաֆֆիի պահվածքն ու ԲՀԿ–ի հայտարարությունը

Րաֆֆիի պահվածքն ու ԲՀԿ–ի հայտարարությունը

Ինչպես և սպասվում էր, նախագահական ընտրությունների ու հետընտրական իրավիճակի վերաբերյալ ԲՀԿ–ի հայտարարությունից հետո «անկախ» մամուլն ու սոցիալական ցանցում վխտացող «թունդ հեղափոխականները», իրենց ոճին հավատարիմ, սկսեցին քննադատել Գագիկ Ծառուկյանի թիմին։ Նրանք այնպես էին արտահայտվում, կարծես Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակի համար պռոշները ճաքում է։

«Ինչո՞ւ է ԲՀԿ–ն հայտարարում, թե ժողովրդի կողքին է, այլ ոչ թե պատրաստակամություն հայտնում միանալ Րաֆֆիին ու դուրս գալ Սերժի դեմ»,– հերթական «մուտիլովկայով» են զբաղվում ոմանք։

Րաֆֆիի հաջողության համար անհանգստացողները լավ կանեին նախ Րաֆֆիից պահանջեին ճանաչել սեփական հաղթանակը և Սերժի պարտությունը, ապա նոր միայն էժանագին խաղերով զբաղվեին։

Կեղծված ընտրություններից հետո «Ժառանգության» ղեկավարը շարունակ պնդում է, թե սա Սերժի կամ Րաֆֆիի հաղթանակը չէ, սա ժողովրդի հաղթանակն է։ Դե, եթե սա ժողովրդի հաղթանակն է, ապա ԲՀԿ–ն հայտարարել է, որ ինքը ժողովրդի կողքին է, ո՞րն է խնդիրը։

Երբ որ Րաֆֆի Հովհաննիսյանը վերացական ձևակերպումներից կանցնի կոնկրետության, երբ որ նա կդադարի Սերժի PR–ով զբացվել ու գովել փեսայական մեդիային, այդ ժամանակ էլ ԲՀԿ–ից ու մյուս քաղաքական ուժերից կարելի է է՛լ ավելի հստակություն և կողմնորոշում պահանջել։ Մնացածը ցածրակարգ պոպուլիզմ է և պղտոր ջրում ձուկ որսալու քաղաքականություն։

Պետք է նախ Րաֆֆիին ստիպել ճանաչել ընտրության արդյունքներն առանց «ալաֆռանգի» ձևակերպումների և լղոզվածության, այլապես շարիկովյան ոճի «աբռվալգ» արտահայտություններով իրականացվող «ծիրանագույն» հեղափոխությունից միայն փորլուծությունը կմնա։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Րաֆֆին շարունակ հայտարարում է, թե ինքը չի հաղթել, այլ ժողովուրդը։ Միգուցե սա հայ քաղքենու և ֆեյսբուքային մտավորականության ականջի համար  շատ հաճելի է հնչում, բայց կապ չունի քաղաքականության հետ։ «ժողովուրդն է հաղթել» ձևակերպումից սեփական պատասխանատվությունը ցրելու և պոպուլիզմի հոտ է գալիս։ Հետաքրքիր է, իսկ եթե հանկարծ Սերժին հաջողվի աթոռին մնալ, ապա Րաֆֆին հայտարարելու է, թե ժողովո՞ւրդը պարտվեց։

Հետաքրքիր է նաև իմանալ, թե Սերժին աթոռից գցելուց հետո ինչպե՞ս է ՀՀ երկու–երեք միլիոնանոց ժողովուրդը նստելու նախագահի աթոռին ու որոշումներ կայացնելու։ Հո՞ Րաֆֆին չի կարող ամեն առավոտ ժողովրդի հետ գնալ Բաղրամյան 26 և հրամանագրեր ու կարգադրություններ ստորագրել։

Ի դեպ, ՀՀԿ–ական Դավիթ Հարությունյանն էլ է հայտարարում, թե համաձայն է Րաֆֆիի հետ՝ ժողովուրդը հաղթեց։ Ստացվում է, որ բոլորը հաղթել են, բայց Սերժը մնացել է իր տեղում և սիրով ընդունում է իրավատեր «ժողովրդին»։

Այս խորագրի վերջին նյութերը